ԱԺ խմբակցությունները պատրաստ են իմպիչմենտի գործընթաց սկսել. վաղը ժամը 10-ից սկսում ենք անհնազանդության գործընթացներ․ Բագրատ Սրբազան
21:04 - 09 մայիսի, 2024

ԱԺ խմբակցությունները պատրաստ են իմպիչմենտի գործընթաց սկսել. վաղը ժամը 10-ից սկսում ենք անհնազանդության գործընթացներ․ Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը դուրս եկավ քննարկումից։ Նա հայտնեց․ 

«Խորհրդարանական երկու խմբակցությունների հետ խոսեցինք, իրենք պատրաստ են բոլոր պատգամավորական կազմով առաջիկա օրերին խորհրդարան մտնելու՝ իմպիչմենտի գործընթաց սկսելու։ Բայց գիտեք, որ մոտ 20 ձայն պակասում է։ Վաղվանից առավոտ ժամը 10-ին բոլոր հնարավոր վայրերում խաղաղ անհնազանդության գործողություններ ենք անցկացնելու»։

Սրբազանը դիմեց ուսանողությանը, բուհերին, գործատուներին վաղը դասադուլ և գործադուլ անելու։ 

«Դիմում եմ բոլոր ուսանողությանը, բուհերին, բոլոր այն գործարարներին, որոնց համար փողը գերագույն արժեք չէ, որոնց դուք եք պահում, ժողովուրդ ջան, եւ բոլորին, բոլորին, մնացած ուսումնական հաստատություններին՝ դասադուլ անելու։ Առանց որեւէ ագրեսիայի, որեւէ բանի, մի քանի օր ընդամենը, երկու-երեք օր, ավելի չէ։ Մարզերի մեր ժողովրդին, այս գիշեր հետ գնացեք, այնտեղ եւս գործողությունների շարք սկսեք եւ ամբողջ հանրապետության տարածքում պետք ա էդ ճնշումը լինի»,- ընդգծեց Բագրատ Սրբազանը։ 

Հրապարակի մի անկյունում տեղի ունեցող աժիոտաժը շեղեց ուշադրությունը եւ Սրբազանը խոսքը կիսատ թողեց։ Նա կոչ արեց հրապարակի ժողովրդին վառել հեռախոսների լույսերը։ 

 

«Ես այս գիշեր մնալու եմ, որքան պետք լինի՝ մնալու եմ, խնդիր չկա։ Գիշերվա համար այստեղ որոշակի զբաղմունք կլինի, կստեղծվի, ինչքան մարդ ցանկանում է, թող մնա, ովքեր հոգնած են, թող տուն գնան, բայց պայմանով, որ առավոտյան վերադառնան։ Առավոտյան տասին այստեղ կհավաքվենք եւ տարբեր ուղղություններով «կգնանք սուրճ խմելու»»,- հավելեց Սրբազանը։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել