ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կենսաթոշակների, նպաստների իրավունքի իրացման հնարավորություն կընձեռվի |1lurer.am|
12:51 - 22 նոյեմբերի, 2023

ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կենսաթոշակների, նպաստների իրավունքի իրացման հնարավորություն կընձեռվի |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովում քննարկվել է Կառավարությունը ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հիշեցրեց` նախագիծը երեկ արդեն քննարկվել է, առանձին քննարկում եղել է նաև հանձնաժողովի նիստում:

Նախարարի խոսքով՝ նախագծի հրատապությունը պայմանավորված է նրանով, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, հընթացս տարբեր տեսակի սոցիալական աջակցությունների, մենք պետք է հնարավորություն ընձեռենք, որպեսզի կարողանան արագ ընթացակարգով իրացնել իրենց սոցիալական տարբեր երաշխիքներ՝ նպաստներ, թոշակներ, ստանալու իրավունքը

«Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել Կառավարությանը տալ որոշակի լիազորություններ՝ թոշակի հաշվարկման, նշանակման, բազաներին տիրապետելու առումով, և, այս նպատակին հետամուտ՝ նախագծով առաջարկում ենք բոլոր այն դեպքերում, երբ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն արդեն իսկ ունեցել են կենսաթոշակի, նպաստի իրավունք, առցանց հարթակի դիմումի հիման վրա շարունակեն ստանալ, իսկ նրանք, որ նոր պետք է իրավունք ստանան, կդիմեն Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, կվարվի համապատասխան աշխատանք, և կստանան իրենց թոշակները և նպաստները»,- հայտնեց Մկրտչյանը:

Ինչ վերաբերում է ԼՂ պաշտպանության, ոստիկանության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության ծառայության համակարգում ծառայած անձանց, քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի կատարողի՝ զինվորական կենսաթոշակի իրավունքին, նախագծով առաջարկվում է սահմանել, որ նշված անձինք օրենքով սահմանված պայմաններին բավարարելու դեպքում նույնպես կունենան զինվորական կենսաթոշակի իրավունք:

«ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զինպարգևավճարներ և պատվովճարներ նշանակելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ: Մենք երեկ նաև առաջարկել ենք «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ, կարգավորումը ներառվում է այս նախագծում և հնարավորություն կտա այդ պատվովճարները և պարգևավճարները ստանալ»,- նշեց նախարարը՝ տեղեկացնելով, որ Կառավարության որոշումների փոփոխություններով կպարզեցվեն և կհստակեցվեն նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստի և խնամքի նպաստի իրավունքի իրացման ընթացակարգերը:

Հարակից զեկուցող Զարուհի Բաթոյանը նշեց՝ նախագծի փաթեթի նպատակն է հնարավորություն ընձեռել Կառավարությանը լիազոր նորմ սահմանել, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կարողանան ապահովել կենսաթոշակների, նպաստների վճարումը՝ ՀՀ օրենքով սահմանված կարգով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել