Անցնող գիշերը սահմանին եղել է համեմատաբար հանգիստ։ Մոտավորապես 70 անգամ է խախտվել հրաադադարի ռեժիմը, հիմնականում կիրառվել են ոչ մեծ տրամաչափի հրաձգային զենքեր։ ՀՀ ԶՈՒ-ն լիովին վերահսկում է իրավիճակը։ Այս մասին այսօր Իջևանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն իր հերթին նշեց, որ Համայնքներում ամենակարևոր փոփոխությունը, որ այսօր ես տեսա, լիարժեք վերադարձն էր գյուղատնտեսական աշխատանքներին։
«Այսինքն՝ մարդիկ, արդեն վերադարձած, զբաղվում էին իրենց գործով, որի համար շատ ուրախ ենք։ Նշանակում է՝ կյանքը վերադառնում է իր բնականոն հունին»,- հավելեց մարզպետը։
Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով այն, որ ադրբեջանական լրատվամիջոցներում շահարկվում են միջազգային էներգակիրները, և թե ՀՀ-ն կհարվածի ադրբեջանական ենթակառուցվածքներին, ասաց, որ ՀՀ Զինված ուժերը մշտապես ունեցել են նման հնարավորություն տեխնիկապես, բայց երբեք չեն ունեցել և չունեն նման ցանկություն, և որ դա Ադրբեջանի կողմից շրջանառվող կեղծ թեզ է։
«Մենք ասում ենք՝ այս տարածաշրջանով անցնող նավթագազային մուղերը, որոնք ունի Ադրբեջանը, միջազգային ընկերություններին են պատկանում։ Թող միջազգահին ընկերությունները վստահ լինեն, որ ՀՀ-ն անվտանգության երաշխավոր է, ոչ թե սպառող։ ՀՀ-ն ավելի լավ կարող է ապահովել դրանց անվտանգությունը, քան որևէ մեկն այս տարածաշրջանում»,- նշեց Հովհաննիսյանը։
Անդրադառնալով հայկական կողմի վիրավորներին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ նրանց վիճակը նույնն է։
«Այն վիրավորների մոտ, որոնք ունեին միջին կամ միջինից բարձր վիճակ, կա բավական լավ դինամիկա, սակայն ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակում փոփոխություն չկա»,- եզրափակեց Արծրուն Հովհաննիսյանը։
comment.count (0)