Լիցենզիա չունեցող վարկային միջնորդության ծառայությունների գովազդների սահմանափակման օրենքը վնաս չի տա․ Բաբկեն Թունյան
07:48 - 18 ապրիլի, 2019

Լիցենզիա չունեցող վարկային միջնորդության ծառայությունների գովազդների սահմանափակման օրենքը վնաս չի տա․ Բաբկեն Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը անդրադարձավ Մանե Թանդիլյանի ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է սահմանափակել լիցենզիա չունեցող վարկային միջնորդության ծառայություններ առաջարկողների գովազդները, այդ թվում՝ սոցիալական ցանցերում, և դա համարել վարչական իրավախախտում։

«Ես լրիվ հասկանում եմ այն մտահոգությունը, որի հետևանքով այս նախագիծը դրվել է շրջանառության մեջ։ Միանգամից ասեմ, որ կողմ եմ քվեարկելու, բայց որոշ մտահոգություններ կան էֆեկտիվության առումով։ Անկեղծ ասեմ՝ ես չեմ հավատում, որ դա էֆեկտիվ աշխատելու է։ Քանի որ մենք վերջերս քննարկում էինք մեր գործընկեր Հրաչյա Հակոբյանի առաջարկած «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով պետք է սահամանափակվեր բուքմեյքերների գովազդը, ու «Ֆեյսբուք»-ի, սոցցանցերի մասով հասկացանք, որ խնդիրներ կան։

 Բացի դա, Գևորգ Պապոյանը նշեց, որ եթե մենք փող, գումար բառերը ինչ-որ համախմբով «Ֆեյսբուք»-ին հարցում անենք, որ արգելվի, ուրեմն՝ պետք է մի հատ էլ գործիք լինի, որ ստուգի, թե այդ բառերը օգտագործող կազմակերպությունը իրականում լիցենզիա ունի թե չունի։ Դա բավականին բարդ գործընթաց է։

Սա հղի է նաև այն ռիսկերով, որ կարող է մեկը մյուսին ուղղակի վատություն անել, այսինքն՝ ինչ-որ մեկը Ֆեյսբուքում էջ բացի, գովազդ անի՝ իր տվյալները ներկայացնելով, ու այդ մարդը ենթարկվի պատասխանատվության։ Փոխառությունների մասով էլ մտահոգություններ կան, խնդրում եմ՝ երկրորդ ընթերցմամբ դա էլ հաշվի առնեք։

 Ամեն դեպքում, կարծում եմ՝ այս օրենքը վնաս չի տա, օգուտի մասին էլ, եկեք ընդունենք, որոշ ժամանակ անց էֆեկտիվությունը կերևա, կհասկանանք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել