Մարտի 1-ի դեպքերով Քոչարյանի, Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
11:30 - 01 մարտի, 2024

Մարտի 1-ի դեպքերով Քոչարյանի, Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ

«Մարտի 1»-ի վարույթով անցնող Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանը դիմել է Սահմանադրական դատարան։ Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում ասել է գործով հսկող դատախազ Հայկ Հովհաննիսյանը։

Խնդիրը 1998-ին ընդունված, այժմ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգիրքն էր, որը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը։ Այժմ Վճռաբեկ դատարանը միջնորդել է որոշել այդ օրենսգրքի մի շարք հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։

«Հաշվի առնելով, որ առկա օրենսդրական բացը ստեղծում է տուժողի դատական պաշտպանության, արդար դատաքննության իրավունքի, այդ թվում՝ սոցիալական արդարության վերականգնման իրավունքի անհաղթահարելի խոչընդոտ»,- Վճռաբեկ դատարանի որոշումը մեջբերել է Հովհաննիսյանը։

Դատախազը «Լուրեր»-ի հետ զրույցում հայտնել է, որ այդպիսով ստացվում է՝ հնարավոր էր տեսականորեն մեղսագրել ամբաստանյալներին այլ արարք, որ նախատեսված է Քրեական օրենսգրքով, բայց քանի որ 1998թ․ հուլիսի 1-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգիրքը չէր նախատեսում առկա պայմաններում առաջադրված մեղադրանքը փոփոխելու հնարավորություն, այդքանով խախտվում է տուժողների իրավունքը։

Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց նրանց մեղսագրված, սահմանադրական կարգը տապալելու 300․1 հոդվածը, ինչից հետո այն ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր ՍԴ գրեթե նույն գանգատով, ինչ այժմ դիմում է Վճռաբեկը։ Բարձր դատարանը մերժել էր գանգատի վերաբերյալ գործի քննությունը, ինչից հետ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը Դատախազությունը բողոքարկել էր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել