Ադրբեջանցիները սկսել են այս պատերազմը ու մեր վերջնական հաղթանակի հիմքն են դրել․ Սասուն Միքայելյան
19:40 - 27 սեպտեմբերի, 2020

Ադրբեջանցիները սկսել են այս պատերազմը ու մեր վերջնական հաղթանակի հիմքն են դրել․ Սասուն Միքայելյան

Հրետակոծությունը, ինչպես գիտենք, չի եղել միայն դիրքերում, այլեւ խաղաղ բնակչության վրա․ սա այն ձեռագիրն է, որ ադրբեջանցիները արեցին 1990-ականներին։ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։

Նրա խոսքով՝ այսօր նույն ձեռագրով Ադրբեջանն ուզում է Արցախն ազատել Արցախցիներից, բայց դա չի լինի․

«Այսօրվա պարտադրված պատերազմն էլ, նախորդ պարտադրված պատերազմն էլ եղել են անհավասար՝ թե մարդկային թվաքանակով, թե զինտեխնիկայով։ Ուզում եմ դիմել Ադրբեջանի բնակչությանը, ղեկավարությանը՝ երբեք չսպասեք, որ ՀՀ-ն կպարտվի։ Սա մեր վերջին կռիվն է, որ փառքո՛վ ենք տալու։ Մեր ու մանուկ, ամբողջ ազգով կանգնելու ենք եւ հաղթելու ենք։ Ուզում եմ՝ բոլորս գիտակցենք ու հասկանանք, սա լուրջ պատերազմ է, որ մենք պետք է դիմակայենք համախմբված ու հաղթենք։ Կոչ եմ անում բոլոր կուսակցություններին, ՀՀ բնակչությանը, իմ մարտական ընկերներին՝ համախմբվել՝ մեր ազգի գոյատեւման, մեր հաղթանակի շուրջ»։

Միքայելյանը նկատեց՝ հարձակվող կողմը միշտ ուժեղ է եղել, ու եթե մենք դիրքային զիջումներ ենք ունեցել, թող այդ հանգամանքը մեզ երբեք չընկճի ու երբեք խուճապի չմատնի․

«Այսօր, իմ գնահատմամբ, մենք ամուր ենք կանգնած սահմանին, բայց գուցե լայնածավալ հարձակման ընթացքում լինեն դիրքային զիջումներ։ Մենք Մարտակերտն էլ էինք տվել, բայց հինգ տարի հետո վերցրել ենք։
Մենք օրեր ենք ապրել դաժան ու ծանր, բայց մարդիկ գիտակցել են, որ գնում են զոհաբերության։ Այսօր ես ու իմ պես շատերը կանգնած են իրենց թոռների, իրենք երեխաների ազատ հայրենիք ունենալու համար։ Ես այսօր կանգնած եմ իմ թոռների համար, ինչպես շատ մարդիկ՝ իրենց թոռների համար։ Այս պատերազմը ադրբեջանցիները սկսել են եւ մեր վերջնական հաղթանակի հիմքն են դրել։ Մենք վերջնական կհաղթենք, եւ այդ բոլոր հարցերի լուծումները կտա այս պատերազմը»,- հայտարարեց Սասուն Միքայելյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել