Դեղձավան․ դեղձագույն դաշտերով գյուղը, որտեղից ոչ մեկը հեռանալ չի ուզում [մարzoom]
13:47 - 19 հուլիսի, 2022

Դեղձավան․ դեղձագույն դաշտերով գյուղը, որտեղից ոչ մեկը հեռանալ չի ուզում [մարzoom]

Դեղձագույն, արեւապաչ դաշտերի հեռվում մի խորդուբորդ կատարով, միայնակ սար է երեւում։ Դրա փեշերին փռված է Դեղձավան գյուղը, փոքրիկ այնքան, որ շոգ ժամին հեռվից նայելիս թվում է՝ արեւի ջերմությունից լղոզվում է հողին, համարյա չի երեւում՝ մինչեւ չմոտենաս։ Դեղձավանցիները սարը Օձասար են կոչում։

Հեռվում՝ Օձասարն ու Դեղձավանը

Գյուղացիներն անասուններին արոտ են տարել, իրենք էլ տապից պատսպարվել տներում։ Առաջին երկու տների բակերում մարդ-մուրդ չկա, միայն ծտերի ծլվլոց ու դարպասների հետեւից ուղիղ դեմքիս սլացող ճանճեր։ Բայց մի բակում ընկուզենու հովին վերնաշապկի կոճակերն արձակած նստած է մի մորուքավոր տղամարդ։ «Չե՞մ խանգարի»,- հարցնում եմ ցանցի հետեւից։ Զարմացած ինձ է նայում, հետո առանց երկմտանքի ասում՝ «արի՛, աղջիկ ջան»։

Ռոմիկն է, օրվա շոգ ժամերին ամեն օր գալիս, նստում է այս ծառի տակ։ Ասում է՝ ընկուզենու շուրջ մոծակներ չեն հավաքվում։ Բայց երբեմն ձանձրանում է Ռոմիկը, ասում է՝ կուզեր գյուղում մշակույթի տուն լիներ, միջոցառումներ կազմակերպեին, որ գյուղացիները զբաղվեին, կուզեր նաեւ մի տեղ լիներ՝ շախմատ-շաշկի խաղար։ Ուրիշ բանից նա չի բողոքում։ Պատմում է, որ գործի բերումով շատ տեղեր է գնացել, շատ բաներ է տեսել, հիմա էլ աշխատանքից չի նեղվում, ընդհակառակը՝ նեղվում է, եթե աշխատանք չի լինում։ 60-ամյա Ռոմիկը, չնայած սրտի խնդիրներին, այժմ գյուղատնտեսական աշխատանքներով է զբաղվում, համ իր այգին է մշակում, համ էլ որոշակի վարձատրության դիմաց գյուղացիների արտերում է աշխատում։ 

Ռոմիկը

Երբ Ռոմիկն իր երեխաներից, թոռներից է խոսում, ու ես արձանագրում եմ՝ թոռատեր մարդ է, բայց լավ էլ ջահել, ասում է՝ «բա ջահել եմ, ես իմ տարիքի կամ ինձնից մեծ մարդկանց հետ չեմ շփվում, իմ շրջապատում ջահելներ են, ջահելը հեշտ ա հասկանում, տարեցի հետ մի քիչ բարդ ա»։

Ռոմիկը մի քանի անգամ ներս է հրավիրում, որ տիկնոջ հետ ծանոթացնի, թոռներին ներկայացնի, բայց խոսքով ենք ընկնում, դեռ էլի մնում այգում՝ խունացած մետաղե խողովակին նստած։ Զրուցակիցս ասում է՝ համեմատած այլ գյուղերի՝ Դեղձավանի մարդիկ շատ հյուրընկալ են, շատ բարի են, միմյանց հասնող։ Դեղձավանի բնակիչներից շատերը եկել են Վրաստանի Ծալկայի շրջանից։ Ռոմիկն ինքն էլ այդ շրջանի հայաբնակ Խաչգյուղից է։ Եկել է Հայաստան, աշխատել, հետո ամուսնացել ու հաստատվել այստեղ։ Մինչ կգնանք ներս ու իր տիկինը՝ Էլմիրան էլ կմիանա մեր զրույցին․ Ռոմիկն իր այգին է ցույց տալիս ինձ։ Նա ծառից քաղում է հասած, արեւագույն դեղձերը, հետո քայլելով գնում ենք դեպի տուն, որին կապող նեղ ու կարճ արահետի երկու կողմերում հետաքրքիր դրվագները քիչ չեն․ ամեն տեսակի ծառեր՝ նռենուց մինչեւ ձիթենի, մեծ տարայով տարատեսակ մրգեր, որ օղի դառնալու ճանապարհին են, վառարան, որտեղ հաց են թխում օրը մեջ։

Ընդ որում, ինչպես ասում է Ռոմիկը, գյուղում ով ուզում է՝ հանգիստ գալիս, իրենց տանը հաց է թխում։ Միայն ափսոս, որ իմ այստեղ գալուց քիչ առաջ այդ արարողությունն արդեն ավարտել են․ երբ Ռոմիկը վառարանի դուռը բացում է, տաք մետաղի ջերմությունը երեսիս է խփում։ Ի դեպ, Ռոմիկը գյուղի խոհարարն է․ ուրախության կամ տխրության արարողությունների ժամանակ հիմնական ուտեստներն ինքն է սարքում։

«Էլմիրա՜»,- դռան մոտից ձայն է տալիս տիկնոջը ու մինչ արձագանք կստանա, ինձ պատմում է, որ դռան կողքին դրված ծաղիկները կինն է խնամում․ «Շատ ա սիրում։ Հլը էս ի՜նչ ա, կեսն էլ չորացավ, թե ջրից, թե ինչից»,- ասում է Ռոմիկը ու նորից կանչում՝ «Էլմիրա՜, բաբուլյա՜», հետո դիմում թոռներին, որ տատին կանչեն։ 

Բաց դռան վերին փեղկից կախված վարագույրը մի կողմ է տանում տիկին Էլմիրան․ «Աստծու բարին, աղջիկ ջան»,- ողջույնիս միանգամից պատասխանում է նա ու ասում՝ «արի տեսնենք՝ մեր քովն ի՞նչ կա»։ Էլմիրան էլ է Վրաստանից այստեղ տեղափոխվել․ «Ես անձամբ Վրաստան եմ ամուսնացել, բայց վերադարձել ենք ստեղ, աշխատում, ապրում ենք։ Տուն ու տեղ ենք դրել, ընտանիք ենք ստեղծել, չորս երեխա ունինք, ութ թոռնիկ, սպասում ենք իններորդի ծնվելուն։ Թոռներիցս յոթը տղա են։ Էդպես, աղջիկ ջան, աշխատեցինք, ստեղծեցինք, մի օր՝ վատ, մի օր՝ լավ, մի օր մարդ ու կնիկ յոլա գնացինք, մի օր կռվեցինք»,- ասում է տիկին Էլմիրան, ամուսինն էլ շարունակում՝ առանց վեճի ընտանիք չկա։ Բայց երկուսով էլ հաստատում են՝ ոչ մի օր մտքներով չի անցել լքել Հայաստանը․ «Ամենակարեւորը՝ խաղաղություն լինի աշխարհում, մնացած ամեն ինչն էլ մարդու համար է»,- ասում է Էլմիրան, որի որդիները ծառայել են հայկական բանակում։ 

Տիկին Էլմիրան՝ թոռան հետ

Տիկին Էլմիրան գյուղի խնդիրներից ու առավելություններից շատ օբյեկտիվ է խոսում։ Ասում է՝ գյուղի դպրոցը հիմնական է, աշակերտներն իններորդից հետո գնում են հարեւան Պտղավան գյուղի դպրոց, բայց գյուղապետարանը տրանսպորտ է հատկացրել, գնալ-գալը հեշտացել է։ Ասում են՝ այստեղ՝ Դեղձավանում, բնակիչներն իրար թիկունքի կանգնած են, ուրախության առիթ լինի, թե տխրության։ Հիշում են՝ Ռոմիկի երկու եղբայրներն անցած տարի մահացան, իրենց ընտանիքը ոչ մի հարցով չզբաղվեց այդ տխրության ծանր օրերին․ «Բառիս բուն իմաստով ոչ մի բանի չենք խառնվել, մենք մենակ առեւտուր ենք արել, մեր հարեւաններն են մնացած հարցերը լուծել, ժողովրդին ընդունել, ճամփու դրել»։ 

Բացի մշակույթի տան բացակայությունից՝ դեղձավանցիներին մտահոգում է մանկապարտեզ չունենալու հարցը․ «Ես, օրինակ, թոռներ չունեմ մոտս, բայց կուզենայի՝ մանկապարտեզ լիներ, որ հարեւանի երեխեքը զբաղվելու, խաղալու տեղ ունենային»,- ասում է տիկին Էլմիրան, - «արեւի տակ, էս շոգին, կրակին մնում են դրսերը երեխեքը։ Երիտասարդներն էլ զբաղվելու բան չունեն, մի ժամանցի տեղ չկա»։ Խաղահրապարակ էլ չկա, ֆուտբոլի դաշտն էլ մի սովորական փոքրիկ դաշտ է, լրիվ սարքած չէ, անասուններին էլ ֆուտբոլրի դաշտից են հանդ տանում, ուրիշ տեղ չկա։

Իսկ ահա ճանապարհները, ասում է, բարեկարգ են, շատ լավ սարքած։ Տրանսպորտ էլ կա, երկուշաբթիից ուրբաթ 200 դրամով աշխատում է, մեքենան շրջում է Նոյեմբերյանի բնակավայրերով։ Կոմունալ խնդիրները մեծ մասամբ լուծված են, միայն թե կան որոշ թաղամասեր, որտեղ կոյուղագիծ չկա, ինչպես շատ այլ գյուղերում։ Տարիներ շարունակ դեղձավանցիները խմելու ջուրը գնել են տարաներով, հիմա այդ հարցը եւս լուծվել է։ Ռոմիկն էլ հավելում է՝ ոռոգման ջուր էլ կա, բայց խողովակներն են հին։ 

Մեր զրույցի ընթացքում Ռոմիկը գնում է «կովերը բաց թողնելու»։ Կովերն արոտում են, բայց այնտեղ անասուններին ջուր տալու հարմարություն չկա, դրա համար Ռոմիկն օրը երկու անգամ կովերին բերում է ջուր խմելու, նորից ուղարկում արոտ։ Ես նրա հետ դուրս եմ գալիս, գնում գյուղապետարան։ Դեղձավանի վարչական ղեկավարը՝ Յուրիկ Հովհաննեսյանը, հեռու չի ապրում աշխատավայրից։ Մինչ նա կգա, գյուղապետարանի զրուցարանում նստում եմ այնտեղ հավաքված երեխաների մոտ։ Սուրենը, Ռաֆայելը, Ժորան, երեքն էլ ֆուտբոլ խաղալ շատ են սիրում։

Ռաֆայելն ու Ժորան

Սուրենն ու Ժորան ուզում են ֆուտբոլիստ դառնալ, Ռաֆայելը՝ ոստիկան։ Վստահեցնում են՝ դպրոցում լավ են սովորում, Սուրենն ասում է՝ շախմատի դասերին միշտ իրենց են կանչում գրատախտակի մոտ։ Մինչեւ հովը կընկնի ու ֆուտբոլի հավեսը կբացվի, նրանք բլոտ են խաղում։ Ես բլոտ խաղալ չգիտեմ, կուզեի՝ շախմատի տախտակ լիներ սեղանին, մի երկու քայլ էլ ես անեի, բայց այս անգամ նրանց թուղթ ու գրիչ եմ տալիս, որ իրենց խաղի հաշվարկն օդի մեջ չանեն։ 

Ֆուտբոլի դաշտը

Վարչական ղեկավարը գալիս է, նա, ի դեպ, Ռաֆայելի հայրն է։ Զրույցի սկզբում Հովհաննեսյանն ասում է՝ Դեղձավանն աշխարհի կենտրոնն է։ Այդպես է այստեղ ապրող ամեն մեկի համար, ինչպես մյուս գյուղերում՝ տեղացիների։ Դեղձավանը հիմնվել է 1973-ին։ Վարչական ղեկավարն ասում է՝ կզարմանաք, բայց այստեղից արտագաղթողներ չկան։ Կարող է՝ մի քանիսը մեկնեն արտագնա աշխատանքի, բայց գյուղն, ամեն դեպքում, չեն լքում։ 

Հովհաննեսյանը կոյուղու խնդրի մասին, իհարկե, տեղյակ է, բայց դրա լուծումը մեծ փողերի հետ է կապված, բացի դրանից՝ տեղանքի ռելիեֆը տարբեր է, ճանապարհներն էլ ասֆալտապատված են, նախքան աշխատանքներ սկսելն ուսումնասիրություն պիտի անեն, հետո ասֆալտը քանդեն։ Համայնքապետարանում էլ են տեղյակ այս հարցից, բայց կարծես այս պահին միայն հուսալն է մնում, որ հարցը մի օր լուծում կստանա։ 

Մշակույթի տուն ժամանակին եղել է գյուղում, հետո զորամաս է դարձել, հետո, երբ գյուղից դուրս զորամաս է կառուցվել, այդ շենքը դարձել է «հացատուն», հիմա՝ տարբեր առիթների, հանդիսությունների սրահ։ Իսկ մանկապարտեզի նախագծա-նախահաշվային պլաններն արդեն արված են, մնում է Ճապոնիայի դեսպանատունը հաստատի ծրագիրը, ու կսկսեն կառուցման աշխատանքները, եթե ոչ այս տարի, ապա եկող։

Յուրիկ Հովհաննեսյանը

Դեղձավանն, ինչպես ասացի, փոքր գյուղ է։ Այստեղ տնտեսությունների թիվը հարյուրի էլ չի հասնում, բնակիչներն էլ մոտ երեք հարյուրն են։ Հովհաննեսյանը շեշտում է՝ գյուղում դատարկ բնակարան չկա։ Ինքն էլ փորձում է առկա խնդիրները լուծել՝ մարդկանց կյանքը ավելի հեշտ դարձնելու համար։ Ապագայում մտադրված են խաղահրապարակ էլ կառուցել։

Գյուղում նաեւ նախակրթարան է գործում, որտեղ վեց երեխա է հաճախում, իսկ դպրոցում հիսունին մոտ աշակերտ կա։ Մի քանի առարկաների ուսուցիչներ կողքի գյուղերից են գալիս դասավանդելու, օրինակ՝ ռուսերեն, աշխարհագրություն, ֆիզկուլտուրա։ Իսկ մեծերի զբաղմունքն էլ հիմնականում այգեգործությունն է, անասունները քիչ են, խոշոր եղջերավորները՝ ընդամենը 118-ը։ 

Քանի որ արդեն կովերին նորից արոտ են ուղարկել, սպասում են՝ հետ բերելուն, դուրս եմ գալիս գյուղամեջ՝ կարծելով՝ հաստատ մարդ-մուրդ կլինի։ Պատի տակ նստած են չորս գյուղացիներ, նրանցից մեկը Ռոմիկն է։ Կողքին Հրաչը, Սիամանթոն ու Վասիլին են։ Հարցուփորձ եմ անում, ասում են՝ «գրի, որ էս գյուղից ավելի լավ տեղ չկա, ամեն ինչ ունենք՝ դպրոցը կա, խանութները կան, վարսավիրանոց կա, փողոցային լուսավորություն ունենք, ի՞նչ ա պետք մարդուն, ամեն ինչ կա, մենակ մանկապարտեզի հարցն ա, երանի Հայաստանի բոլոր գյուղերն այ սենց լինեին»։

Ռոմիկը, Հրաչը, Սիամանթոն ու Վասիլին

Լսել եմ, որ Դեղձավանում մի երիտասարդ կին կոմպոտների բիզնեսով է զբաղվում։ Առանց հարց ու փորձի եմ ուզում գտնել նրա տունը։ Մի քիչ քայլում եմ, ու Ռոմիկի տնից քիչ հեռու տեսնում մի տուն, որի տանիքին արեւային պանելներ կան։ Մտքովս անցնում է, որ ճիշտ եմ եկել։

«Էս Արուսանց տունն ա՞»,- հարցնում եմ բակում կանգնած աղջնակին։ Ասում է հա ու կանչում՝ «մա՜մ, քեզ են հարցնում»։ Արուսին պատմում եմ իմ մասին, մեր «մարzoom» նախագծի մասին, ու միասին գնում ենք նրանց փոքրիկ արտադրամաս։

Արուսը

2019 թվականին Արուս Ղազարյանը որոշում է բիզնես սկսել, ու «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ հենց այդ տարի էլ սկսում է։ Սկզբում վերանորոգում է հին ավտոտնակը, որն այժմ իրենց արտադրամասն է։

«Ի սկզբանե բիզնես ծրագիրը գրելիս նախատեսել էի օշարականեր պատրաստել, բայց հետո հասկացա, որ մաքուր օշարակաները կամ պիտի շատ թանկ վաճառեմ, կամ չեմ կարող այդքան հաճախորդ ունենալ թանկով, մարդիկ ավելի էժան օշարակներից են օգտվում»,- պատմում է Արուսն ու շարունակում,- «չընկճվեցի, ու արդեն 2020 թվին անմիջապես միտք եկավ, որ ես պետք ա կոմպոտ անեմ, համ գյուղին օգտակար կլինեմ, համ իմ բիզնեսը կանեմ։ Ես միշտ ասում եմ՝ մրգի առումով էս գյուղն աշխարհի կենտրոնն ա, որովհետեւ ամենահամով ու ամենահյութալի մրգերը մեզ մոտ են լինում»։ 

Այսպես, Արուսը հիմնում է «Հայք ֆուդ» ընկերությունը ու հիմա զբաղվում է կոմպոտների, մուրաբաների, պահածոների արտադրությաբ։

2020թ․ համավարակի, պատերազմի ծանր շրջանում Արուսի բիզնեսը շարունակել է աշխատել։ Նա պատմում է, որ զինվորներին պատերազմի օրերին միշտ կոմպոտ ու մուրաբա են ուղարկել․ «Ամուսինս տանում, գյուղապետի հետ բաժանում էին կոմպոտները։ Որ ամեն շաբաթ Յուրան (գյուղապետը) պիտի տաներ պոստ, զանգում էր ինձ, ասում էի՝ ինչքան կոմպոտ ա պետք, ինքն ասում էր՝ էսքան շիշ, խնդիր չկա, դնում, ուղարկում էինք»։ 

Այդ տարվա ամբողջ արտադրանքն էլ վաճառել են միջնորդին, հաջողությամբ շարունակել աշխատել, սկսել է նոր սարքավորումներ ձեռք բերել։ Արուսը շատ ոգեւորված է իր աշխատանքով, դժվարություններից էլ չի վախենում․ «Էն մի փոքրիկ գումարն էլ, որ մեր տուն ա մտնում, արդեն տեղավորված ա, որովհետեւ ուզում ենք նենց բան ստեղծենք, որ համ արտադրական տարածքն իր հիգիենիկ վիճակով ոչ մի պրոբլեմ չունենա, համ մեր ապրանքը գրագետ տեսք ունենա, հաճախորդը գա, մտնի մեր արտադրամաս, ինքը դրանից լավ զգա»,- կոմպոտների շշերը դասավորելով՝ ասում է Արուսը։ Հետո ինձ հարցնում՝ ես որի՞ց եմ սիրում, ես էլ, դե, ինչ մեղքս թաքցնեմ, բալի կոմպոտ շատ եմ սիրում։ Եւ դուք միայն փորձեք, թե ինչ համով է Արուսի սարքած բալի կոմպոտը։

Արուսի արտադրամասում սարքավորումները նոր են, մեկը՝ պահածոների շշերն է փակում, մեկը եփում է, մեկը պիտակ է փակցնում։ Բայց պատրաստվում են ինքնակպչուն պիտակներ էլ ձեռք բերել, այդպես կհեշտանա աշխատանքը։ Դրան օգնում են նաեւ արեւային պանելները։ Արուսն ասում է՝ հենց մեծացնի արտադրամասը, պանելներն էլ կավելացնի։ Իսկ այս գյուղում արեւն այնքան մոտ է թվում, որ հյուրընկալս հաստատ էներգիայի պակաս չի ունենա։

Զրուցակցիս արտադրամասում գյուղի չորս-հինգ կանայք էլ են աշխատում․ «Ես իրենց ինձանից չեմ տարբերում, աշխատում ենք բոլորով, ես իրենցից մեկն եմ»,- վստահեցնում է Արուսը ու ասում։ 

Ի դեպ, Արուսի արտադրանքը կարելի է ձեռք բերել նաեւ օնլայն հավելվածներով, ինչպիսին է, օրինակ, «Կորիզը»։

Դեղձավանում, ինչպես ասացի, նաեւ ձիթապտուղ է աճում։ Արուսն էլ առիթը բաց չի թողել եւ փորձել է նաեւ ձիթապտուղ փակել։ Ասում է՝ շատ հավանել են, հիմա էլ, երբ ձիթենին պտուղներ տա, նորից կպահածոյացնի։ Անցած անգամ ողջ արտադրանքը վաճառել է։ 

Արուսենց բակը, որտեղ ապագայում մեծ արտադրամասը կլինի

Բայց այս բիզնեսում նաեւ դժվարություններն են շատ, գնորդները տարբեր մարդիկ են՝ տարբեր բարեխղճության, հետո պետք է շատ հաշվարկել, շատ աշխատել, գնած ապրանքը կարողանալ իրացնել։ Արուսին իր աշխատանքում ողջ ընտանիքն է աջակցում։ Ասում է՝ գյուղացիներն էլ ամեն տեղ իր արտադրանքը գովազդում են, գովում։ Զրուցակիցս նույն խանդավառությամբ պատրաստվում է տան բակում ավելի բարեկարգ արտադրամաս հիմնել, ավելի լավ պայմաններով, ընտիր սարքերով, մի խոսքով՝ իր ներուժն է դնում լավագույն որակ ստանալու համար։ Արուսն ինձ ճանապարհելիս հետս կոմպոտ է դնում։ Ես որոշում եմ Նոյեմբերյան հասնել ավտոստոպով, ու ինձ տեղ հասցրած վարորդին պատմում եմ այս գյուղի, այնտեղ ապրող ջերմ մարդկանց, Արուսի ու իր բիզնեսի մասին, կոմպոտն էլ նվիրում նրան, որ անունը հանկարծ չմոռանա։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել