Այս գիշեր՝ «Իմ քայլ»-ից դուրս գալու հայտարարությունից ժամեր հետո, Վարդան Աթակեյանի՝ Պտղնիում գտնվող առանձնատան վրա հարձակման մասին մամուլում տարածված լուրերի վերաբերյալ:
-Պարո′ն Աթաբեկյան, կմանրամասնեք՝ ի՞նչ հարձակում է տեղի ունեցել, ովքե՞ր են եղել:
-Հարձակում տեղի չի ունեցել: Մեքենաներով մոտեցել են իմ տանը, ազդանշանը միացել է: Տեսախցիկներով նայել ենք, տեսել մեքենաներ: Մի տասը հոգի երիտասարդներ, դարպասի դիմաց հավաքված, ուզեցել են նայել ներս՝ 5-10 րոպե: Ոստիկանություն եմ կանչել: Ներսում մարդ է եղել, ես տանը չեմ եղել, ասել եմ՝ դուրս չգաք: Ոստիկանությունը եկել է, ներսից դուրս են եկել, պարզվել է, որ Հակոբ Սիմիդյանն ու Սարգսյան Հայկն են նաև եղել մեջները: Տուն են ուզել գնալ, իմ եղբայրը նրանց ճանաչում է, ասել է՝ Վարդանը չէ, ասել են՝օքեյ: Եղբայրս ասել է, եթե պետք է զանգեք, իրեն տեսեք, հիմա ինքը տանը չէ:
-Ի՞նչ վիճաբանության մասին է խոսքը. այդպիսի տեղեկություններ տարածվեցին:
-Ռազբորկա չի եղել: Միջադեպ տեղի չի ունեցել: Տեղի է ունեցել այն, որ գիշերը ժամը 01:00-ին հինգ մեքենայով մոտեցել են: Առաջին հայացքից կասկածելի են թվացել, հետո չեմ իմանում՝ ինչի են մոտեցել: Իսկ մինչև հիմա դեռ պարզ չէ, թե ինչու են ուզել ինձ տեսնել, հույս ունեմ կպարզվի օրվա մեջ:
-Գուցե Ձեր հայտարարությո՞ւնն է պատճառը, գուցե իրենց մոտ ինչ-ինչ հարցե՞ր են առաջացրել:
-Գուցե, բայց իմ համարը գիտեն, երևի կզանգահարեն, կասեն՝ ինչու են այդ ժամին այդքան մեքենայով մոտեցել իմ տան մոտ: Դժվար չէր ինձ զանգահարել, պայմանավորվել՝ հատկապես, որ Սիմիդյանը շատ լավ գիտի՝ ես որտեղ եմ լինում, ինչ եմ անում: Եթե այդպիսի տարօրինակ այց են արել, երևի կբացատրեն՝ ինչի համար էին եկել:
-Մինչև այս՝ ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն են եղել Հակոբ Սիմիդյանի և Հայկ Սարգսյանի հետ, անհամաձայնություններ ունեցե՞լ եք:
-Մոտավորապես մի քանի ամիս է՝ ես իրենց հետ գրեթե կապ չունեմ: Մտերիմ շփում չունենք, այդքան բան կարող եմ ասել: -Հիմա պատրա՞ստ եք իրենց հետ խոսել:
-Այո, ո՞նց պատրաստ չեմ: Ինձ հետաքրքիր է՝ իրենք ինչու են եկել, ի՞նչ էին ուզում այդ ժամին այդքան մեքենայով:
-Դիմե՞լ եք իրավապահ մարմիններին:
-Երեկ ոստիկանություն եմ զանգել՝ չիմանալով ովքեր են մոտեցել, որովհետև տեսախցիկները լավ ցույց չեն տալիս: Ինձ համար տարօրինակ է եղել այդ ժամին այդքան մեքենա, մարդ իմ դարպասների դիմաց: Հետո, որ եղբայրս բացել՝ ճանաչել է, երևի որ տանը չեմ եղել, իրենք չեն պարզաբանել, թե ինչի համար են եկել: Ասել են՝ օքեյ, գնացել են: Մինչև հիմա չեն զանգել:
-Դուք Ձեր այն մոտեցումները, որոնց համար այդ հայտարարությունն արեցիք շարունակո՞ւմ եք պնդել: Ձեր կարծիքը նո՞ւյնն է մնում Արցախի հարցով որոշման հետ կապված:
-Արցախի հարցով իմ պահով պետք է նրբանկատ մոտենանք, քանի որ նախ ինձ համար անհասկանալի է՝ ինչու ես մինչև դա տեղյակ չեմ եղել: Հետո ինչքան էլ բացատրելի փաստարկներ բերվեն, որ ստեղծված իրավիճակում սա էր լուծումը՝ Արցախի հողի հանդեպ իմ զգացողությունը մի քիչ ուրիշ է: Ես այնտեղից եմ, իմ հայրը զոհվել է Արցախում, ինձ համար մի քիչ դժվար է դա ընդունելը: Այնպես որ՝ ես չեմ կարող այդ պատասխանատվությունը կիսել: Ինձ թվում է՝ ցանկացած մարդ, որը դա իմանա, կհասկանա, որ այս մարդուն ինչքան էլ բացատրեք, իր համար դժվար է դա ընդունելը: Դա քաղաքական որևէ բան չի էլի, ինչքան էլ դու դա ընկալես, ընդունելն է դժվար քեզ համար: Զուտ բարոյական մասով չես կարողանում ընդունել, դրա համար լավ կլինի, որ այս խնդիրը թե քաղաքական թիմն ըմբռնումով մոտենա ու, ինձ թվում է` ցանկացած իմացող մարդ ըմբռնումով կմոտենա:
-Ճի՞շտ պահանջ եք համարում այս օրերին իշխող թիմի՝ իր ղեկավարի հետ միասին հեռացումը:
-Եթե ժողովուրդը պահանջի, ճիշտ եմ համարում, բայց այս պահին դեռ լիարժեք ժողովրդի պահանջ ես չեմ տեսնում:
-Հազարավոր մարդիկ, որ հանրահավաք են գնում, ժողովո՞ւրդ չեն:
-Այդ հարցն այնպիսի հարց է, որ ինձ թվում է մի քիչ ժողովուրդը շոկի մեջ է՝ գնալով պատկերը փոփոխվում է, հակասական կարծիքներ կան: Պրոցեսը կզարգանա: Կարևորն այնպես չարվի, որ ներքաղաքական բախումներ լինեն ժողովրդի մեջ: Կարծիքները տարբեր են: Ինձ թվում է՝ գնալով այս ջուրը կզուլալվի, ավելի հստակ կարծիքներ կհնչեն, տեսանելի կլինի: Ես մի բանում վստահ եմ, որ եթե վարչապետը վստահ լինի, որ դա ժողովրդի իրական կարծիքն է, ինքն այդ կարծիքին ընդառաջ կգնա: Այդ մի բանում վստահ եմ՝ անկախ իմ անհամաձայնությանը քաղաքական թիմի հետ:
Կարդալ ավելին՝ aravot.am-ում։
comment.count (0)