«Ժողովրդավարության բաստիոնը» այսօր իր քաղաքացիներին սպառնում է՝ հենց Նիկոլի դեմ դուրս եկաք, սահմանին մորթվելու եք ադրբեջանցիների կողմից․ Աննա Մկրտչյան |news.am|
11:22 - 15 սեպտեմբերի, 2022

«Ժողովրդավարության բաստիոնը» այսօր իր քաղաքացիներին սպառնում է՝ հենց Նիկոլի դեմ դուրս եկաք, սահմանին մորթվելու եք ադրբեջանցիների կողմից․ Աննա Մկրտչյան |news.am|

news.am: Մենք երեկ նպատակ ունեինք լինելու Բաղրամյան պողոտայում, աջակցելու քաղաքացիներին, քանի որ ինչպես հայտարարել էինք, որ լինելու ենք այնտեղ, որտեղ կա իրական բողոք եւ անկեղծ ցանկություն Նիկոլին վռնդելու, որովհետեւ այս մարդն է մեղավորն ու պատասխանատուն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«Նիկոլը դավաճանելու է Հայաստանն այնքան, մինչեւ վերջին հայը չմորթվի թուրքի ու ադրբեջանցու կողմից: Ընդդիմադիր պատգամավորները մեկ մարդու նման ստորագրել են անվստահություն հայտնելու այդ փաստաթուղթը, եւ ինչպես երեկ հարթակը կազմակերպողներն են հայտարարել, մնում էր իրենց կողմից այդ 18 պատգամավորին բերման ենթարկել, խնդրել, համոզել եւ այլն:

Ակնհայտ է, որ այդ մարդիկ համոզման ենթակա չեն, որովհետեւ կապված են ոչ թե քաղաքական կապերով, ոչ թե պետական շահով, այլ հանցակցությամբ, իսկ հանցակիցներին փորձ անել բաժանել, նշանակում է իրենց պատասխանատվության ժամը մոտեցնել: Իրենք դա թույլ տալ չեն կարող: Մենք այսօր էլ այստեղ ենք, ոչ մի հնարավորություն բաց չենք թողնելու սրանից ազատվելու, որովհետեւ պարզ գիտակցում կա, որ Հայաստանի վիճակն այսպիսին է, որովհետեւ ամենագլխավոր մարտահրավերը նստած է կառավարության շենքում»,-ասաց նա:

Անդրադառնալով իշխող թիմի կողմից հնչող հայտարարություններին, թե երեկ Բաղրամյան պողոտայում հավաքվածները լավագույն մոբ ռեսուրսն են, Աննա Մկրտչյանն ասաց. «Նրանք ըստ էության ասում են՝ հայրենիք ունեցող հայեր, մենք կարող ենք կազմակերպել, որպեսզի թուրքը ձեզ մորթի: Ինքը 2 օր առաջ ԱԺ-ում արել է հետեւյալ արտահայտությունը՝ էլ քանի՞ կռվող կա Հայաստանում: Ուզում է հաշվի կռվողներին, իրենց էլ մորթելու ուղարկի ու հարցը փակի: Բացարձակ սուտ է, որ ՔՊ-ի որեւէ պատգամավոր երեկ սահմանում է եղել: Երեւի «Էրատոյի» նման մի տեղ փորել, մտել են, որ հյուրանոցներից դուրս գան, սիրուն նկարվեն ու հետ գան:

Ցավում եմ, որ ԱԱԾ-ն այնքան է հեղինակազրկվել, որ ոչ միայն Նիկոլի ախռաննիկությունն է անում, այլ նաեւ արդեն լրատվությունն է Նիկոլի ապահովում: Բոլորս լսել ենք, որ Նիկոլ ասել է՝ ես ստորագրելու եմ, հիմա ասում են՝ տենց բան չի ասել, դուք խեղաթյուրում եք: Մի հատ բացեք, նորից լսեք:

Ակնհայտ է, որ վախեցած են, ակնհայտ է, որ բանակցել են, որովհետեւ երկու օր է գալիս է ԱԺ, մի խոսք Արցախի մասին չկա: Առաջ գոնե Արցախի իրավունքներից էր խոսում, հիմա դրա մասին էլ խոսք չկա: Արդեն Հայաստանի բնակավայրերը ծախելն է ուզում լեգիտիմացնել: Ես հույս ունեմ, որ այս անգամ մեր կամքը մինչեւ վերջ կլինի»:

Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաեւ նախօրեին Նիկոլ Փաշինյանի արած հետեւյալ հայտարարությանը. «Ես ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն գնալ ծանր որոշումների հանուն խաղաղության։ Բայց ծանր որոշումներ չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ։ Մենք էդ որոշումներին պիտի գնանք՝ երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը։ Մենք չենք կարող էսօր վերնագրի ներքո գրել խաղաղության պայմանագիր, տակը ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս հետո նոր պատերազմ սկսվի։ Մենք ուզում ենք, որ ստորագրենք մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29 800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Որոշումը, որը սա ապահովելու է, ես ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ»:

Աննա Մկրչյանը վստահություն հայտնեց, որ դրանով ցույց են տալիս, որ Արցախն այլեւս քննարկման առարկա չէ. «Ես այնքան ուրախ եմ, որ նաեւ Ստեփանակերտում եղավ արձագանք, մարզերում հավաքվեցինք: Երեկ մենք ցւոյց ենք տվել, որ մենք անկամք մի զանգված չենք:

Հ1-ով մեզ ասում են՝ բոլորիդ տանելու ենք մորթելու, չհամարձակվեք մեր դեմ դուրս գալ: «Ժողովրդավարության բաստիոնը» այսօր իր քաղաքացիներին սպառնում է հետեւյալ նախադասությամբ՝ հենց Նիկոլի դեմ դուրս եկաք, սահմանին մորթվելու եք ադրբեջանցիների կողմից: Այսինքն ասում են՝ էս երկիրը Նիկոլինն է, ոնց կուզենա, որ աճուրդին կուզենա՝ կդնի»:

Աննա Մկրտչյանը նկատեց, որ իրենք միացել են իմպիչմենթի պահանջին եւ անգամ վարչապետի թեկնածուի մասին խոսք չկա. «Հանրային պահանջ էր ձեւավորվել Բաղրամյան պողոտայում տլ ստորագրություններ, տվել ենք, նորից ենք պատրաստ տալ: Հիմա խոսել իշխանափոխության անհրաժեշտության մասին, որովհետեւ ինչ-որ մեկն ուզում է գալ վարչապետ... այս ավերված երկրում, ինչ թվում է՝ միայն քաղաքական առումով խելագարը կարող է գալ: Բացառապես հայրենասիրական հիմունքներ է պետք երկիրը ոտքի կանգնեցնելու համար»:

Հիշեցնենք, որ Վահագն Ալեքսանյանը հայտնել է, որ «օպերատիվ աշխատանք է տարվում բոլորին (ակցիայի մասնակից երիտասարդ տղաներին- խմբ․) իդենտիֆիկացնելու ուղղությամբ», հետո առաջնագիծ ուղարկելու ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել