Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Ազգային ժողովի երեկվա նիստում մտքերի փոխանակության ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իր ելույթում անդրադարձավ հայ գերիների հարցին՝ ընթերցելով Մարդու իրավունքների պաշտպանի՝ օրեր առաջ հրապարակված արտահերթ զեկույցից մի հատված, որտեղ ներկայացվել են գերեվարվածների հանդեպ խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը։ Ինչպես հիշատակեց պատգամավորը՝ Պաշտպանը հետաքննությամբ պարզել է, որ ադրբեջանցիները հայ գերիներին ծեծելու համար ստեղծել են առանձին խմբեր, ծեծում են՝ մինչեւ գիտակցության կորուստը, սպասում են, մինչեւ գիտակցության գա, շարունակում ծեծը.
«Եռման թեյ ու ջուր են լցնում գերիների մարմնի վրա, այրվածքների ստանալուց հետո շարունակում են ծեծը՝ մինչեւ մահանա, հետո դին մի քանի օր թողնում են բանտախցում։ Սնվելու համար տալիս են տասը վայրկյան, ստիպում են ուտել գետնից, թքում են սննդի մեջ ու ստիպում ուտել, կտրում են մարմնի մասեր, ողջ կապում են մեքենային ու քաշում, զրկում են ջրից, քնից ու սննդից։ Սա՞ է թուրքերի դրական ազդակը, կառավարության շենքից տեսնվող դրական ազդակը, այսինքն՝ հայերին խոշտանգե՞լն է դրական ազդակ»,- իր ելույթում ասաց Մկրտչյանը։
Երբ նա ավարտեց, նիստերի դահլիճում գտնվող կին պատգամավորներից մեկը տեղից արձագանքեց՝ « ծնողները բողոքում են, որ այդպիսի բաներ եք խոսում», իսկ Ալեն Սիմոնյանը շարունակեց. «Ես էլ չհասկացա, անկեղծ ասած, թե էդ հնարած տեսարանները ինչի համար էր պետք ՀՀ ԱԺ-ում հնչեցնել»։ Երբ Աննա Մկրտչյանը Սիմոնյանի այս արտահայտությանը տեղից արձագանքեց (հստակ չլսվեց՝ նա ինչ ասաց), Սիմոնյանը պատասխանեց, թե՝ «գիրք կարդա, կհասկանաս»։ Ի վերջո, վերադառնալով ՄԻՊ-ի զեկույցին։ Օրեր առաջ՝ սեպտեմբերի 8-ին, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը հանդես եկան մամուլի ասուլիսով՝ ամենայն մանրամասնությամբ ներկայացնելով մեր գերիների հանդեպ ադրբեջանցիների վերաբերմունքը եւ այդ անմարդկային արարքները կատարողներին ու հենց Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հնարավորությունները։ Թաթոյանը նախ հայտնեց, որ զեկույցը միանգամից հրապարակվում է անգլերեն՝ միջազգային ատյաններում ներկայացվելու համար, ապա շեշտեց, որ այն ապացույցների բազայով բացառիկ հիմնավորվածություն ունի։ Պաշտպանը ներկայացրեց իրենց հավաքագրած փաստերը, որոնք ստուգել են տարբեր աղբյուրներով։
Այսպիսով, նա նշեց, որ թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ զինծառայողները ենթարկվել են համակարգային խոշտանգման՝ ֆիզիկական ու հոգեկան տառապանքների։ Ընդ որում՝ հատուկ պատժի են ենթարկվել ադրբեջանական այն ծառայողները, որոնք փորձել են մի փոքր լավ վերաբերվել ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց․
«Ամենադաժան վերաբերմունքը եղել է նոր գերեվարման ժամանակ, հատկապես՝ հատուկ ծառայությունների կողմից։ Խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը եղել են լայնածավալ, ինչպես էթնիկ պատկանելության ծաղրանքներով, այնպես էլ կրոնական իրավունքների կոպիտ խախտումներով»։
Թաթոյանը նշեց, որ բազմաթիվ են եղել դեպքերը, երբ գերիներին չեն տվել ջուր ու սնունդ․ «Եղել են դեպքեր, որ սնունդը գցել են գետնին, ստիպել են ուտել գետնից, հետո, սոված վիճակում պահելով գերուն, սնունդը գցել են աղբարկղը՝ հենց նրա դիմաց, կամ ուտելու համար տվել են տասը վայրկյան ու վերցրել, կամ թքել են սննդի մեջ ու ստիպել ուտել։ Դաժան են վերաբերվել բժշկական հետազոտությունների մասով, ստիպել են տանել ուղղակի ցավը, ծեծն ու խոշտանգումը եղել է վերքի վրա մատը դնելով, որ էլ ավելի ցավի»,- ներկայացրեց ՄԻՊ-ը՝ հայտնելով նաեւ ադրբեջանցիների կողմից հայ գերիներին խոշտանգելու այլ մանրամասներ։
Այսպիսով՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե Աննա Մկրտչյանը «հնարած տեսարաններ» է ներկայացրել ԱԺ ամբիոնից, իրականությանը չի համապատասխանում։ Ավելին՝ Մկրտչյանն ԱԺ-ում ընթերցեց գերիներին խոշտանգելու միայն մի քանի դեպք, իսկ Թաթոյանը առավել մանրամասն էր ներկայացրել՝ ցուցադրելով նաեւ որոշակի կադրեր։
comment.count (0)