Վաղաշենի դպրոցի ծնողներից «ճաշարանի գումար» է հավաքվել՝ անտեսելով մարզպետարանի արգելքը
18:46 - 25 ապրիլի, 2024

Վաղաշենի դպրոցի ծնողներից «ճաշարանի գումար» է հավաքվել՝ անտեսելով մարզպետարանի արգելքը

Գեղարքունիքի մարզի Վաղաշենի միջնակարգ դպրոցի տարրական դասարանցիների ծնողները դիմել են «Ինֆոքոմին»՝ նշելով, որ ամեն ամիս ծնողկոմիտեի միջոցով 500 դրամ են հավաքել՝ որպես «ճաշարանի գումար»։ Դպրոցի տնօրեն Լաուրա Սուվարյանը սկզբում հերքեց, հետո հաստատեց այդ փաստը՝ պնդելով, որ դրանում որևէ հակաօրինական բան չկա։ Մարզպետարանից, սակայն, հայտնում են, որ բոլոր դպրոցներին արգելել են ծնողներից գումար հավաքել։ 

Հայաստանի բոլոր մարզերում երեխաներին անվճար մեկանգամյա տաք սնունդ տրամադրվում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում։ Մեկ աշակերտի հաշվով տրամադրվող օրական սննդի գումարը 151 կամ 171 դրամ է՝ կախված սովորողների թվաքանակից և տաք սնունդ տրամադրելու հնարավորությունից։

Ծրագրի կառավարումը և իրականացումը 2023-ին ամբողջությամբ փոխանցվել է Հայաստանի կառավարությանը և ամբողջությամբ ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներով։  

«Ինֆոքոմի» հետ զրուցած տարրական երեք տարբեր դասարաններում սովորող աշակերտների ծնողները պատմում են, որ տարիներ շարունակ ամեն ամիս ճաշարանի կարիքների համար վճարում են 500 դրամ։ 

Ըստ նրանց՝ գումարը հավաքելու պարտականությունը դրված է եղել ծնողկոմիտեի վրա։ 

Կարինեն* ասում է, որ իրենց դասարանի ծնողկոմիտեի նախագահը հաճախ է փոխվում, քանի որ «ոչ մեկ էդ պարտականությունը չի ուզում իր վրա վերցնել»։ 

Նա հստակ չգիտի, թե գումարը ինչ նպատակով է հավաքվում, ըստ դպրոցում եղած խոսակցությունների՝ երեխաների սննդի համար պետության հատկացրած ֆինանսավորումը քիչ է, չի բավարարում աշակերտների կարիքներին։

«Բայց դրա իրավունքը ունե՞ն», - հարցնում է Կարինեն ու շարունակում՝ եթե օրինական է գումար հավաքելը, ինչո՞ւ է իրենց ասվել, որ դրա մասին ոչ ոք չիմանա։ 

Մեզ հետ զրույցում մեկ այլ ծնող նշում է, որ գումարը ոչ բոլոր ընտանիքներն են կարողանում վճարել։ Ինքը թեև տեղյակ է, որ սնունդն անվճար պետք է տրամադրվի, շարունակել է վճարել, որ դպրոցում իր երեխային մատնացույց չանեն։ 

«Դե որ բոլորը տալիս են, դասարան ա, կասեն օրինակ էս ինչ երեխայի մաման փող չի տվել, արդեն կտարածվի էլի, պուճուր գյուղ ա, մի տեսակ վախ կա, որ երեխային չնեղացնեն»,- ասում է Արմինեն։ 

Արմինեն հիշում է մի դեպք, երբ ծնողներին զգուշացրել են, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից մարդ է գալու, չասեն, որ գումար են հավաքում։ Ասեն՝ «միայն մի անգամ են հավաքել, կաթսա են գնել ու վերջ»։


Ծնողները մեզ տրամադրել են ծնողական առցանց զրուցարանից պատկեր, որտեղ երևում է «ճաշարանի գումարի» վերաբերյալ խոսակցությունները։

 

Տնօրենը նախ հերքեց, հետո հաստատեց, հետո կրկին հերքեց գումար հավաքելու փաստը

Վաղաշենի դպրոցի տնօրեն Լաուրա Սուվարյանը մեզ հետ առաջին զրույցում պնդեց. «սա ապատեղեկատվություն է»։ Ըստ տնօրենի՝ դպրոցում ճաշարանի գումար չի հավաքվել, պետության տված գումարով է սնունդը գնվել, իսկ ահազանգերը ուղղորդված են։

«Ես, առհասարակ, էդ հարցերում շատ ուշադիր եմ։ Տասը դրամ անգամ ծնողը կամ աշակերտը իրավունք չունի տա», - ասաց նա։ 

Սակայն նույն օրը՝ մի քանի ժամ անց, նա կապվեց մեզ հետ, խնդրեց հարցը կրկնել։ Պատճառաբանելով, թե զանգի պահին իր մոտ մարդ կար, միանգամից չէր կողմնորոշվել՝ ինչի մասին է խոսքը։ Այս անգամ նա հաստատեց, որ եթե ծնողկոմիտեի գումար հավաքելու մասին է խոսքը՝ դա իրականացվում է և օրինական է։ Գումարը հավաքվում է ոչ թե մթերքներ գնելու, այլ ճաշարանի հետ կապված այլ ծախսերի համար։

«Իրենք կարող են գումար հավաքել. իհարկե ծնողկոմիտեի նախագահի մասին է խոսքը՝ ծնողական խորհրդի անդամների քվեարկության համաձայն։ Այսինքն, իրենք որոշում են ու ինչ-որ մաքրման պարագաներ… ճաշարանի մասին է խոսքը, ու նմանատիպ պարագաներ ձեռք բերելու համար», - ասաց Սուվարյանը։

Օրեր անց դպրոցի տնօրենը մեզ հետ զրույցում կրկին պնդեց, որ որևէ գումար չի հավաքվել. «Դա խայտառակություն է, դպրոցում երբևէ ամսական 500 դրամ ոչ ոք չի հավաքել։ Մեր գյուղը այնպիսի գյուղ է, որ եթե դպրոցում ճանճը տզաց, հաստատ նախարարությունը, վարչապետը, բոլորը գիտեն»,-ասաց տնօրենը։ 

Միևնույն ժամանակ, տնօրենը նշեց, որ ծնողներին դուր չի եկել ճաշարանի ափսեները, նրանք որոշել են գնել «արջուկով ափսե», որից իրենց երեխաներն ավելի հաճույքով կօգտվեն։ Նույն եղանակով գնել են նաև կաթսաներ։ Նշված սպասքի գումարը, ըստ տնօրենի, դպրոցի ներսում չի հավաքվել, սակայն այդ սպասքը պատկանում է դպրոցին և հաշվառված է դպրոցի հաշվեկշռում։

 

Ճաշարանի համար իրականացված գնումների վերաբերյալ ծնողական խորհրդի արձանագրությունները դպրոցը չի հրապարակել

Կառավարության որոշմամբ գոյություն ունի հանրակրթական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրություն, որը սահմանում է ծնողական խորհրդի ձևավորման և գործունեության կարգը, շրջանակը։  Կառավարության որոշմամբ՝ ծնողական խորհրդի քարտուղարը կազմում է նիստերի արձանագրությունները, որոնք, ընդունված որոշումների հետ միասին, երեք աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում են դպրոցի կայքում:

Վաղաշենի դպրոցի կայքը 2022 թվականի հունվարից հետո չէր թարմացվել։ Մենք կրկին կապ հաստատեցինք դպրոցի տնօրենի հետ՝ պարզելու, թե ինչու սահմանված կարգով ծնողական խորհրդի որոշումները հրապարակային չեն տեղադրվել։ Պայմանավորվեցինք, որ մինչև ապրիլի 17-ը դպրոցը կամ կհրապարակի կամ կուղարկի ծնողական խորհրդի այն արձանագրությունները, որով որոշվել է սպասք գնել ճաշարանի համար։ 

Դրանից հետո դպրոցի կայքում հետին ամսաթվով (16 հոկտեմբերի, 2023) տեղադրվել է «2022-2023 թվականների Ծնողաական խորհրդի արձանագրություն» անվամբ մի փաստաթուղթ, որի բովանդակությունը սակայն Համադպրոցական ընդհանուր ժողովի արձանագրությունն է։ Այն նախորդ երկու տարիների արձանագրությունների բառացի արտագրությունն է՝ մի փոքր տարբերությամբ միայն. փոխվել են որոշ անուններ, ավելացվել է «շնորհակալ են դպրոցի տնօրենից» արտահայտությունը և «Դպրոցի աշխատանքները գնահատվել են «շատ լավ»» նախադասությունը։ 


Ձախ կողմում՝ հատված 2022թ․ արձանագրությունից, աջ կողմում՝ հատված 2023թ․ արձանագրությունից

Ի դեպ՝ այս արձանագրությունում որևէ նշում չկա ծնողական խորհրդի՝ սպասք գնելու և դպրոցին հանձնելու որոշման մասին։ 

Լաուրա Սուվարյանի հետ մեր առաջին զրույցի հաջորդ օրը ծնողներից մեկը մեզ տեղեկացրեց, որ տնօրենը հրավիրել է համածնողական ժողով, որի ընթացքում նրանց ասվել է, որ հավաքված գումարը ծախսվել է մաքրող միջոցներ, սպասք, կաթսա, էլեկտրականության բացակայության դեպքում՝ սնունդ գնելու համար։ Նաև այս ժողովի ընթացքում  խստիվ արգելվել է գումար հավաքելը։

 

Գեղարքունիքի մարզպետարանը վաղուց արգելել է ծնողական որևէ ներդրում դպրոցում

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը աստիճանաբար Հայաստանի մարզերում ներդրվել է 2010 թվականից։ Մինչև 2023-ը այն իրականացվել է Հայաստանի կառավարության, Ռուսաստանի Սննդի ճյուղային ինստիտուտի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և նրա տեխնիկական գործընկերների հետ համագործակցության արդյունքում: 

Ծրագրի նպատակն է ապահովել բալանսավորված սնունդ դպրոցներում, նպաստել առողջ ապրելակերպի գաղափարների տարածմանը, վաղ տարիքից մարդու առողջության նկատմամբ խնամքի, պատշաճ սննդի կանոնների անհրաժեշտության վերաբերյալ իրազեկմանը:

Այժմ գործում է Կրթության զարգացման եվ նորարարությունների ազգային կենտրոն (ԿԶՆԱԿ) հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բերեկեցություն» հիմնարկը, որի նպատակն է այս ծրագրի շրջանակում իրականացնել մշտադիտարկումներ, տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն, վերապատրաստումներ, ինչպես նաև հաշվետվություններ ներկայացնել ԿԳՄՍ նախարարությանը։ 

Հիմնարկի՝ խոհարարների համար ուղեցույցում տրված է երկշաբաթյա ճաշացանկ, որում փոփոխություններ կատարելն անթույլատրելի է, և կարելի է հավելյալ սննդամթերքներ ընդգրկել միայն լրացուցիչ ճաշացանկից: Իսկ լրացուցիչ ճաշացանկը նախատեսված է պատրաստել միայն հիմնական ճաշացանկն ապահովելուց հետո՝ այլ աղբույրներից ֆինանսավորում կամ նախատեսված մթերքին հատկացվող գումարի տնտեսում ունենալու դեպքում։

Ըստ «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանի՝ ի սկզբանե համատեղ դպրոցական սննդի կազմակերպման գաղափարն է եղել ծրագրի հիմքում՝ որոշ գործառույթներ թողնելով համայնքի մասնակցությանը։

«Սա եղել է ոչ միայն նյութական միջոցների, այլև ծնողի ներգրավվածության համար», - ասում է Սաթենիկ Մկրտչյանը։

Գոյություն է ունեցել ուղեցույց, որում նշվել են քայլերը, թե ծնողական ներգրավվածությունը ինչ քայլերով պետք է իրականացվի։ Օրինակ՝  ծնողական մեծ ժողովի ընթացքում քննարկումներ պետք է լինեն ու որոշումներ կայացվեն։

«Պետք է արձանագրված լինի խորհրդի որոշումով, դրամական առնչություն դպրոցի տնօրենի և դպրոցի հետ պետք է չունենա», - ասում է Մկրտչյանը։

Այժմ կարգավորումները կամայական են, թողնված լիազոր մարմիններին՝ մարզպետարաններին։ 

Գեղարքունիքի մարզում ծնողական ներդրումները մարզպետարանը երկու տարուց ավելի է, ինչ արգելել է։ 

Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը նշեց, որ այս մասին բանավոր կերպով հանձնարարվել է դպրոցի տնօրեններին, ու «գրեթե ամեն անգամ խորհրդակցությունների ժամանակ մենք անդրադառում ենք, որ նման դրամահավաք հանկարծ չլինի»,- ասում է Զազյանը։

Նման որոշում են կայացրել, քանի որ պետական բյուջեի միջոցները լրիվ բավարարում են տարրական դասարանի աշակերտների համար նախատեսված չափաբաժինները։

Ըստ Կարեն Զազյանի՝ անհրաժեշտ այլ պարագաների հարցը, օրինակ, մաքրող միջոցներ, սպասք, ևս լուծվում է պետական միջոցների հաշվին, «որպեսզի ավելորդ բեռ չդնեն ծնողների վրա»,- ասում է նա։

 

ԿԳՄՍ նախարարությունը և Գեղարքունիքի մարզպետարանը հակասում են իրար

«Ինֆոքոմը» գրավոր հարցմամբ խնդրեց ԿԳՄՍ նախարարությանը և Գեղարքունիքի մարզպետարանին պարզաբանել, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվել մարզպետարանի արգելքի պայմաններում գումար գանձողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Նաև թե ինչո՞ւ, որպես վերահսկող մարմիններ, տարիներ շարունակ չեն կանխարգելել այդ երևույթը, և թե ստեղծված իրավիճակում ո՞վ պետք է փոխհատուցի տարիներ շարունակ ծնողներից՝ դպրոցի կարիքների համար հավաքված գումարը։

ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը պատասխանել է, որ «ծնողական խորհրդի կողմից առաջարկված և դպրոցի կողմից հավանության արժանացած նպատակային ծրագրերը և միջոցառումները կարող են ֆինանսավորվել նաև ծնողների կողմից»։ 

Այն պետք է իրականացվի ծնողական խորհրդի կողմից կազմված նախահաշվի համաձայն՝ «որպես բարեգործություն, նպատակային ներդրում և կամ նվիրատվություն՝ կախված գործունեության բնույթից»:

Ինչ վերաբերում է վերահսկողությանը, Սվաջյանը նշել է, որ Վաղաշենի միջնակարգ դպրոցը գործում է Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայությամբ։ 

Իսկ մարզպետարանը մեր երեք հարցերին ուղարկել էր հակիրճ պատասխան։  

Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը նշել է՝ «Վաղաշենի միջն. դպրոցի հետ կապված հեռախոսազանգով քննարկել  ենք  մանրամասն  Ձեր  հետ»։

Մենք նաև գրավոր հարց էինք ուղարկել դպրոցի տնօրեն Լաուրա Սուվարյանին՝ խնդրելով տրամադրել տեղեկություն, թե քանի՞ տարի և ինչքա՞ն գումար է ծնողական կոմիտեն հավաքել ճաշարանի կարիքների համար և թե ի՞նչ է գնվել դրանցով։ Նաև խնդրել էինք դրամադրել ծնողական խորհրդի՝ բոլոր տարիների որոշումները և նախահաշիվները, համաձայն որոնց գումար է հավաքվել ճաշարանի կարիքների համար։ 

Ի պատասխան Սուվարյանը նշել է, որ հարցադրումները ոչ թե իր, այլ դպրոցի ծնողական խորհրդի գործունեության ոլորտում են և նա իրավասու չէ «տրամադրելու նմանատիպ տեղեկատվություններ»:

Պատասխանում  նաև հղում է կատարել  ՀՀ կառավարության որոշմանը, հանրակրթական դպրոցի ծնողական խորհուրդների մասնակցությանը աշակերտների ուսուցման ու դաստիարակության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը ու նկատել, որ «եթե դպրոցի ծնողական խորհրդի կողմից կայացված էլ լինի նշված ենթատեքստով որոշումներ, ապա դա կմեկնաբանվի այդ հոդվածի կետի տեսանկյունից։ Իսկ որոշումների կայացման կամարտահայտության և թափանցիկության մասին, ենթադրում եմ, ավելորդ է խոսել», - նշել է Սուվարյանը:

Ինչ վերաբերում է մեր հարցմանը՝ թե ինչո՞ւ դպրոցը չի հետևել Գեղարքունիքի մարզպետարանի սահմանած արգելքին, որով մարզպետարանը պահանջել է ծնողներից գումար չհավաքել, տնօրենը պատասխանել է, որ այս հարցադրման բովանդակությունը, իր մեկնաբանմամբ, «քրեաիրավական դաշտի կարգավորման հարց է, և խախտում է նույն իրավակարգավորման «անմեղության կանխավարկածի» սկզբունքը»։

Արշալույս Բարսեղյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել