Հույս ունեմ՝ ԱԱԾ հաղորդագրությունը դրսի լսարանին էր ուղղված, իսկ զինծառայողների նկատմամբ քրեական վարույթը կկարճվի․ Աբրահամյան
13:07 - 13 ապրիլի, 2024

Հույս ունեմ՝ ԱԱԾ հաղորդագրությունը դրսի լսարանին էր ուղղված, իսկ զինծառայողների նկատմամբ քրեական վարույթը կկարճվի․ Աբրահամյան

ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողների վարքագծի և Ներքին Խնձորեսկի հատվածում տեղի ունեցած միջադեպի մասին շատ խոսվեց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ես չգիտեմ, թե ինչ արտացոլված չէր պաշտոնական հաղորդագրությունում, սակայն եղած տեղեկությունները հուշում են, որ սահմանապահների նպատակը եղել է մոլորված հայ հովիվի անվտանգ վերադարձը, և նրանք այդ տեսանկյունից իրենց խնդիրը կատարել են:

Այո´, եթե այդ խնդիրը լուծելու համար նաև թշնամու ուղղությամբ կրակ բացելու անհրաժեշտություն է եղել, ապա դա պետք է հենց այդպես էլ արվեր:

Ես հասկանում եմ, որ մարտական կանոնագրքերի սահմանածն ու որոշ դեպքերում արտառոց իրադրությունը պահանջում է գործել ըստ իրադրային զարգացման, և այստեղ կանոնադրական խնդիրներ կարող են առաջանալ, սակայն ԱԱԾ զինծառայողներն այս պարագայում, կարծում եմ, եղած ընտրության հարցում ճիշտ որոշում են կայացրել:

Ինձ, միգուցե, մեղադրեն անհիմն լավատեսության մեջ, բայց ես հույս ունեմ, որ ԱԱԾ հաղորդագրությունը դրսի լսարանի համար ուղղված ուղերձ էր, իսկ զինծառայողների նկատմամբ քրեական վարույթը հետագայում կկարճվի, այլ ելքը կհամարեմ ահմանապահ զորքերի և բանակի բարոյալքմանն ուղղված գործողություն:

Եվս մեկ հանգամանք. Ադրբեջանը, երբ քաղաքական որոշում է ունենում իրադրությունն առաջնագծում լարելու, դրա համար միշտ առիթ և պատճառ գտնում է, և դա նաև ցույց տվեց որոշ ժամանակ առաջ Ներքին Հանդում տեղի ունեցած ողբերգությունը: Այնպես որ, պետք չէ մեր զինծառայողներին թիրախավորել՝ համարելով, որ լարվածության աճ է կանխվում:

Հ․Գ. Իշխանությունն իր ողջ էությամբ մշտապես գործել և գործում է հակաբանակային տրամաբանության մեջ և, այս տեսանկյունից, վերոնշյալ միջադեպի վերաբերյալ հանրային դժգոհությունն ամբողջությամբ օբյեկտիվ և առողջ դատողությունների դաշտում է»,- ասվում է ընդդիմադիր պատգամավորի գրառման մեջ։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ-ից հայտնել էին, որ ՀՀ ԱԱԾ ՍԶ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, սահմանապահ ծառայություն իրականացնող վերակարգի ավագ Յ.Ք-ն սահմանապահ ծառայողների և սահմանն անցած ու Հայաստան վերադարձած հովվի հետ փորձել են հատել ՀՀ պետական սահմանը և վերադարձնել մոլորված հոտը։

Ըստ ԱԱԾ-ի՝ համապատասխան միջոցներ են ձեռնարկվել ՀՀ ԱԱԾ ՍԶ զինծառայողների կողմից սահմանապահ գործառույթ իրականացնելիս սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խստագույնս պահպանելու և նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները բացահայտելու, մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել