armtimes.com: 29 տարի առաջ այս օրը հիմք դրվեց մեր անկախության, եւ պաշտպանվեց այդ ամենը «Եռաբլուրով»: Եվ եթե չլինեին այս համախմբվածությունը, Արցախյան ազատամարտը, այսօր մենք չէինք ունենա պետություն:
Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Նրա պնդմամբ՝ առաջին հանրապետության ժամանակ մենք կորցրինք եւ չկարողացանք պահել պետականությունը, Արեւմտյան Հայաստանը, իսկ այսօր ազատամարտիկների, երկրապահների գերնպատակն է սրբորեն պահել «Եռաբլուրը», որը, Միքայելյանի խոսքով, հիմքն է մեր պետության, պետականության:
Նա շեշտեց, որ ազատամարտիկը, երկրապահը միշտ պետք է լինի բանակի կողքին՝ որպես ռեզերվ, այնուհետեւ լրագրողները մեջբերեցին աշխարհազորի ստեղծման փաստը եւ հարցրին, թե արդյոք դրա արդյունքում ԵԿՄ-ն կմղվի՞ երկրորդ պլան: «Երկրորդ, երրորդ պլան պատերազմում չկա, պատերազմում կա առաջին գիծ: Պատերազմում հաղթում են ընդհանուր, իսկ աշխարհազորը երկրապահի հետ ընդհանրապես կապ չունի»,- ասաց պատգամավորը:
Նրա համոզմամբ՝ աշխարհազորը պետք է լինի լուրջ կառույց, իսկ ԵԿՄ-ն այսօր ձեւավորվել է աշխարհազորի հիման վրա, 1990-ականներին Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ: Նա վստահեցրեց, որ աշխարհազորը երբեք չի խանգարի ԵԿՄ-ին, ԵԿՄ-ն էլ՝ աշխարհազորին:
«Ես կողմ եմ աշխարհազորի ձեւավորմանը, բայց մեծ քանակությամբ: Բայց թող մոռանան, որ ԵԿՄ-ի անունը կփոխվի, որովհետեւ դա ստեղծել է Վազգեն Սարգսյանը, դա անջնջելի է»,- ասաց Միքայելյանը՝ միեւնույն ժամանակ չբացառելով, որ հետագայում ԵԿՄ-ն լինի աշխարհազորին կից:
comment.count (0)