civilnet.am: Կառավարությունը մտադիր է փոփոխություն կատարել առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու դեպքում եկամտահարկի վերադարձի ծրագրում՝ կիսով չափ նվազեցնելով եռամսյակային կտրվածքով վերադարձվող եկամտահարկի առավելագույն շեմը՝ 1,5 մլն դրամը։
Ըստ օրենսդրական փաթեթի՝ 2025-ից հունվարի 1-ից հետո եկամտային հարկը մեկ եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը։ Այս փոփոխությունը չի վերաբերելու այն քաղաքացիներին, որոնք արդեն իսկ կնքել են եկամտահարկի վերադարձով հիպոտեկային պայմանագիր։
Նախագիծը հունվարի 15-ին խորհրդարան էր բերել Ֆինանսների նախարարությունը։ Օրենքի փոփոխությունը ներկայացնող նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հայտնեց, որ 2023-ը ամփոփվել է շուրջ 52 մլրդ դրամ վերադարձով, իսկ 2024-ի դեպքում ակնկալվում է, որ այդ թիվը կլինի շուրջ 80 մլրդ դրամ։
Ըստ փոխնախարարի՝ նախագծով 2027-ի հունվարի 1-ից հետո եկամտահարկի վերադարձը չի գործի Երևանին սահմանակից մարզերի՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի, իսկ 2029-ից՝ մյուս մարզերի դեպքում, բացառությամբ կառավարության կողմից սահմանված սահմանամերձ համայնքների։
comment.count (0)