Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը, որը գտնվում է Հայաստանի հարավում, պարտավորվել է 70 հա անտառ տնկել: Այս մասին մարտի 9-ին ՀՀ Ազգային ժողովում լեռնահանքային մետաղագործության ուսումնասիրության խորհրդարանական հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Նախկինում համակարգը այնպես է եղել, որ կարող ես վճարել և աղտոտել միջավայրը, ավել կվճարես՝ ավել կաղտոտես։ Սակայն այդ վճարները մեծամասամբ ֆիկտիվ բնույթ են կրել, մասնավորապես՝ ջրի, օդի համար նախատեսված գումարները և այդ գումարները շատ փոքր են։ Հիմա, փոխվում է օրենսդրությունը, խոսքը չի գնում, թե ինչքան գումար պետք է վճարվի, այլ ինչպես պետք է կանխարգելվի վնասը և հետո վերականգնվի։ Մասնավորապես Արծվանիկի հետ կապված, 2008 թվականին կազմակերպությունը 12,5 մլն տոննա հանքաքար մշակելու համար արդեն հողերը ստացել էր և հետո 22 մլն հանքաքարի մշակման համար։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը մեզ դիմել էր Արծվանիկի լրացուցիչ ծավալները մեծացնելու համար, որը մեր կողմից մերժվել է»,- ի պատասխան պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին ասաց նախարարը ։
Նախարարը պարզաբանեց, որ ձեռնարկության ղեկավարության հետ արդեն քննարկել են, թե որ տարածքներում են տնկվելու ծառերը: «Ծառերի մի մասը տնկվելու է գործարանին պատկանող Արծվանիկի պոչամբարի մոտ: Մեկ այլ մասը տնկվելու է Կապանի ներկայումս փակված Կավարտի պոչամբարի մոտ: Նախատեսվում է նաեւ ծառեր տնկել հենց քաղաքում»,- նշեց Գրիգորյանը:
Նախարարի հավաստիացմամբ, նախատեսվում է նվազագույնի հասցնել այս գործարանի կողմից շրջակա միջավայրին հասցվող վնասը: Նա նաեւ նշեց, որ մինչ այժմ հանքարդյունաբերական ձեռնարկությունները բնապահպանական վճարներ են վճարում բյուջե: Այնուամենայնիվ, երկրի իշխանությունները որոշեցին հրաժարվել այս համակարգից` այն անարդյունավետ համարելով:
Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ «Զանգեզուր» գործարանի դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել՝ շրջակա միջավայրին հասցված վնասի համար: Դրանց թվում է 2019 թվականի հոկտեմբերին ամբարտակի փլուզումը, որի պատճառով Արծվանիկի պոչամբարից ջուրը հոսել էր Ողջի գետը:
comment.count (0)