ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ Կանադայի օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Մեծարգո պարոն վարչապետ,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ։
Մեր երկու երկրների բարեկամական հարաբերությունները մշտապես հիմնված են եղել ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա։ Վերջին տարիներին դրանք առավել մեծ զարգացում են ապրել Հայաստանի՝ կայացող ժողովրդավարությանն աջակցելու՝ Կանադայի հանձնառության և ջանքերի արդյունքում։ Սերտացող կապերի լավագույն դրսևորումն է Կանադայի դեսպանության մոտալուտ բացումը Երևանում, որը վստահաբար նոր ազդակ կհանդիսանա տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության խորացման համար։
Արդյունավետ է ընթանում նաև Հայաստանի և Կանադայի համագործակցությունը բազմակողմ հարթակներում։ Կանադան, որպես միջազգային իրավունքի և իրավակարգի ամրապնդման ջատագով, իր ջանքերն է ներդնում նաև Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ։
Կրկին շնորհավորում եմ Ձեզ և Կանադայի բարեկամ ժողովրդին ազգային օրվա կապակցությամբ և այս տոնական առիթով մաղթում բարօրություն և շարունակական առաջընթաց»:
comment.count (0)