Խաղի կանոնները չեն փոխվում. Հովակիմյանը՝ Մարուքյանի պնդման մասին |armtimes.com|
12:21 - 01 ապրիլի, 2021

Խաղի կանոնները չեն փոխվում. Հովակիմյանը՝ Մարուքյանի պնդման մասին |armtimes.com|

armtimes.com: Խորհրդարանն արտահերթ նիստով այսօր քննարկում ԸՕ-ում փոփոխություններ կատարելու հարցը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմելով նախագիծը ներկայացնող «Իմ քայլ»-ի պատգամավոր Վահագն Հովակիմյանին, նշեց, թե նա սուտ տեղեկություններ է տարածում ամբիոնում կանգնած. «ԼՀԿ-ի ոչ մի նախընտրական ծրագրում չկա գրված, որ նման օրենսգքրի նախագիծ պետք է ընդունենք: Որքանով տեղյակ եմ մյուս ֆրակցիայի ծրագրում էլ չի եղել նման բան գրված, որտեղից եք նման բաներ խոսում ամբիոնից»:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Վահագն Հովկիմյանը իր խոսքում նշեց, որ ռեյտինգային ընտրակարգի վերացումը եղել է 2018 թվականի ընտրություններին, որպես նախընտրական խոստում ներկայիս խորհրդարանի 3 ուժերի նախընտրական ծրագրերում:

Մարուքյանն ընգծեց, որ 2018-ի հեղափոխությունը նոր էր եղել և ԸՕ-ի փոփոխությունը հապճեպ պրոցես էր. «Մենք միշտ պնդել ենք, որ միայն համամասնական ընտրակարգը սխալ է, առաջարկել ենք, որպեսզի լինի բաց համամասնական տարբերակը, դա քննարկվել է նաև «Ելք » դաշինքի ժամանակ»: Անցնելով բուն հարցին, ԼՀԿ ղեկավարն ասաց. «Դուք Վենետիկի հանձնաժողով եք ներկայացրել մեկ այլ բան, այսօր քննարկում եք մեկ այլ նախագիծ: Ո՞ւմ եք ուզում մոլորեցնել, մտածում եք՝ էնտեղ մարդիկ չեն տեսնում, որ մի բան ուղարկում եք, այլ բան՝ ընդունում»:

Վահագն Հովակիմյանն էլ պնդեց, եթե նայեն քարոզարշավի տեսանյութերը, կտեսնեն, որ իր ասածը սուտ չէ. «Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովին: Այն ինչ առաջարկվում է, առկա է մեծ փաթեթում: Չկա մի նորություն, որը չի ուղարկվել Վենետիկի հանձնաժողով: Փոփոխությունները միայն այն է, որ մեծ փաթեթից որոշ կարգավորումներ ավելի շուտ են առաջարկվում ընդունվել»:

Էդմոն Մարուքյանն էլ պնդեց՝ Վենետիկի հանձնաժողով ուղարկվել է նոր Ընտրական օրենսգրքի նախագիծ, որի հետ ուղարկվել է ԼՀԿ-ի բաց համամասնական ընտրակարգը. «Փաստ է, այն ինչ հիմա բերել եք, չի ուղարկվել հանձնաժողով: Քաղաքական ուժերը կոնսենսուս են արձանագրել արտահերթ ընտրություններ անցկացնելու հետ կապված: Օրը հայտարարելուց հետո դուք սկսել եք ԸՕ-ն փոխել, որքան է խաղի կանոնները կեսից փոխելը ժողովրդավարական: Ձեր ուզածը օրը ընտրություն անենք, ձեր ուզած ԸՕ-ով, էլ ինչ անենք ձեր համար, որ լավ լինի»,-ասաց ԼՀԿ ղեկավարը:

«Իմ քայլ»-ի պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ նկատեց. «Հարգելի պարոն Մարուքյան ջան, խաղի կանոները չեն փոխվում: Ընտրակարգը պարզեցվում է: Բաց համամասնականի ձեր առաջարկը կարող է քննարկվել, օրինակ՝ հաջորդ ընտրություններին: Բայց այսօր այդ համակարգով կազմակերպելն անիրատեսական է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել