«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նիստ։ Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քիչ առաջ ներկայացրեց հայտարարության նախագիծ, որը խորհդարանում պետք է քվեարկության դրվի։
«Ելնելով ՀՀ-ում տիրող լարված իրադրությունից, որը ծագել է 2021 թվականի մայիսի 12-ից, Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի ներկայացուցիչները, ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպիտ խախտմամբ մուտք են գործել ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի տարածքներ, ու մինչ այս պահը մի քանի հարյուր զինվորական գտնվում են ՀՀ նշված տարածքներում։ Տեղեկանալով ՀՀ ԶՈՒ և Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների միջև վերը նշված տարածքներում ընդհարումների մասին, ինչի հետևանքները անկախանտեսելի են և կարող են անդառնալի լինել բոլոր կողմերի համար, լսելով ՀՀ Կառավարության մայիսի 20-ի նիստում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթն առ այն, որ նա պատրաստվում է ստորագրել միջպետական փաստաթուղթ, որը վերաբերելու է ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության միջև շփման գծի որևէ ձևով կանոնակարգմանը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամն 103-րդ հոդվածի առաջին մասը, ԱԺ Սահամանդրական օրենքի 97րդ հոդվածի առաջին և հինգերերորդ մասերը, ՀՀ Ազգային ժողովը հայտարարում է․ Համաձայան Սահմանդրության 116-րդ հոդվածի առաջին մասին առաջին և երկրորդ կետերի երկրորդ և երրորդ մասերի՝ Ազգային ժողովը վավերացնում է այն միջազգային պայմանագրերը, որոնք ի թիվս այլնի, վերաբերում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, ինչպես նաև պարտականություններին, ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ։
Ազգային ժողովը Կառավարության առաջարկությամբ միջազգային պայմանագրեր վավերացնում է օրենքով պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել։ Սահմանադրության 205-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով։ Հանրաքվե անցկացնելու վերաբերյալ անցկացնելու որոշումը Կառավարության առաջարկությամբ ընդունում է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»։
Մարուքյանը շարունակելով խոսքն՝ ասաց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել մի փաստաթուղթ, որը կարող է ուժի մեջ մտնել բացառապես խորհրդարանի վավերացման կամ հանրաքվեի արդյունքում:
«Միաժամանակ հայ-ադրբեջանական շփման գծի սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների հետ կապված ցանկացած գործողություն ուղղակիորեն ներառում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու եւ հատկապես՝ սահմանային բնակչության մարդու իրավունքների խնդիրները, որոնց հետ կապված ցանկացած միջազգային փաստաթուղթ պարտադիր վավերացման ենթակա է: Սահմանազատման գործընթացի հետ կապված ցանկացած փաստաթուղթ, որը հաշվի չի առնի մարդու իրավունքները, ուղղակիորեն կհակասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, մարդու իրավունքների միջազգային իրավունքին եւ իրական կյանքում կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական շահի, սահմանային բնակչության հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների շարունակությանը, ինչն այսօր, ըստ էության, տեղի է ունենում»։
Մարուքյանն ասաց, որ կոչ են անում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին ձեռնպահ մնալ միանձնյա որոշումներ կայացնելուց, որոնք վերաբերում են ողջ հանրությանն ու պետությանը, ինչպես նաեւ ազգի ապագային։
comment.count (0)