Տիգրան Ավինյանն ընդունել է Սինգապուրի ավագ նախարարին
06:36 - 02 հոկտեմբերի, 2019

Տիգրան Ավինյանն ընդունել է Սինգապուրի ավագ նախարարին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է Սինգապուրի ավագ նախարար Թարման Շանմուգարատնամին:

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը նշել է, որ հայերը մեծապես գնահատում են Սինգապուրի գրանցած հաջողությունները, և մի շարք ոլորտներում երկրի կուտակած փորձը ուսանելի կարող է լինել Հայաստանի համար՝ հատկապես հաշվի առնելով մեր կառավարության շեշտադրումը մարդկային կապիտալի զարգացման վրա:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Թարման Շանմուգարատնամը նշել է, որ Սինգապուրը պատրաստակամ զարգացման ճանապարհին ձեռք բերած փորձառությունով կիսվել Հայաստանի հետ:

Անդրադառնալով առևտրատնտեսական հարաբերություններին՝ Տիգրան Ավինյանն ասել է, որ Եվրասիական միության և Սինգապուրի, ինչպես նաև Հայաստանի և Սինգապուրի միջև ստորագրված համաձայնագրերը լուրջ ազդակ կհաղորդեն առևտրաշրջանառությանը և նոր հեռանկարներ կբացեն գործարար շրջանակների համար:

Հաշվի առնելով Սինգապուրի առաջատար փորձը՝ զրուցակիցները քննարկել են հանրային կառավարման բարեփոխումների, թվայնացման, «Աշխատիր Հայաստան» ծրագրի շրջանակներում համագործակցության հեռանկարները:

Առանձին անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխշահավետ գործընկերության հաստատման հարցերին: Տիգրան Ավինյանը հույս է հայտնել, որ հաջորդ շաբաթ տեղի ունենալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովը լավ առիթ կլինի սինգապուրյան ընկերությունների համար՝ Հայաստանի հնարավորություններին ավելի լավ ծանոթանալու:

Քննարկվել է նաև կրիպտոարժույթների ոլորտում կարգավորումների թեման: Սինգապուրյան կողմը առաջարկել է հայկական պատվիրակություն ուղարկել այս տարվա նոյեմբերին կայանալիք «Սինգապուր ՖինԹեք Փառատոն 2019» (Singapore FinTech Festival 2019), որը ոլորտի խոշորագույն միջոցառումն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել