ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով:

2020 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Աբազյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Սանասարյանի մեղադրանքն ամբողջությամբ հիմնավոր է, բացի ցուցմունքներից այլ ապացույցներ կան. Արթուր Աղաջանյան |armtimes.com|

Սանասարյանի մեղադրանքն ամբողջությամբ հիմնավոր է, բացի ցուցմունքներից այլ ապացույցներ կան. Արթուր Աղաջանյան |armtimes.com|

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործը կշարունակի քննել ԱԱԾ-ն: ՀՀ գլխավոր դատախազությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ քրեական գործով քննչական ենթակայություն փոխելու հիմքեր առկա չեն եւ նախաքննությունը կիրականացվի ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից: «Միեւնույն ժամանակ նկատի ունենալով, որ նախաքննության մարմինը բավարարել է առանձին անձանց հարցաքննելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը, դատախազական պատշաճ հսկողությամբ կապահովվի բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ նախաքննությամբ ի պաշտպանություն մեղադրյալի բերված բոլոր փաստարկների պատշաճ ստուգումը»,- ասացին դատախազությունից: Սույն գործի վերաբերյալ երեկ մեր մի քանի հարցերին է պատասխանել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանը Պարոն Աղաջանյան, պաշտպանական կողմը պնդում է, որ գործը կարված է, ուղղորդված քննություն է գնում: Ի վերջո ԱԱԾ-ից իրականում ուղղորդում եղե՞լ է, թե՝ ոչ: Ես հակառակը կպնդեի՝ ավելի շատ փաստաբաններն են ուղղորդված տվյալ դեպքում, որովհետեւ նույն փաստաբանները, մասնավորապես տիկին Պետրոսյանը, մինչ այս գործը բազմաթիվ քրեական գործերով ներգրավված է եղել որպես պաշտպան եւ բազմաթիվ անգամ շեշտել է ԱԱԾ քննչական մարմնի անաչառությունը, օբյեկտիվությունը, թեկուզ եւ մարդկային մոտեցումը: Այնպիսի կարծիք էին հայտնում, որ կուզենային, որ իրենց պաշտպանյալների վերաբերյալ բոլոր քրեական գործերը քննվեին ԱԱԾ-ում: Տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ տիկին Պետրոսյանը պնդում է, թե ԱԱԾ-ում տվյալ քրեական գործը ուղղորդված է, կարված է ԱԱԾ-ի կողմից, շինծու է: Այդ բոլոր պնդումներում առկա է հանցակազմ, եթե առկա է հանցակազմ, եւ հիմնավորված պնդումներ են, ինչպես իրենք են դա մեկնաբանում, ապա ինչո՞ւ հանցագործության մասին հաղորդմամբ չեն դիմում գլխավոր դատախազին, որպեսզի ԱԱԾ քննչական մարմնի քննիչի նկատմամբ հարուցվի քրեական գործ: Այդ անվստահությունը, ըստ ձեզ, ինչո՞վ է պայմանավորված, ի վերջո, անգամ ֆեյսբուքյան հարթակում օգտատերերը ավելի շատ հավատում են հենց Սանասարյանին, քան՝ ԱԱԾ-ին: Անգամ նշում են, որ եթե մեղադրանքը չապացուցվի, ապա Արթուր Վանեցյանը պետք է հրաժարական ներկայացնի: Ես անվստահություն չեմ տեսնում, որովհետեւ պարոն Վանեցյանի եւ ԱԱԾ-ի հեղինակությունը այսօր հանրության մեջ բավականին բարձր է...: Մարդկանց իրավունքն է կարծիք արտահայտելու, մենք որեւէ ձեւով ոչ ուզում ենք մեկնաբանել ոչ էլ խոչընդոտ հանդիսանալ իրենց կարծիքը արտահայտելու: Առաջադրված մեղադրանքը ամբողջությամբ հիմնավոր է եւ գործ կարելու, սարքելու պնդումները ես համարում եմ ուղղակի անհեթեթություն: Պաշտպանական կողմը միջնորդություն է հարուցել, որպեսզի հարցաքննվեն իրենց կողմից մատնանշված այն վկաները, որոնք ցուցմունք կտան որոշակի հանգամանքների վերաբերյալ, նաեւ մեղադրանքի վերաբերյալ, հօգուտ իրենց կարող են հանգամանքներ պարզվել: Հիմա տիկին Պետրոսյանը շահարկում է այդ հանգամանքը, չնայած նախաքննական մարմինը բավարարել է միջնորդությունը, սակայն մինչեւ պարոն Սանասարյանին մեղադրանք առաջադրելը պետք է այդ հարցաքննությունները կատարվեին, նոր որոշեին՝ մեղադրանք առաջադրում են, թե՝ ոչ: Շահարկում էին, որ մենք դիտավորյալ չենք հարցաքննել այդ մարդկանց: Առաջինը՝ քննչական գործողությունների իրականացման տակտիկան եւ ժամանակը որոշում է նախաքննական մարմինը, տվյալ դեպքում ինչո՞ւ ենք մենք այդպես որոշել. առաջինը՝ մենք չէինք հասցնի կազմակերպել, ինքը ասում է՝ մեկ- երկու օր ունեին, բայց մենք ծանուցագրով մարդկանց հրավիրում ենք, իրենք ասում են՝ իրենց այսինչ օրը հարմար չի:   Ավելին՝ armtimes.com-ում։
07:30 - 30 ապրիլի, 2019
Ոստիկանը բռնվել է կաշառք ստանալու պահին․ ԱԱԾ

Ոստիկանը բռնվել է կաշառք ստանալու պահին․ ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում 2019թ. ապրիլի 25-ին հաղորդում է ստացվել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության օպերլիազորի կողմից 2017 թվականից պարբերաբար ՀՀ քաղաքացուց որպես կաշառք գումարներ շորթելու վերաբերյալ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված նախնական տվյալների համաձայն՝ Կոտայքի մարզի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Գ.Գ-ն, իմանալով, որ Կոտայքի բնակիչը նախկինում թմրանյութ է օգտագործել, սպառնացել է իր պաշտոնեական լիազորությունների շրջանակում միջոցներ ձեռնարկել՝ վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու համար հիմքեր ստեղծելու համար և պահանջել ու 2017 թվականի հունիսից մինչև 2019 թվականի ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար որպես կաշառք շորթմամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր առմամբ 4.265.800 դրամին համարժեք գումար: Ապրիլի 26-ին հերթական կաշառք-գումարը՝ 200 հազար դրամի չափով, փոխանցվել է ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, ինչից անմիջապես հետո օպերլիազորը բերման է ենթարկվել: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
11:50 - 29 ապրիլի, 2019
Արմեն Ավետիսյանը հարցաքննվել ու առերեսվել է վկաների հետ․ ԱԱԾ |24news.am|

Արմեն Ավետիսյանը հարցաքննվել ու առերեսվել է վկաների հետ․ ԱԱԾ |24news.am|

24news.am: ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը «Գոլդեն Փելես» հյուրանոցի գործով բազմիցս հարցաքննվել է: Այդ մասին հայտնեցին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։ Արմեն Ավետիսյանն առերեսվել է գործով անցնող վկաների հետ: «Բազմիցս հարցաքննվել է, էական հակասություններ են առաջացել, առերեսվել է վկաների հետ», - նշեցին կենտրոնից։Ըստ մամուլի կենտրոնի՝ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահը գործով դեռ վկայի կարգավիճակ ունի։ Ավելի վաղ Արմեն Ավետիսյանը պատրաստակամություն է հայտնել Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը նվիրել պետությանը: 2018-ի դեկտեմբերի 15-ին Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ ըստ օպերատիվ-հետախուզական միջոցառումների՝ «Գոլդեն Փելես» հյուրանոցը գրանցված է օֆշորային ընկերության վրա, որպեսզի թաքցնեն իրական սեփականատիրոջը: Արմեն Ավետիսյանն, անձամբ վերահսկելով շինարարական աշխատանքների ընթացքը, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, առանձին դեպքերում նաև նպաստել է հյուրանոցի կառուցման ընթացքում ծագած տարաբնույթ խնդիրների լուծմանը: ԱԱԾ-ն հատկանշական է համարել այն հանգամանքը, որ օտարերկրյա ներդրումներով հյուրանոցը կառուցված լինելու փաստարկն ավելի համոզիչ դարձնելու համար 2005 թվականին հյուրանոցի բացման արարողության ժամանակ հանրությանը, որպես օտարերկրյա ներդրող ներկայացվել է իրականում այդ ընկերության գործունեության հետ որևէ կապ չունեցող Լիբանանի քաղաքացու, որը որոշ ժամանակ նույն հյուրանոցում աշխատել է ընդամենը որպես տնօրեն: Այնուհետև, ընդլայնելով հյուրանոցային բիզնեսը՝ նույն կազմակերպության անունից 2010-2012 թթ. Ծաղկաձորում կառուցվել է «Գոլդեն Փելիս» հյուրանոցը: 2012 թվականին վերը նշված երկու հյուրանոցների սեփականատեր դարձել է Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ն, որի 100 տոկոս բաժնետեր հանդիսացել է Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը: Հետագայում, ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության, 2018 թվականին, Արմեն Ավետիսյանի և նրա որդու կողմից Երեւանի Հյուսիսային պողոտայում հիմնադրվել է երրորդ «Գոլդեն փելիս բուտիկ» հյուրանոցը: Ըստ ԱԱԾ-ի՝ օրենքի խախտումներով կառուցված երեք «Գոլդեն Փելես» հյուրանոցները միասին 2016-ին գնահատվել են մոտ 90 մլն դոլար։
11:25 - 29 ապրիլի, 2019
Մեղադրանք է առաջադրվել ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին․ ԱԱԾ

Մեղադրանք է առաջադրվել ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին․ ԱԱԾ

ԱԱԾ կայքում հաղորդագրություն է հրապարակվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ։ Հաղորդագրության մեջ ասված է․ «Հաշվի առնելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից թույլ տրված ենթադրյալ չարաշահումների փաստի առթիվ հարուցված քրեական գործի նկատմամբ առկա հանրային հետաքրքրությունը` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, որն ուղարկվել է ՀՀ վարչապետին:Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու նպատակով»։
15:38 - 18 ապրիլի, 2019
ԱԱԾ-ն ազատ է արձակել ՊՎԾ-ի ձերբակալված պաշտոնյային |24news.am|

ԱԱԾ-ն ազատ է արձակել ՊՎԾ-ի ձերբակալված պաշտոնյային |24news.am|

24news.am: Պետական վերահսկողական ծառայության ձերբակալված պաշտոնյաներից մեկը՝ Գևորգ Խաչատրյանը, ազատ է արձակվել։ Տեղեկությունը հաստատեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը։ «Դատավարական հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ՝ Գևորգ Խաչատրյանի նկատմամբ կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ»,- ասաց ԱԱԾ լրատվական ծառայության ղեկավարը: Հարցին, թե ինչ հիմքով է Խաչատրյանի՝ խափանման միջոց կալանավորումը փոխարինվել չհեռանալու մասին ստորագրությամբ, Գալստյանը նշեց, որ այլ մանրամասներ չի կարող հայտնել։ Գևորգ Խաչատրյանը Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացի վերահսկողական վարչության գլխավոր մասնագետն է: Նրա գործառույթը ՊՎԾ-ում մրցույթների օրինականության նկատմամբ հսկողություն սահմանելն է։ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
13:16 - 04 ապրիլի, 2019
Բուժհաստատության տնօրենը անձամբ է կաշառք տվել առողջապահության փոխնախարարին. ԱԱԾ-ն հաստատում է

Բուժհաստատության տնօրենը անձամբ է կաշառք տվել առողջապահության փոխնախարարին. ԱԱԾ-ն հաստատում է

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հաստատում է Առողջապահության նախարարի տեղակալի ձերբակալության մասին տեղեկությունները: Քիչ առաջ տարածած հաղորդագրության մեջ ԱԱԾ-ն նշել է հետեւյալը. «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, օրենքով վերապահված հանցավորության դեմ պայքարի և կոռուպցիայի հակազդմանն ուղղված գործառույթների իրականացման արդյունքում, տվյալներ են ստացվել ՀՀ առողջապահության նախարարության ղեկավար աշխատողին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու վերաբերյալ: Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ բժշկական հաստատության տնօրենը նպատակ է ունեցել ապահովել առողջապահության նախարարության կողմից բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող փոխնախարարի հովանավորչությունը և նրա հետ ձևավորել իր համար բարենպաստ աշխատանքային պայմաններ: Վերաբաշխման արդյունքում պետպատվերի շրջանակներում տարբեր ծրագրերով հատկացվելիք գումարներով կազմակերպության ֆինանսավորման պակասը լրացնելու համար 2019 թվականի մարտի 30-ին առողջապահության նախարարի տեղակալին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք անձամբ տվել է առանձնապես խոշոր չափերով գումար, որի փոխանցումն իրականացվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը բերման ենթարկված փոխնախարարը ձերբակալվել է՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, իսկ կաշառք տալու մեջ կասկածվող անձի նկատմամբ, հաշվի առնելով վերջինիս տարիքը և առողջական վիճակը, որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ հիշյալ բնագավառում հնարավոր կոռուպցիոն այլ դրսևորումները և դրանց առնչակից բոլոր անձանց բացահայտելու ուղղությամբ»: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին երեք հազար դոլար կաշառք է տվել «Հանրապետական» ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը:
08:22 - 01 ապրիլի, 2019