Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծին և տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր
16:41 - 13 ապրիլի, 2024

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծին և տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծին և տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը։ 

«Խորհրդակցությանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ:

Թոբիաս Քեյլը ներկայացնելով գլխավոր հատակագիծը, նշել է, որ հիմնական քաղաքներից հեշտությամբ՝ 2 ժամում, կարելի է հասնել Ակադեմիական քաղաք, քանի որ վայրի առումով տեղանքը բավականին լավն է՝ մոտ է և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-Հարավ մայրուղուն: Մանրամասներ են ներկայացվել համալսարանների տեղակայման, կացարանների, ճանապարհային ցանցի, լանդշաֆտի վերաբերյալ: Նրա խոսքով, նախագծի մշակման ընթացքում հաշվի է առնվել Թամանյանական նախագիծը՝ դրանով փորձելով կապ հաստատել Երևանի պատմության հետ: «Անցած անգամ մենք խոսում էինք «Հայֆիլմ»-ի հետ ինտեգրման մասին: Մենք ունեցել ենք չորս հաջողակ խմբեր, որոնք շատ հետաքրքիր նախագծեր են ներկայացրել, թե ինչպես կարելի է «Հայֆիլմ» ստուդիայի տարածքը վերակենդանացնել: Հուսով եմ, որ կկարողանանք այս գաղափարները բերել Հայաստան»,- հավելել է GMP միջազգային ընկերության փոխտնօրենը: Թոբիաս Քեյլն ընդգծել է, որ նախագծի շրջանակում ուսումնասիրվում է նաև կայունության թեման, որովհետև Ակադեմիական քաղաքն ապագայի համար է և այն պետք է կենտրոնացած լինի այնպիսի թեմաների վրա, որոնք վերաբերում են ոչ միայն այսօրվան, այլ նաև վաղվան:

Վարչապետի խոսքով, քաղաքի կոնցեպտի հետ կապված մակրոհարցեր այլևս չկան և պետք է անդրադառնալ հայեցակարգային կետերին. «Տեսլականի առումով մենք գործնականում պրոցեսի ամեն քայլը, ամեն շարժը տեսել ենք: Հարցեր ունեցել ենք, վերապահումներ չենք ունեցել: Իհարկե, սա այն է, ինչ մենք ուզում ենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև տրանսպորտային և ճանապարհային ցանցի, տրանսպորտային այլընտրանքային միջոցների տեխնիկատնտեսական վերլուծության իրականացման ձևաչափի հարցը, անդրադարձ է կատարվել քաղաքաշինական զարգացման և գույքի կառավարման մոդելի մշակման ընթացակարգերի հետ կապված թեմային:

Տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման թեմայի հետ կապված՝ վարչապետն անդրադարձել է «Սասունցի Դավիթ» կայարանից երկաթուղով դեպի Ակադեմիական քաղաքի հատված կատարած շրջայցին: «Իմ տպավորությունը, անկեղծ ասեմ, այսօրվա գոնե առաջին հատվածից ես չէի սպասում, որ մենք հիմա կգնանք և կես ժամում կհասնենք այնտեղ»- նշել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ տրանսպորտային ենթակառուցվածքների ճշգրիտ մոդելավորման համար անհրաժեշտ է մոդելավորել այն միջին վիճակագրական մարդուն, ով մնալու է Ակադեմիական քաղաքում և ով ամեն օր գալու է և գնա:

Հանդիպմանը քննարկվել են նաև այն աշխատանքների շրջանակը, որոնք արդեն իսկ կարելի է մեկնարկել: Նշվել է, որ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատումից հետո, հաջորդիվ կմեկնարկեն երկաթուղու և մշակութային հատվածի նախագծման աշխատանքները:

Քննարկումների արդյունքում վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ նախագծի իրականացմանն առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել