Արմավիր-Երևան երթուղու գործադուլը շարունակվում է|armtimes.com|
18:13 - 26 մարտի, 2019

Արմավիր-Երևան երթուղու գործադուլը շարունակվում է|armtimes.com|

armtimes.com Արմավիր-Երեւան միկրոավտոբուսների վարորդները երեկվանից կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում` հրաժարվելով երթուղի դուրս գալ: Նրանց բողոքն ուղղված է սպիտակ համարանիշներով անօրինական գիծ մտած կազմակերպությունների դեմ:

Արմավիր-Երեւան երթուղին սպասարկում է «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերությունը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ընկերության ղեկավար Շուշանիկ Խաչատրյանն ասաց, որ 2 օր է՝ իր միկրոավտոբուսները չեն աշխատում, բայց նախարարությունից որևէ արձագանք և մտահոգություն չկա: Կազմակերպությունն արդեն 30-40 տարի աշխատում է, բայց երկար ժամանակ է՝ ընկերության երթուղիներ կանգնած են այս խնդրի առաջ: Ամռանից այս խնդիրը բարձրաձայնել են, մի ամսվա մեջ 50-ից ավելի դիմում ենք գրել, դիմել ենք բոլոր կառույցներին, որ վերացնեն Արմավիր-Երեւան գծի մեջ ապօրինաբար վաճառվող ընկերությունները, սակայն նախարարությունից իրենց առաջարկել են շարունակել աշխատել և սպասել:

Ըստ «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության ղեկավար Շուշանիկ Խաչատրյանի՝ երթուղագիծը սպասարկելու համար միկրոավտոբուսները վարկերով է ձեռք բերել, բիզնեսն ընդլայնելու համար էլ 410 միլիոն դրամի ներդրում է արել, վարորդներն էլ իրենց գրպանից գումարներ են ծախսել, լիցենզիա եւ դեղին համարանիշներ հանել, բայց այսօր մնացել են առանց ուղևորահոսքի: Այսօր իրենց պահանջը միայն օրինականութունը վերականգնելն է.
«Նախարարությունը թող ոչ թե քրեական հեղինակություններին տեղ տա, այլ իր փոխադրողներին: Այս հարցին վաղուց կարող էին լուծում տալ, որ ես էլ կարողանայի աշխատել: Ո՞նց կարող է ղեկավարությունը գա, տեսնի՝ 30-40 մեքենա ապօրինաբար, սպիտակ համարներով, սեփական համարներով աշխատում է ու մինչ այսօր քայլեր չձեռնարկի»- ասաց Շուշանիկ Խաչատրյանը:

Նրա վստահեցմամբ՝ ապօրինաբար աշխատող և իրենց աշխատանքը խոչընդոտող «գծի տերերից» մեկը Սիմոնյան Ռուբենն է, ով հայտնի է Բոգո անունով:

«6-7 գիծ վաճառել են Արմավիր-Երևան գծի մեջ: Մի քանիսի անունները կարող եմ ասել, հենց մեկը Բոգոն`Սիմոնյան Ռուբենը, ու նրա հետ էլ մի քանի հոգի Նորագյուղից: Հենց մենակ 45-50 մեքենա` չհաշված 7 տեղանոց տաքսիները, իրենց աշխատողների մեքենաները, Բոգոն է աշխատեցնում: Կիլիկա ավտոկայանի կողքը ավտոկայան են սարքել ու աշխատում են, նախարարությունն էլ ոչ մի քայլ չի ձեռնարկում»- ասաց Շուշանիկ Խաչատրյանը:

Շուշանիկ Խաչատրյանի խոսքով՝ այնքան շատ են Արմավիր-Երեւան գծի մեքենանները, որ իրեն`օրինական շահագործողին, հերթ չի հասնում.

«26 մեքենա պետք է շահագործեմ, բայց 8-9 մեքենա էլ չեմ կարողանում աշխատացնել: Բանգլադեշի գծի մեքենան ի՞նչ իրավունք ունի Արմավիրում աշխատի կամ ռուսական համարներով մեքենաները ի՞նչ իրավունք ունեն երթուղի սպասարկեն:

Նրա խոսքով՝ այս խնդիրը չի վերաբերում միայն Արմավիր-Երեւան երթուղագծին: «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերությունը սպասարկում է նաև այլ տարածաշրջաններում, որտեղ ևս առկա է նման խնդիր:
«Գիքորի պես գոռալով, էստի համեցեք ասելով`ուղևորներին «փախցնում են, իմ մեքենաներն էլ մնում են դատարկ» - հավելեց Շուշանիկ Խաչատրյանը` հույս ունենալով, որ նախարարությունը քայլեր կձեռնարկի և կվերացնի ապօրինությունները:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը երեկ կառավարության նիստից հետո պարզաբանել է ստեղծված իրավիճակը. «Բավականին լուրջ միջոցառումներ ձեռնարկվել են, տուգանքներ են գրվել բազմիցս: Այնուամենայնիվ, խնդիրը դեռ առկա է, բայց այս պահին էլ բավականին լուրջ, ակտիվ աշխատանք է տարվում: Մեծ մասը չեզոքացվել է խնդիրների, մի փոքր մասն է մնացել, որը նույնպես կլուծվի: Ե՛վ ՊԵԿ-ը, ե՛ւ ոստիկանությունը, ե՛ւ տեսչական մարմինը ակտիվորեն մեզ հետ համագործակցում են եւ աշխատում են, որպեսզի խնդիրը շուտափույթ լուծում ստանա: Սպիտակ համարներով միկրոավտոբուսներն էլ մի քանի անգամ տուգանվել են»:

Նախարարը նաեւ ասաց՝ նախարարությունն այնպիսի խնդրի առաջ է կանգնած, երբ փոքր՝ 8 տեղանոց մեքենաները կայանում են եւ սկսում են ուղեւորափոխադրումներ իրականացնել: Դա համարեց օրենսդրական բաց, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որպեսզի այդ բացը լրացվի եւ վնաս չհասցվի մեր կանոնավոր ուղեւորափոխադրողներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել