Տարբեր անուններ են քննարկվում․ Բագրատ Սրբազանը խոսեց հնարավոր թեկնածուների մասին
10:35 - 10 մայիսի, 2024

Տարբեր անուններ են քննարկվում․ Բագրատ Սրբազանը խոսեց հնարավոր թեկնածուների մասին

 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հանրապետության հրապարակում է։ 

Լրագրողներից մեկը հարց հնչեցրեց, որ մարդիկ մեղադրում են իրենց՝ հանրությանը մոլորեցնելով հրապարակ բերելու և քաղաքական պահանջ հնչեցնելու մեջ։ Ինչին նա պատասխանեց՝ հանրությունն ինքն էր պահանջում, ինքը ուղղակի այդ եղած զգացումները ձևակերպել, հնչեցրել է․ 

 «Երեկ մեր քայլերը ներկայացնելու հերթականությունը այն չէր, ինչ եղավ, ժողովրդի ստիպմամբ եղավ, մենք ծրագրել էինք սահմանազատման դադարեցնելու մասին խոսել, հանդիպում նշանակել ու հետո տեսնել, թե ինչ է տեղի ունենալու, բայց ժողովրդի պահանջն էր այդպիսինը, ես չէի կարող ուրիշ բանի մասին խոսել, հնչեցրել եմ այն պահանջը ինչ էստեղ կուտակված էր»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Վերջինս նշեց, որ մինչև հիմա իրենց գործը չի եղել քաղաքական գործընքաց։ 

 «Հիմա, մեր կարծիքով, քաղաքական գործիչների խորհրդակցության արդյունքում, արդեն ծրագրվի։ Երեկ փորձեցինք խորհրդարանական պատգամավորների հետ հանդիպել, խոսել, թե ինչ ձևերով կգնա գործընթացը․ նրանք պատրաստ են այդ գործընթացը այս փուլում շարունակելու և օրինական  ճանապարհով հասցնելու ավարտին։ Այդ ժամանակ պահանջվելու է նաև վարչապետի թեկնածու և այդ ժամանակ էլ երևի կհնչի [անուն]»,- Հանրապետության հրապարակում ասաց Բագրատ Սրբազանը։ 

Հարցին՝ անուններ քննարկվու՞մ են, Բագրատ Սրբազանը պատասխանեց՝ այո․ «Տարբեր անուններ են քննարկվում, ձեր սիրած ու չսիրած անուններ, բայց ի վերջո համաձայնություն կգոյանա, թե ով կլինի, ում անձի շուրջ կլինի, սա արդեն երկրորդ փուլ է»,- ասաց նա։

 Հարցին՝ քաղաքական ո՞ր ուժերից են անուններ շրջանառվում, Բագրատ Սրբազանը ասաց․ «Հնարավոր է քաղաքական ուժերից չլինի»։ 

Իսկ հարցին, թե արդյո՞ք բացառում են Ռոբերտ Քոչարյանի անձը քննարկելը, նա ասաց․ «Այդպիսի հարց չկա հրապարակում։ Մարդիկ ստեղծեցին այդ միֆը․․․ ես Ռոբերտ Քոչարյանին կյանքում հանդիպել եմ մի անգամ՝ 2001 թվականին Սևանի թերակղզում, երբ Վեհափառի հետ այցելել եմ Վազգենյան դպրոց, ընդամենը հինգ րոպե»,- ասաց նա։

Արման Թաթոյանի՝ հնարավոր թեկնածու լինելու մասին հարցին, Բագրատ Սրբազանը ասաց․ «Հնարավոր է, ամեն ինչ էլ հնարավոր է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել