Ռիտորիկան, որ մենք մեր բոլոր ճանապարհները պիտի փակենք, միշտ առաջ են քաշել նրանք, որոնք ցանկացել են՝ ՀՀ-ի տրանսպորտային ուղիները փակ լինեն․ Փաշինյան
17:08 - 08 դեկտեմբերի, 2021

Ռիտորիկան, որ մենք մեր բոլոր ճանապարհները պիտի փակենք, միշտ առաջ են քաշել նրանք, որոնք ցանկացել են՝ ՀՀ-ի տրանսպորտային ուղիները փակ լինեն․ Փաշինյան

Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ընթերցեց նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը․ «Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: ՀՀ-ն երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:

Մկրտչյանը հարց հնչեցրեց՝ սա ի՞նչ է, եթե ոչ մի քանի կոմպոնենտից բաղկացած ուղղակի միջանցք․ «Առաջինը՝ ՀՀ-ն երաշխավորում է թշնամու անվտանգությունն էն պարագայում, երբ մինչեւ հիմա մեր քաղաքացիներին մեր սուվերեն պետությունից առեւանգում, գերի են տանում, խոշտանգում, սպանում, երկրորդ կոմպոնենտը՝ ՀՀ-ի հաշվին տրամադրովւմ է ճանապարհ, որի նկատմամբ վերահսկողություն է իրականացնելու երրորդ պետության անվտանգային ծառայությունը։ Սա ի՞նչ է, եթե ոչ միջանց»,- ասաց Մկրտչյանը՝ դիմելով, իր խոսքով, այդ հայտարարությունը ստորագրած անձին՝ Նիկոլ Փաշինյանին։

Վերջինս պատասխանելիս ասաց, որ եթե կարդում է այդ կետը, պետք է կարդա, որ գրված է՝ բացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը․ «Երկրորդը՝ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։ Ի՞նչ ա դա նշանակում։ Այսինքն՝ դուք հիմա մեկնաբանում եք, ես ամենեւին էդպիսի մեկնաբանություն չունեմ, մեր բոլոր մեկնաբանությունները մանրամասն ձեւակերպված են ԱԳՆ հայտարարության մեջ։ Հարցի էությունը ո՞րն է, դուք ուզում եք ստանալ պատասխան՝ մենք միջանցքի վերաբերյալ պայմանավորվածություն ունե՞նք, թե՞ դուք ուզում եք, որ միջանցքի վերաբերյալ պայմանավորվածություն ունենանք։ Ես ձեր մեկնաբանությունների հետ համաձայն չեմ։ Եթե ձեր ուզածը դա է, դա այլ խնդիր։ Ասում եք՝ ՀՀ հաշվին ճանապարհ է տրվում։ ՀՀ-ն շահագրգռված է բոլոր ճանապարհների բացմամբ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ԱԳՆ երեկվա հայտարարության մեջ էլ դա հստակ ասված է։

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ն շահագրգռված է տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի բացմամբ, այն ընկալմամբ, որ Ադրբեջանի արեւմտյան շրջանները պիտի երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցություն ստանան Նախիջեւանի հետ՝ ՀՀ տարածքով, ՀՀ-ն էլ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ՝ Իրանի եւ ՌԴ-ի հետ, ավտոմոբիլային հաղորդակցություն՝ ՌԴ-ի հետ․ «Մենք կարծում ենք, որ պետք է գնանք այս տրամաբանությամբ լուծումների։ Նախկինում էլ ասել եմ, որ ես այդ ռիտորիկան չեմ հասկանում, որ մենք մեր բոլոր ճանապարհները պիտի փակենք։ Էդ տրամաբանությունը միշտ առաջ են քաշել նրանք, ովքեր ցանկացել են՝ ՀՀ-ի տրանսպորտային ուղիները փակ լինեն»,- ասաց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել