Քաղաքապետարանն ու ոստիկանությունը առգրավեցին փողոցային առևտուր անող քաղաքացիների ապրանքը |news.am|
11:21 - 19 ապրիլի, 2024

Քաղաքապետարանն ու ոստիկանությունը առգրավեցին փողոցային առևտուր անող քաղաքացիների ապրանքը |news.am|

news.am: Երևանի քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցները առավոտից շրջում են Երևանի փողոցներով և առգրավում փողոցում առևտուր անողների ապրանքը, ինչպես նաև տուգանում նրանց:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հասարակական կարգի պահպանության ծառայություն պետ Արամ Գյուրզադյանը, որը համակարգում է այդ աշխատանքները, լրագրողների հետ զրույցում ասաց, որ օրենքն է այդպես պահանջում. «Ապրանքը հիմա բռնագրավվում է: Վարչական իրավախախտումների օրենսգիրքը նախատեսում է, որ փողոցային առևտուրն արգելված է: Ապրանքն առգրավում ենք, այն տարվում է հատուկ վայր:

Իրենց բազմաթիվ անգամ զգուշացվել է, որ չի թույլատրվում: Այս միջոցառումները շարունակական են լինելու: Համոզվա՛ծ եղեք, որ արդյունքը նկատելի կլինի: Կոնկրետ այս քաղաքացուն մոտ 100 անգամ զգուշացրած կլինեն: Փորձի համար եթե այսօր ժամը 4-ին գանք, էլի էստեղ դրած են լինելու իրենց ապրանքը։

Մենք իրենց առաջարկել ենք, հատուկ շուկաներ կան Երևանում, որ իրենց առևտուրը այդտեղ իրականացնեն, բայց իրենք նպատակահարմար են գտնում այստեղ անել առևտուր: Հնարավոր է՝ այստեղ առևտուրն ավելի լավ է լինում»,- ասաց նա:

Քաղաքացին, որի ապրանքը (լոլիկ) քիչ առաջ առջրավեցին, լրագրողներին ասաց. «Շուկայում առևտուր չկա, ես գնացել եմ, փորձել եմ: Չեմ կարողանում առևտուր անել: Հարցը վարձավճարը չի: Իսկ այստեղ շենքի բնակիչն ասում է՝ ավելի լավ է այստեղից առնեմ, թեկուզ 50 դրամ թանկ, քան տրանսպորտով գնամ հասնեմ շուկա: Մարդը մեկ կգ պամիդորի համար իմաստ ունի՞ գնա հասնի շուկա:

Անցած տարի երկու անգամ առգրավել են, չեն վերադարձրել, Հարկադիրում էլ անցած տարվանից 105 հազար տուգանք ունեմ, ո՞նց եմ մուծելու: Այսօր էլ կտուգանեն:

Ստիպում են, որ երկրից թողնեմ, գնամ: Երկու տղա եմ մեծացրել, ուղարկել բանակ, հիմա ինձ չեն թողնում ապրեմ իմ երկրում: Եթե վաղը պատերազմ լինի, երեխեքիս պետք է գան, տանեն: Դուք ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում: Սրանո՞վ եք փող աշխատում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել