ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:51 - 23 ապրիլի, 2024

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ավագ փորձագետ Հանա Թոբուրնն ապրիլի 23-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի ուղեկցությամբ:

Ինչպես  տեղեկանում ենք Ցեղասպանության թանգարանի տարածած հաղորդագրությունից, հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Էդիտա Գզոյանն անդրադարձել է նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրել Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

Նրանք ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Հյուրերն այնուհետև ծաղիկներ են դրել նաև անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել