Սահման

Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհը գործում է անխափան և անվտանգ է բնականոն երթևեկության կազմակերպման համար. ԱԱԾ

Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհը գործում է անխափան և անվտանգ է բնականոն երթևեկության կազմակերպման համար. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհը գործում է անխափան և անվտանգ է բնականոն երթևեկության կազմակերպման համար: Միաժամանակ տեղեկացվում է, որ Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրի հատվածում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ստորաբաժանումների կողմից իրականացվում են սահմանի պահպանության համապատասխան միջոցառումներ, միջադեպեր չեն գրանցվել, իրավիճակը լիովին վերահսկելի է, և ազգաբնակչության կողմից անհանգստանալու առիթներ չկան: Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է այս ուղղությամբ ևս բացառապես հետևել պաշտոնական լրահոսին և իրազեկում, որ անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
18:31 - 30 դեկտեմբերի, 2020
Սահմանագծման և սահմանազատման գործընթացների հետ կապված ՀՀ ԱԳՆ-ն տրամարդել է կարևոր նշանակության պաշտոնական դիրքորոշում. ՀՀ ՄԻՊ

Սահմանագծման և սահմանազատման գործընթացների հետ կապված ՀՀ ԱԳՆ-ն տրամարդել է կարևոր նշանակության պաշտոնական դիրքորոշում. ՀՀ ՄԻՊ

Հայաստանի Սյունիքի մարզ կատարած այցի արդյունքներով պաշտոնական հարցում էի ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն` կապված սահմանագծման և սահմանազատման գործընթացների հետ` հաշվի առնելով ստեղծված իրավիճակում մարդու իրավունքների վրա այդ գործընթացների ուղիղ ազդեցությունը: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:   «ՀՀ ԱԳՆ-ն տրամարդել է կարևոր նշանակության պաշտոնական դիրքորոշում: Ստորև այն հրապարակում եմ ամբողջությամբ. «Պետական սահմանների սահմանագծումը (դելիմիտացիան) և սահմանազատումը (դեմարկացիան) հաջորդաբար իրականացվող երկկողմ միջազգային գործընթացներ են, որոնք պահանջում են համատեղ հանձնաժողովի առկայություն և դրա շրջանակներում մասնագիտական քննարկումների և բանակցությունների անցկացում։ Վերոնշյալ գործընթացների առաջնային պայման է սահմանակից պետությունների միջև երկկողմ բնականոն, այդ թվում` դիվանագիտական հարաբերությունների առկայությունը:  Միջազգային պրակտիկայում՝ սահմանակից երկրների միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացներն իրականացնելու նպատակով ձևավորվում է համապատասխան երկկողմ միջկառավարական հանձնաժողով (երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչների գլխավորությամբ)՝ բաղկացած պետական շահագրգիռ մարմինների (արտաքին քաղաքական, պաշտպանության և անվտանգության ոլորտներից) ներկայացուցիչներից և փորձագետներից (մասնավորապես՝ գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտից)։  Նման հանձնաժողովների աշխատանքների առաջին փուլը, որպես կանոն, ավարտվում է առանձին երկկողմ համաձայնությամբ՝ սահմանագծման իրավական հիմքերի շուրջ, հետագայում՝ սահմանագծման ավարտից հետո, նաև սահմանազատման գործընթացի համատեղ իրականացման շուրջ։  Հանձնաժողովի կողմից երկկողմ գործընթացի բարեհաջող ավարտից հետո կնքվում է երկու պետությունների միջև սահմանի մասին համաձայնագիր, որով արձանագրվում է սահմանային հարցերում բոլոր խնդիրների լուծված լինելու հանգամանքը։  Նախքան վերոնշյալ գործընթացների մեկնարկը և դրանց բարեհաջող ավարտը՝ պետական սահմանի երկայնքով մարտական հերթապահություն իրականացնելու նպատակով զինված ուժերի կամ սահմանապահ զորքերի տեղակայումը բացառապես պաշտպանական և անվտանգային բնույթի միջոցառում է՝ կողմերի փաստացի վերահսկողության տակ գտնվող բնագծերում, որն անմիջականորեն կամ միջնորդավորված բանակցվում է զինված ուժերի ներկայացուցիչների միջև:  Ուստի, ներկայումս ընթացող միջոցառումների իրականացումը չի առնչվում կարգավիճակային հարցերին, չի կարող մեկնաբանվել որպես սահմանագծման և սահմանազատման շուրջ վերջնական համաձայնություն կամ գոյություն ունեցած վարչական սահմանների մեխանիկական հաստատում»:  Ինչպես նշված, այնպես էլ տարբեր այլ հարցերով ՀՀ ԱԳՆ-ի հետ, հատկապես միջազգային կառույցներում մեր երկրի մշտական ներկայացուցիչների, մի շարք պետություններում մեր դեսպանների հետ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն ունի հաստատված արդյունավետ համագործակցություն ու վստահելի գործընկերային աշխատանք»,- գրել է Թաթոյանը:
09:29 - 30 դեկտեմբերի, 2020
Մարուքյանն «Իմ քայլը» խմբակցության Սյունիքից ընտրված պատգամավորին հորդորեց վայր դնել մանդատը

 |armenpress.am|

Մարուքյանն «Իմ քայլը» խմբակցության Սյունիքից ընտրված պատգամավորին հորդորեց վայր դնել մանդատը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Իմ քայլը» խմբակցության Սյունիքից ընտրված պատգամավոր Արմեն Խաչատրյանին հորդորեց վայր դնել մանդատը: Այս մասին Մարուքյանն ասաց խորհրդարանի նիստի ընթացքում իր ելույթում` նշելով, որ իշխանության ներկայացուցիչներն այժմ չեն կարողանում անարգել մտնել Սյունիք` մի խումբ սյունեցիների բողոքի ակցիաների պատճառով: «Պարոն Խաչատրյան, դուք, որպես Սյունիքից ընտրված պատգամավոր, լավ կանեք` ձեր մանդատը վայր դնեք, ձեր նախորդ գործընկերոջ պես, դրանով ցույց տալով ձեր բողոքը»,- ասաց Մարուքյանը` ակնարկելով «Իմ քայլը» խմբակցության Սյունիքից ընտրված պատգամավոր Տիգրան Կարապետյանին, ով հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Ի պատասխան Մարուքյանի ելույթի, Արմեն Խաչատրյանը նշեց, որ օրեր առաջ է վերադարձել Սյունիքի մարզ կատարած այցից և դուրս եկավ նիստերի դահլիճից, իսկ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի ընթացքում Սիսիանում այցը դադարեցրել էր՝ հայտարարելով, որ չի պատրաստվում գնալ ճանապարհը փակած քաղաքացիների հետ բախումների:
12:31 - 28 դեկտեմբերի, 2020
Կարմիր գիծը մեր տարածքային ամբողջականությունն է․ Նիկոլ Փաշինյան

Կարմիր գիծը մեր տարածքային ամբողջականությունն է․ Նիկոլ Փաշինյան

Մի կողմից ասում են՝ չկան սահմաններ, մյուս կողմից ասում են՝ ադրբեջանցիները ազատ ելումուտ են անում ՀՀ սահմաններ։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ։ «Մեզ ուղղված շատ մեղադրանքներ իրար բացառող են։ Մի դեպքում մեզ քննադատում են նրա համար, որ միջոցներ չենք ձեռնարկել պատերազմը կանխելու համար, մյուս կողմից մեզ մեղադրում են, որ միջոցներ ենք ձեռնարկում նոր պատերազմը կանխելու համար։ Ի վերջո, ՀՀ-ն անկախություն է ստացել որոշակի տարածքում, եթե հարցեր կան այդ մասին, ես վկայակոչել եմ 2010-ին ընդունված «ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը»,- ասաց նա, նաև հակադարձեց ընդդիմության այն պնդմանը, թե դա պետական սահմանին չի վերաբերում՝ ասելով, թե Ադրբեջանի Հանրապետության սահմանները ինչ կապ ունեն ՀՀ ներքին վարչատարածքային բաժանման հետ։ Վարչապետի խոսքով՝ եթե ՀՀ-ից ներս գոյություն ունի Ադրբեջանի Հանրապետության տարածք, էլ ոնց են ասում, որ Ադրբեջանի ներկայացուցիչները մտել են ՀՀ տարածք։ Նա հարց ուղղեց, թե այսինքն ՀՀ ներսում կա Ադրբեջա՞ն։ «Այսօր տեղի է ունեցել այն, ինչ գրվել է 2010-ին ընդունված օրենքում։ Դա տեղի է ունենում նոր պատերազմից խուսափելու համար։ Երբ Սերժ Սարգսյանն ասում էր՝ ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնել թողնել 7 շրջանները, դրանց մեջ Զանգիլանն ու Ղուբաթլին էլ էին մտնում, և նկատի է առնվում նույն բանը։ Միջոցները, որ ձեռնարկվել են, ձեռնարկվել են Սյունիքի անվտանգության ապահովման համար։ Քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի և Զանգելանի 90 և ավելի տոկոսը եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, եղել է բանավոր ըմբռնում այդ համատեքստում, որ այդտեղ պետք է սահմանային որոշակի կետերի ճշգրտում իրականացնել։ Այն ժամանակ, որ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է տեղի ունենալ պատերազմ, որ կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել Սյունիքի անվտանգությունը ապահովելու համար։ Ձեռնարկված միջոցի էությունն այն է, որ վերահսկողության տակ գտնվող գոտին համընկնի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում գտնվող տարածքների հետ, որ կոնկրետ ՌԴ անվտանգային պարտավորությունները Հայաստանի հանդեպ գործարկելու համար որևէ խոչընդոտ չլինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ Սյունիքի մարզը, որը գոյություն է ունեցել Խորհրդային Հայաստանում, ամբողջությամբ այսօր էլ գոյություն ունի։ «Արված գործողությունների արդյունքում կանխվել է պատերազմը Սյունիքում ոչ միայն այսօր, այլև ընդհանրապես, որովհետև մենք տեղաբաշխված ենք այնպես, որ Սյունիքի նկատմամբ ոտնձգության դեպքում կխառնվի նաև ՌԴ-ն։ Սա չի նշանակում, որ չի կարող լինել բանավեճ մի կամ երկու կամ տասը տան վերաբերյալ։ Մոտ 20 հողամասի վերաբերյալ կա բանավեճ։ Ճանապարհների հետ կապված՝ կա բանավեճ։ Մենք ասել ենք՝ եկեք երաշխավորենք, որ այդ ճանապարհը աշխատի, հետո կհասկանանք։ Ամենատարբեր տարբերակներ կան բանավեճերը լուծելու, բայց որ ՀՀ տարածքը եղել է և շարունակում է լինել անձեռնմխելի, երկու կարծիք լինել չի կարող»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը դարձյալ անդրադարձավ այն հարցին, թե ինչու չի կանգնեցվել պատերազմը՝ ընդգծելով, որ պատերազմը կանխելու մեկ ճանապարհ կար՝ 7 տարածքների վերադարձը։  Վարչապետը վերահաստատեց, որ եռակողմ հայտարարության մեջ Սյունիք, միջանցք, Մեղրի բառեր չկան, և կա տրանսպորտային ուղիների դեբլոկացիայի պնդում։ Հարցին, թե այստեղ որն է ՀՀ կարմիր գիծը, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Կարմիր գիծը մեր տարածքային ամբողջականությունն է»։ «Երեկ, օրինակ, Վերին Լարսը փակ էր բոլոր տեսակի բեռնատարների համար։ Եթե պարզվի, որ կարող ենք երկաթուղային հաղորդակցություն ունենալ ՌԴ-ի, Իրանի հետ Նախիջևանով, դա մեզ համար լավ նորություն կլինի, թե՞ վատ։ Մենք ոնց ենք պատկերացնում, մենք Նախիջևանի և Ադրբեջանի տարածքով պիտի գնանք ՌԴ, բայց Ադրբեջանը մեր տարածքով չպիտի՞ գնա Նախիջևան»,- ասաց վարչապետը։
23:04 - 27 դեկտեմբերի, 2020
Հրատապ ռեժիմով ստեղծել դիտորդական-աշխատանքային խումբ եւ գործուղել Սյունիք. Արմեն Խաչատրյանը առաջարկ է ներկայացրել Կառավարությանը

Հրատապ ռեժիմով ստեղծել դիտորդական-աշխատանքային խումբ եւ գործուղել Սյունիք. Արմեն Խաչատրյանը առաջարկ է ներկայացրել Կառավարությանը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը կառավարությանը առաջարկում է հրատապ ռեժիմով ստեղծել դիտորդական-աշխատանքային խումբ և հինգօրյա ժամկետով գործուղել Սյունիքի մարզ սահմանազատման գործընթացները դիտարկելու և հասարակական վերահսկողություն իրականացնելու համար։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:«ԻՄ ԱՌԱՋԱՐԿԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ․Հաշվի առնելով Սյունիքի մարզում իրականցվող սահմանազատման գործընթացների ընթացքում ՀՀ ազգային անվտանգության շահերի արդյունավետ պաշտպանության կարևորությունը, այդ գործընթացների նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև ԶԼՄ-ում հասարակական-քաղաքական կազմակերպությունների, նրանց ներկայացուցիչների կողմից հնչեցվող տարաբնույթ, հակասական տեղեկությունները , ինչը առաջացրել է բնակչության շրջանում անորոշության, տագնապի և անվտանգության երաշխիքների բացակայության զգացողություն, ինչպես նաև հիմնվելով Սյունիքի մարզում իմ կողմից իրականացված դիտարկումների արդյունքներին՝ ՀՀ կառավարությանն առաջարկում եմ.1. Հրատապ ռեժիմով ստեղծել դիտորդական֊աշխատանքային խումբ (այսուհետ՝ Աշխատանքային խումբ) և հինգօրյա ժամկետով գործուղել Սյունիքի մարզ սահմանազատման գործընթացները դիտարկելու և հասարակական վերահսկողություն իրականացնելու համար։2. Աշխատանքային խմբի մեջ ներգրավել խորհրդարանական ուժերի մեկական կամ երկուական ներկայացուցիչ, արտախորհրդարանական հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչ, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, ԱԱԾ տարածքային ստորաբաժանման պետ, դիտարկվող համայքնի ղեկավար, Տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ, Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, անհրաժեշտության դեպքում նաև փորձագետ֊մասնագետ։3.Ապահովել աշխատանքային խմբի տեղաշարժման և բոլոր համայնքներում աշխատանքներ իրականցնելու համար անհրաժեշտ պայմանները (տրանսպորտ, աշխատանքային֊խորհրդակցական սենյակներ, բնակիչների հետ հանդպումների հնարավորություն և այլն)։4.Աշխատանքային խումբը աշխատանքները ավարտելուց հետո հինգօրյա ժամկետում ներկայացնում է գրավոր եզրակացություն»,- գրել է նա։
16:03 - 27 դեկտեմբերի, 2020
Կապան-Ագարակ գյուղ տանող ճանապարհն ամբողջովին անցել է թշնամու վերահսկողության ներքո. Կապանի համայնքապետ |tert.am|

Կապան-Ագարակ գյուղ տանող ճանապարհն ամբողջովին անցել է թշնամու վերահսկողության ներքո. Կապանի համայնքապետ |tert.am|

tert.am: Սյունիքի մարզի Կապան-Ագարակ գյուղ ճանապարհն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, ինչի պատճառով ՀՀ քաղաքացիները դադարել են օգտվել այդ ավտոճանապարհից: Այս մասին Ազգային ժողովում կազմակերպված աշխատանքային քննարկման ընթացքում ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը: «Այժմ թշնամին Սյունիքի բնակելի հատվածից գտնվում է 100 մետր հեռավորության վրա, Կապանի բնակելի հատվածից՝ 1 կմ հեռավորության վրա, և այդ բնագծերը զիջելով՝ լուրջ խնդիր է առաջացել։ Շատ կարևոր բարձունքներ են, թշնամու կողմից զբաղեցնելու դեպքում Կապանը և այլ բնակավայրեր դառնում են թշնամու համար լուրջ թիրախ»,-նշեց համայնքապետը։ Նա ընդգծեց, որ առկա է լուրջ խնդիր ճանապարհների անվտանգության հետ կապված։ Շարունակությունը՝ tert.am-ում։
16:11 - 25 դեկտեմբերի, 2020
Կապանի համայնքապետն առաջարկում է զենք կրելու թույլտվություն տալ Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչներին

Կապանի համայնքապետն առաջարկում է զենք կրելու թույլտվություն տալ Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչներին

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն առաջարկում է որսորդական զենք կրելու թույլտվություն տալ Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին: Այս մասին Փարսյանն ասաց դեկտեմբերի 25-ին Ազգային ժողովում կազմակերպված աշխատանքային քննարկման ընթացքում: «Կարող եք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ մեր գյուղերի տղամարդկանց զինելու հետ կապված, դրանով լրացուցիչ վստահություն ձեռք կբերեն մեր քաղաքացիները: Մտածենք, թե ինչպես անենք, որ զինենք մեր սահմանամերձ համայնքների գյուղացիներին, որ յուրաքանչյուր տղամարդ իր տանն ունենա զենք»,- ասաց Փարսյանը` նշելով, որ սա անհրաժեշտ անվտանգային միջոցառում է այն բանից հետո, երբ Սյունիքի մի շարք գյուղեր դարձել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների հետ սահմանակից:  
15:00 - 25 դեկտեմբերի, 2020
Դատարանը քննում է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը |hetq.am|

Դատարանը քննում է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը |hetq.am|

hetq.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, քննում է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Փարամազյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդ առևանգելու մեջ: Ըստ տարածված հաղորդագրության՝ Քաջարանի բնակչի և ընկերոջ միջև տեղի ունեցած վեճի հանգամանքները պարզաբանելու համար Փարամազյանի կանչով, Քաջարանում վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են Փարամազյանն ու շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։ Դրա ընթացքում Քաջարանի 30-ամյա բնակիչը բռունցքով պատասխան հարված է հասցրել համայնքի ղեկավարի հորը։ Ինչպես նշված է հաղորդագրությունում, հավաքված բազմության ներկայությամբ հորը հարվածելու համար 30-ամյա տղամարդուն ցուցադրաբար պատժելու և իր հեղինակությունը վերահաստատելու նպատակով Քաջարան համայնքի ղեկավարը, նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, 2020թ. ապրիլի 29-ին Քաջարանի Լեռնագործներ փողոցի 18-րդ հասցեում գործող ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով՝ ոլորելով 30-ամյա տղամարդու ձեռքերը և բռնելով ոտքերից, նրա կամքին հակառակ մտցրել են նույն համայնքի մեկ այլ բնակչի կողմից վարած ավտոմեքենան, բացահայտ առևանգել են նրան ու դուրս հանելով բնական միկրոսոցիալական միջավայրից՝ տեղափոխել «Աժդանակ» ՍՊ ընկերության տարածք, որտեղ համայնքի ղեկավարը հրացանով կրակել է 30-ամյա տղամարդու ոտքերին, ծեծել նրան: Այնուհետև «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վերջինիս տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան։ Վերը նշված քրեական գործը դեռևս ամիսներ առաջ մեծ հնչեղություն էր ստացել։ Շարունակությունը՝ hetq.am-ում
18:41 - 24 դեկտեմբերի, 2020
Դատարանը մերժել է կալանավորել Գորիսի քաղաքապետին |azatutyun.am|

Դատարանը մերժել է կալանավորել Գորիսի քաղաքապետին |azatutyun.am|

azatutyun.am: Դատարանը մերժել է կալանավորել Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանին: Նրա փաստաբան Արմեն Մելքոնյանն  ասաց,  որ դատավոր Պապոյանը մերժել է միջնորդությունը՝ նշելով, որ բացակայում են կալանավորման հիմքերը: Ըստ փաստաբանի, այժմ Գորիսի քաղաքապետին կրկին կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի 21-ի վաղ առավոտյան ոստիկանները բերման էին ենթարկել Առուշանյանին: Մեկ ժամ հետո նրան ձերբակալել էին և տեղափոխել Երևան` Քննչական կոմիտե: Հետագայում պարզ դարձավ, որ նա կասկածվում է ապօրինի հավաք կազմակերպելու մեջ․ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 21-ին աշխատանքային օրը կանցկացնի Սյունիքում, քաղաքապետը ֆեյսբուքյան իր էջում կեսգիշերին գորիսեցիներին կոչ արեց հավաքվել քաղաքի կենտրոնում և թույլ չտալ Փաշինյանի այցը քաղաք: Ըստ փաստաբանի` հենց այս կոչն էր առիթ հանդիսացել, որ քրեական գործ հարուցվի, և նրան ձերբակալեն:
12:15 - 24 դեկտեմբերի, 2020
Ռուս խաղաղապահները հավաստիացրել են, որ գյուղն ամբողջությամբ մեր հսկողության տակ է մնալու․ Շուռնուխի գյուղապետ |news.am|

Ռուս խաղաղապահները հավաստիացրել են, որ գյուղն ամբողջությամբ մեր հսկողության տակ է մնալու․ Շուռնուխի գյուղապետ |news.am|

news.am: Շուռնուխ գյուղի  մոտ կտեղակայվեն ՀՀ սահմանապահ ուժեր, իսկ սահմանի մոտով անցնող մայրուղին կհսկեն ռուս սահմանապահները: Այս մասին ասաց Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի համայնքապետ Հակոբ Արշակյանը: «Չեմ կարծում, որ մեր սահմանապահը, կամ ռուսը մեզ կխաբի, բայց եթե հանկարծ փորձեն ճանապարհը վերցնել  որպես սահման, մենք ունենք այստեղ բավական քանակությամբ ուժ, տղաներ, կսպասենք մինչեւ Գորիսից կմիանան, Երեւանից էլ կմիանան, էս տարածքը չպիտի զիջվի, բայց ամեն դեպքում ես չեմ կասկածում, որ պիտի եւս մեկ անգամ խաբված զգանք կառավարության կամ ռուսի կողմից, գյուղն ամբողջությամբ մերը պետք է լինի, արդեն նամուսի հարց է: Սպասում ենք ադրբեջանցիներին` սահմանները վերջնական որոշելու համար, ալիեւյան GPS-ով են սահմանազատելու»,- ասաց նա` հավելելով, որ ռուս խաղաղապահները հավաստիացրել են, որ գյուղն ամբողջությամբ մեր հսկողության տակ է մնալու: Նա նշեց, որ գյուղից  ուղիղ 4 կմ հեռավորության վրա է գտնվում դիրքերը: Գյուղապետի խոսքով` ամենակարեւորը գյուղի մոտ անվտանգության գոտու ստեղծումն է, որպեսզի գյուղացիները անվտանգ լինեն:
20:27 - 20 դեկտեմբերի, 2020
Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից իրականացվում են սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ. ԱԱԾ

Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից իրականացվում են սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից, ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, իրականացվում են սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ: Հիշյալ գործընթացն ավարտվելու է առաջիկա օրերին, և տվյալ ճանապարհահատվածում լիարժեքորեն ապահովվելու է բնականոն ու անվտանգ երթևեկության կազմակերպումը: Համապատասխան աշխատանքների ընթացքում անցանկալի միջադեպերից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք ցուցաբերել անհրաժեշտ զգոնություն, իսկ հնարավոր խնդիրների ու հարցերի դեպքում կապ հաստատել ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի թեժ գծի՝ 015 361893 հեռախոսահամարով:
16:13 - 20 դեկտեմբերի, 2020
Խնդրում եմ չանցնել ՀՀ Զինված ուժերի կողմից պահպանվող Սյունիքի մարզի տարածքից դուրս. Մելիքսեթ Պողոսյան

Խնդրում եմ չանցնել ՀՀ Զինված ուժերի կողմից պահպանվող Սյունիքի մարզի տարածքից դուրս. Մելիքսեթ Պողոսյան

Սյունիքի մարզպետարանը տարածել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի՛ սյունեցիներ,   Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դիմում եմ մեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին․ խնդրում եմ բոլորիդ չանցնել ՀՀ Զինված ուժերի կողմից պահպանվող Սյունիքի մարզի տարածքից դուրս՝ փայտ կտրելու, անասուններ արածեցնելու և այլ նպատակներով։   Հայտնում ենք, որ Գորիս-Կապան ճանապարհը հսկում են ՀՀ զինված ուժերը, հայ և ռուս սահմանապահներն ու աշխարհազորայինները։   Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված ճանապարհին՝ ցուցանակների վրա, տեղադրված են սահմանապահ զորքերի հրամանատարության հեռախոսահամարները, որոնցով կարող եք զանգահարել անհրաժեշտության դեպքում»:      
15:18 - 20 դեկտեմբերի, 2020