tert.am: Խնդրահարույց հարցերը, որոնք այսպես թե այնպես առաջանում են ՀԱՊԿ-ում, ինչպես ցանկացած այլ կազմակերպությունում, պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե անհիմն դեմարշներ անելով։ Այս մասին լրագրողներին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։
«Չեմ թաքցնի մենք նաև քննարկել ենք իրավիճակը Կովկասում և Հավաքական անվտանգության խորհրդի անդամներից մեկի (նկատի ունի Հայաստանը) որոշակի դժգոհությունը: Մենք հանգեցինք նույն եզրակացության, որ խնդրահարույց հարցեր միշտ եղել են և կլինեն։ Եթե մենք մտադիր ենք դրանք լուծել, ապա դրանք պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ՝ առանց կոնկրետ պատճառներ չունեցող դեմարշների», - ասել է Լուկաշենկոն:
Նա հույս է հայտնել, որ Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական համաժողովին կտեսնի հայ գործընկերներին:
Նշենք, որ Մինսկում Անկախության պալատում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը:
«Բանակցությունները սկսվել են նույնիսկ նախատեսվածից էլ ավելի շուտ: Կանաչ սրահում այս դռների ետևում առաջնորդները խոսում են շուրջ 15 րոպե»,- ասվում է հրապարակման մեջ:
ՀԱՊԿ երկրների ղեկավարները, բացառությամբ Հայաստանի վարչապետի, ժամանել են Անկախության պալատ՝ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։
Հայտնի է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Մինսկում կազմակերպության գագաթնաժողովից հետո կայցելի Երևան և հայկական կողմին կհանձնի Բելառուսի մայրաքաղաքում ստորագրված փաստաթղթերը, որպեսզի Հայաստանին միանա դրանց, ասել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը։
comment.count (0)