Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժին
21:50 - 26 ապրիլի, 2024

Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ այն, որ ապրիլի 26-ին բերման են ենթարկվել Երևան-Սևան մայրուղու հատվածում բողոքի ակցիա իրականացնող մի խումբ անձինք:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

«Հրապարակված տեղեկության համաձայն՝ բերման է ենթարկվել նաև Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Խաչատրյանը:  Իրականացված այցի շրջանակում ԱԺ պատգամավորը Պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել է, որ բողոքի ակցիայի իրականացման վայրից Ոստիկանության ծառայողներն իրեն Ոստիկանական մեքենայով տեղափոխել են բաժին, որից հետո միայն, բաժնի վարչական շենքում, իրեն հայտնել են, որ իր նկատմամբ որևէ ընթացակարգ նախաձեռնված չէ և բերման չի ենթարկվել։

Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո: Այս հարցին Պաշտպանն անդրադարձել է նաև նախկինում և կարևորում է նշված սահմանադրական պահանջի պահպանումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ դեպքի հանգամանքները ուսումնասիրելու և ընթացք տալու պահանջով  համապատասխան գրություն կուղարկվի իրավասու մարմնին։

Մարդու իրավունքների պաշտպանը կրկին շեշտում է, որ ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով, դեպքերում և համաչափ:

Պաշտպանը նաև կոչ է անում հավաքի մասնակիցներին ցուցաբերել զսպվածություն և պահպանել օրենսդրությամբ սահմանված պահանջները։ Հավաքի խաղաղ բնույթը պետք է երաշխավորված լինի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել