Փոփոխություններն անխուսափելի են և շատ ցավալի ռեակցիա են առաջացնելու հատկապես էլիտայի մոտ․ Ռուբեն Վարդանյան |news.am|
17:34 - 10 դեկտեմբերի, 2022

Փոփոխություններն անխուսափելի են և շատ ցավալի ռեակցիա են առաջացնելու հատկապես էլիտայի մոտ․ Ռուբեն Վարդանյան |news.am|

news.am: Սահմանադրության փոփոխության գործընթացը պետք է հնարավորինս արագ շարունակել, սակայն այնպես, որ Կառավարությունը, խորհրդրարանական և արտախորհրդրարանական ուժերը, հասարակական կազմակերպությունները նստեն մի սեղանի շուրջ և հասկանան, համաձայնության գան, ոչ թե իրար դեմ պայքարեն: Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:

«Մենք ապրում ենք յուրահատուկ իրավիճակում, ռազմական դրություն է, և մեր Սահմանադրությունը պետք է լիովին ապահովի մեր կառավարման արդյունավետությունը: Մարդիկ պետք է հարգեն Սահմանդրությունը, հասկանան՝ ամենակարևոր օրենքն է, որը մեր կյանքն է ապահովում»,- նշել է Վարդանյանը:

Նա ամփեցեց Պետական նախարարի պաշտոնում իր 36-րդ օրը: Վարդանյանը վստահ է՝ կատարվել է շատ կարևոր գործ, որը հասարակության համար հիմնականում չի երևում, սակայն հստակ թույլ է տալիս իրեն զգալ և հասկանալ Արցախի խնդիրները և ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կիրականացնեն փոփոխություններ, իակ որոշ փոփոխություններ էլ արդեն իսկ իրականացվել են:

«Հնարավոր է կատարված փոփոխությունները շարքային քաղաքացիները դեռ չեն զգացել, բայց հավատացեք, որ մարդկանց մի շերտ, որոնք ունևոր են և այլ հարաբերություններ են ունեցել Կառավարության հետ, արդեն լավ զգացել են դա։ Մարդիկ չեն հավատում իշխանություններին, կա վստահության կորուստ։ Որպեսզի վերականգնվի հասարակության հավատը ղեկավարության հանդեպ, կառավարման մոտեցումը պետք է վերանայենք։ Եթե ճգնաժամի ժամանակ առաջնորդին չես հավատում, ոչ մի բան չես կարող անել, ու մենք պետք է ընդունենք, որ փոփոխություններն անխուսափելի են և դրանք շատ ցավալի ռեակցիա են առաջացնելու հատկապես էլիտայի մոտ: Հասարակության մեջ ստեղծված է շատ հիվանդ իրավիճակ, երբ ունևորներն ավելի շատ են օգտվում ծրագրերից, քան հասարակ մարդիկ»,- ընդգծել է Վարդանյանը։

Ռուբեն Վարդանյանը կարծում է՝ Կառավարության կազմում փոփոխություններ կատարելը անխուսափելի էր սահմանված նպատակներին հասնելու համար: Պետական նախարարը շնորհակալություն է հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին կադրային փոփոխություններ անելու հարցում իրեն լիակատար ազատություն տալու համար:

«Մարդիկ ամեն ինչին մի փոքր շատ անձնական են նայում՝ ում ումով փոխարինեց: Բայց սրանք նոր մոտեցումներն են, որոնք ես փորձելու եմ ծավալել իմ գործունեության մեջ: Կձևավորի թիմը, որը կհաձայնի սահմանված նպատակներին: Այդ մարդկանց մեջ կարող են լինել և նախկին նախարարներ, և նոր ազատված նախարարներ, և լիովին նոր գործիչներ, որովհետև մեր մոտեցումը թույլ է տալիս տարբեր փորձ ունեցող մարդկանց քայլել դեպի նպատակը: Մինչ այս պահը մեր պլանավորածը և մեր հնարավորությունները չեն համընկել, պետք է հասկանանք, որ մեր հարևան երկիրը անելու է ամեն ինչ, որ մենք վնասներ կրենք։ Բյուջեի գումարները պետք է ոչ թե ուղղակի բաժանենք, այլ ծախսենք՝ հասկանալով, թե ինչ արդյունք ենք ունենալու»,- նշում է Վարդանյանը:

Ռուբեն Վարդանյանն ընդգծում է՝ լինելով հաջողված մարդ՝ ունեցել է հնարավորություն ապրելու աշխարհի տարբեր երկրներում, սակայն ցանկանում է ինքն իրեն, իրոք, հարգել:

«Եթե ուզում եմ, որ իմ երեխաները հայ մնան, պետք է ամեն ինչ անեմ, որ Արցախը մնա անկախ և հայկական։ Ես այստեղից դուրս չեմ գալու, մինչև Արցախը չդարձնենք այն երկիրը, որտեղ մարդիկ կցանկանան ապրել հանգիստ և անվտանգ»,- ասել է Վարդանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել