Միաբևեռից դեպի երկբևեռ տարածաշրջան․ Հարավային Կովկասը 44-օրյա պատերազմից հետո | Հանրագիտ

44-օրյա պատերազմը մի շարք փոփոխություններ բերեց Հարավային Կովկաս, և այդ փոփոխություններից մեկն է Թուրքիայի դերի ուժեղացումը։ Մինչ պատերազմը գիտական գրականության մեջ ընդունված տեսակետ էր այն, որ նախկին խորհրդային հանրապետությունները միասին կազմում են մի տարածաշրջան՝ կենտրոնացած մեկ ուժեղ տերության կամ բևեռի՝ Ռուսաստանի շուրջ։ Պատերազմից հետո իրավիճակը փոխվել է․ մասնավորապես՝ Հարավային Կովկասում ի հայտ է եկել ևս մի բևեռ՝ Թուրքիան, իսկ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը հետխորհրդային տարածքի այլ երկրների հետ այլևս չունեն անվտանգային այն ընդհանրությունները, ինչ ունեին 90-ականներին կամ 2000-ականներին։

Հարավային Կովկասում հետպատերազմյան շրջանի փոփոխությունների մասին է պատմում պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ Էրիկ Դավթյանի և քաղաքական գիտությունների թեկնածու, ռուսագետ Նարեկ Սուքիասյանի՝ The International Spectator ամսագրում վերջերս հրապարակված հոդվածը։

 

Տարածաշրջանային անվտանգության համալիրի տեսությունը և Հայաստանը

Դեռևս 2003-ին Բարրի Բուզանը և Օլե Վևերը առաջ քաշեցին տարածաշրջանային անվտանգության համալիրի տեսությունը, որն ամբողջ աշխարհը տարածաշրջանների կամ տարածաշրջանային անվտանգային համալիրների է բաժանում ու նկարագրում այդ համալիրներում տերությունների միջև հարաբերությունները։ Տեսության հեղինակները նշում են՝ տարածաշրջանն այն մակարդակն է, որտեղ պետությունները կամ այլ միավորներ այնքան սերտորեն են կապված իրար հետ, որ նրանց անվտանգային համակարգերը չեն կարող դիտարկվել իրարից անջատ։ 

Հոդվածի համահեղինակ Նարեկ Սուքիասյանը նշում է, որ ըստ Բուզանի և Վևերի՝ Սառը պատերազմից հետո անվտանգային հետազոտություններ պետք է իրականացնել ոչ թե գլոբալ կամ լոկալ մակարդակներում, այլ հենց տարածաշրջանային, քանի որ պետությունների մեծ մասի դեպքում անվտանգային հարցերում հիմնական անհանգստություններն «իրենց հարևանությունից ավելի հեռու չեն գնում»։

Նարեկ Սուքիասյանը

 

Բուզանը և Վևերը, հետսառըպատերազմյան աշխարհը տարածաշրջանների բաժանելուց բացի, տերությունների մի քանի տեսակներ են նշում։ Առաջինը գերտերություններն են։ Սրանք այն պետություններն են, որոնք կարող են ցանկության դեպքում մասնակցություն ունենալ տարածաշրջանային բոլոր համալիրների անվտանգային գործընթացներին։ Այսպիսի պետություն նրանք համարում են միայն Ամերիկայի Միացյալ Նահանգները (ԱՄՆ)։ Հաջորդիվ գալիս են մեծ տերությունները, որոնք դոմինանտ են որևէ տարածաշրջանում, բայց կարող են փոխհարաբերությունների մեջ մտնել նաև այլ տարածաշրջանների հետ։ Այդպիսին է, օրինակ, Ռուսաստանը։ Մի մակարդակ ներքև են տարածաշրջանային տերությունները, ինչպիսիք են Իրանը, Բրազիլիան կամ Հարավաֆրիկյան Հանրապետությունը․ սրանք դերակատաներ են կոնկրետ տարածաշրջանների ներսում։ Եվ վերջում Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի նման փոքր պետություններն են, որոնք կախված են մեծ տերություններից։

Հոդվածի համահեղինակ Էրիկ Դավթյանը նշում է՝ անվտանգային համալիրներում կարող են լինել տարածաշրջանային դերակատարներ և բևեռներ։ Տարածաշրջանային դերակատարներն այն տերություններն են, որոնք տվյալ տարածաշրջանում ունեն շահեր և որոշակի ներգրավվածություն, մինչդեռ բևեռ համարվող տերությունները կենտրոանական դեր ունեն տարածաշրջանի անվտանգային և տնտեսական հարցերում։

Էրիկ Դավթյանը

 

Բուզանը և Վևերը Հայաստանը նախկին խորհրդային մյուս հանրապետությունների հետ տեղավորում են հետխորհրդային տարածաշրջանային անվտանգային համալիրում։ Այս տարածաշրջանը նրանք բնորոշում են որպես միաբևեռ՝ Ռուսաստանը համարելով միակ բևեռ։ Միաժամանակ, նրանք հետխորհրդային համալիրը բաժանում են մի քանի ենթահամալիրների, որոնք են Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիան, ինչպես նաև Ուկրաինան, Բելառուսն ու Մոլդովան միասին կամ, այսպես կոչված, Արևմտյան թատերաբեմը։

Հարավային Կովկասը՝ որպես առանձին համալիր

Հարցերից մեկը, որ հոդվածի համահեղինակներ Էրիկ Դավթյանն ու Նարեկ Սուքիասյանը 2020-ի պատերազմին հաջորդող իրականությունում տվեցին այս տեսության վերաբերյալ, հետևյալն էր․ արդյո՞ք Հարավային Կովկասը շարունակում է հետխորհրդային նախկին հանրապետությունների հետ մաս կազմել տարածաշրջանային անվտանգային նույն համալիրի։

Հոդվածի հեղինակները համաձայն են այն հարցում, որ այս տեսությունն իսկապես արժեքավոր է և միջազգային հարաբերությունները նկարագրելու առումով շարունակում է ակտուալությունը պահպանել։ Մյուս կողմից, սակայն, նրանք նշում են, որ 2003-ից ի վեր «շատ ջրեր են հոսել», ու առնվազն հետխորհրդային տարածաշրջանային համալիրի ձևակերպումը թարմացման կարիք ունի։

Հեղինակներն առաջին հերթին պնդում են, որ Հարավային Կովկասը պետք է համարել տարածաշրջանային առանձին համալիր, քանի որ այն տարածաշրջանի մյուս ենթհամալիրների հետ այլևս չունի այնքան ընդհանրություններ, որքան ուներ 2000-ականների սկզբին, երբ գրվում էր Բուզանի ու Վևերի տեսությունը։ 

«Մենք, տեսությանը 25 տարի անց հայացք նետելով, պնդում ենք, որ անվտանգային գործընթացներն Արևմտյան թատերաբեմում, Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում իրարից չափազանց բաժանված են՝ տրամաբանորեն փոխկապակցելու մեկ հովանոցի տակ»,- նշում է Նարեկ Սուքիասյանը։

Հեղինակների մյուս պնդումը վերաբերում է տարածաշրջանի՝ միաբևեռ լինելուն․ նրանք նշում են՝ Ռուսաստանի ազդեցությունը 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում թուլացել է, իսկ Թուրքիայինն ուժեղացել է այնքան, որ այն այսուհետ ոչ թե պարզապես  տարածաշրջանային դերակատար է, այլ հենց բևեռ։ Այսպիսով, հոդվածի հեղինակները Հարավային Կովկասը բնորոշում են որպես երկբևեռ տարածաշրջանային առանձին համալիր։

Ռուսաստանն՝ ավելի թույլ, և Թուրքիան՝ ավելի ուժեղ դիրքերում

Հոդվածի հեղինակները գրում են, որ ավանդաբար Հայաստանն ավելի մեծ կախվածություն է ունեցել Ռուսաստանից, քան Վրաստանն ու Ադրբեջանը։ Ռուսաստանը Հայաստանում ունի ռազմաբազա, Հայաստանը Ռուսաստանից տնտեսական կախվածություն մեջ է, իսկ Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցությունը խոչընդոտում է Եվրոպական Միության (ԵՄ) հետ մերձեցումը։

Հեղինակները նշում են՝ Ադրբեջանն, ի տարբերություն Հայաստանի, ժամանակի հետ տնտեսապես պակաս կախված է դարձել Ռուսաստանից, ինչպես նաև որոշել է չանդամակցել ԵԱՏՄ-ին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)։ Այդ պատճառով է, որ Ռուսաստանն Ադրբեջանի նկատմամբ շատ ավելի սիրաշահող քաղաքականություն է վարել, քան, օրինակ, Հայաստանի՝ ձգտելով Ադրբեջանին բերել իր ազդեցության ծիր։

Հեղինակները կարևորում են նաև այն փաստը, որ Ռուսաստանն էական դեր ուներ՝ որպես Արցախյան հակամարտության կարգավորման միջնորդ, ինչպես նաև պատերազմող կողմերին զենքի հիմնական մատակարարող։

Նարեկ Սուքիասյանը հավելում է՝ Վրաստանի դեպքում էլ Ռուսաստանի անվտանգային ներգրավվածությունը, չնայած բացասական առումով, սակայն գոյություն ունի (2008-ի պատերազմ, այնուհետև՝ ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն կարգավիճակ)։

Այսպիսով, Ռուսաստանը համապատասխանել է և շարունակում է համապատասխանել այն բոլոր չափանիշներին, որոնք, ըստ տարածաշրջանային անվտանգության համալիրի տեսության, անհրաժեշտ պայման են տարածաշրջանային բևեռ համարվելու համար։

Սակայն Էրիկ Դավթյանի ու Նարեկ Սուիքասյանի հետազոտությունը ցույց է տալիս, որ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանային բևեռ լինելու չափանիշներին սկսել է համապատասխանել նաև Թուրքիան։

Հոդվածի հեղինակները գրում են, որ կոշտ ուժի քաղաքականության, այսինքն՝ անվտանգային հարցերում զգալի ներգրավվածության առումով Թուրքիան Ռուսաստանից պակաս ազդեցիկ էր մինչև 2020 թվականը։ Ի տարբերություն Ռուսաստանի՝ Թուրքիան մշտական ռազմական ներկայություն չուներ տարածաշրջանում և թեև սերտ ռազմական համագործակցություն ուներ Ադրբեջանի հետ, այն զիջում էր ռուս-ադրբեջանական հարաբերություններին։ Մասնավորապես՝ 2011-2020 թթ․ Ադրբեջանի զենքի ներկրումների 60%-ը եկել է Ռուսաստանից, և միայն 2․9%-ը՝ Թուրքիայից։ Չնայած սրան՝ Թուրքիան Հարավային Կովկասում երկրորդ բևեռը դառնալու փորձեր անում էր, ինչը հեղինակները բացատրում են մի քանի գործոններով։ 

«2002 թ․ «Արդարություն և զարգացում կուսակցության»՝ իշխանության գալուց հետո Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ենթարկվեց խոշոր գաղափարական և հայեցակարգային փոխակերպման՝ վերաիմաստավորելով Թուրքիայի դերը և ակտիվության մակարդակը իր հարևանությունում և դրանից դուրս։ Կառավարությունը Թուրքիան ընկալում էր որպես երկիր, որն ունի հատուկ պարտավորություններ նախկին Օսմանյան կայսրության բոլոր տարածաշրջաններում։ 2011 թ․ արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն ազդարարեց Անկարայի հավակնությունը՝ ասելիք ունենալու իր հարևանությամբ, ներառյալ՝ Հարավային Կովկասում, «տարածաշրջանային կարգերի վերակառուցման» հարցում»,- ասվում է հոդվածում։

Բացի այդ՝ հեղինակները նշում են, որ 2000-ականներից ի վեր՝ աշխարհն ականատես է լինում բազմաբևեռ միջազգային կարգի ի հայտ գալուն, ինչն էլ նպաստավոր է Թուրքիայի նման ռևիզիոնիստ տերությունների կողմից տարածաշրջանային ազդեցության ավելի մեծ նկրտումներ ունենալու համար։ 

Հոդվածի հեղինակների խոսքով մեր տարածաշրջանում ռուսական ազդեցությունը նվազեցնելու առաջին փորձերը Թուրքիան կատարեց դեռևս 2010-ականներին։ 2010-ին, մասնավորապես, Թուրքիան և Ադրբեջանը ստորագրեցին «Ռազմավարական գործընկերության և փոխադարձ օգնության» համաձայնագիր, որով պարտավորվեցին կողմերից մեկի վրա հարձակման դեպքում աջակցել միմյանց «բոլոր անհրաժեշտ միջոցներով»։ 

«Թեև այս փաստաթուղթը չէր նշանակում պաշտոնական ռազմական դաշինքի հաստատում, բևեռայնության դինամիկայի առումով կարևոր էր՝ հաշվի առնելով, որ Թուրքիան դարձավ երկրորդ երկիրը (Ռուսաստանի հետ միասին), որը (թեև սահմանափակ) անվտանգային պարտավորություն ստանձնեց հարավկովկասյան պետության նկատմամբ»,- ասվում է հոդվածում։

Ի հավելումն՝ այդ ժամանակ Թուրքիան և Ադրբեջանը ակտիվացրին համագործակցությունը ռազմական կրթության, զինվորական վարժանքների և զենքի մատակարարումների ոլորտներում։

Հաջորդիվ հեղինակները հիշեցնում են 2016-ի Ապրիլյան պատերազմը, երբ «Անկարան ուժեղացրեց իր քաղաքական աջակցությունն Ադրբեջանին»։ Ռուսաստանն այն ժամանակ անընդունելի համարեց Թուրքիայի վաքագիծը։ 

Իսկ արդեն 2020-ին, երբ Թուրքիան ընդլայնեց իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում, միաբևեռ համակարգը սկսեց աստիճանաբար անցում կատարել երկբևեռի։ 

«Մասնավորապես, թուրքական F-16 կործանիչները, որոնք տեղակայված էին Ադրբեջանում նախքան պատերազմը, զգալիորեն նպաստեցին Ադրբեջանի օդային գերակայության ապահովմանը պատերազմի ընթացքում: Բացի այդ՝ Թուրքիան Սիրիայից Ադրբեջանի բանակում կռվելու համար հազարավոր վարձկաններ բերեց, գաղտնի տեղեկություններ տրամադրեց և օգնություն ցուցաբերեց ռազմական գործողությունների հրամանատարության հարցում»,- նշվում է հոդվածում:

2020-ի պատերազմի ժամանակ էր, որ Ադրբեջանի՝ ռուսական դպրոցով անցած ռազմական էլիտան փոխարինվեց թուրքական դպրոցով անցածներով։

«Ադրբեջանական բանակն այժմ ավելի քիչ է կախված Ռուսաստանից և ավելի շատ՝ Թուրքիայից, քանի որ Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է իր զինված ուժերի զարգացման պլանը՝ հիմնված թուրքական մոդելի վրա»,- ասվում է հոդվածում։

 

Հեղինակների խոսքով 1990-ականներից Ռուսաստանը եղել է միակ տերությունը, որը դաշինքներ է ստեղծել տարածաշրջանում։ Սակայն 2021-ին Թուրքիան և Ադրբեջանը ստորագրեցին հռչակագիր «Դաշնակցային հարաբերությունների մասին»՝ պաշտոնապես բարձրացնելով իրենց հարաբերությունները ռազմավարական գործընկերությունից դեպի դաշինքի։ Սա, հեղինակների բնորոշմամբ, «վերացրեց միաբևեռության վերջին հենասյունը»։

Նարեկ Սուքիասյանը Թուրքիայի՝ տարածաշրջանային բևեռ դառնալու երկու կարևոր շերտ է առանձնացնում՝ սուբյեկտիվ և միջսուբյեկտիվ։ 

«Ի՞նչ է սուբյեկտիվը, երբ պետությունները սուբյեկտիվորեն տվյալ տարածաշրջանը համարում են իրենց համար կարևոր, իրենց ինքնության մաս։ Ռուսաստանը իր հետխորհրդային կամ հետկայսերական ինքնության մեջ մեր տարածաշրջանը միանշանակ համարում է իր անբաժանելի մասը, շատ խանդոտ վերաբերվում այլ տերությունների նկրտումներին այստեղ։ Թուրքիան նույնպես, հատկապես վերջին 2 տասնամյակներին, իր ինքնության մաս էր դարձրել Հարավային Կովկասը, դա ներկայացնում էր որպես իր արտաքին քաղաքականության կարևոր ուղղություն։ Հետևաբար՝ մնում էր վերջին կարևոր չափանիշը, որին պետք էր համապատասխանել՝ միջսուբյեկտիվը։ Միջսուբյեկտիվն այն է, երբ տարբեր դերակատարներ իրենք իրենց անունից սուբյեկտիվորեն միմյանց ընդունում են որպես լեգիտիմ դերակատարներ՝ տարածաշրջանի մաս կազմելու համար։ Այսինքն՝ Ռուսաստանը պետք է ընդունի, որ Թուրքիան էլ ասելիք ունի այստեղ»,- բացատրում է գիտնականը։

44-օրյա պատերազմից հետո, փաստորեն, Թուրքիայի՝ բևեռ լինելու հանգամանքը նաև հաստատվում է միջսուբյեկտիվ մակարդակում։ Նարեկ Սուքիասյանի խոսքով, եթե, օրինակ, 2020-ի ամռանը՝ Տավուշյան մարտերի ժամանակ, Ռուսաստանից կոշտ արձագանքներ էին հնչում Թուրքիայի ուղղությամբ, երբ վերջինս սոլիդարություն էր հայտնում Ադրբեջանին և Մինսկի խմբի ձևաչափը փոխելու փորձեր անում, ապա 44-օրյայից հետո իրավիճակը փոխվեց։ 

«Արդեն 44-օրյա պատերազմի ժամանակ մենք տեսնում ենք, որ բոլոր հրադադարներեը տապալվեցին Թուրքիայի գործուն սոլիդարության պատճառով։ Եվ վերջում հրադադարի հասնելու համար Ռուսաստանը ստիպված եղավ Թուրքիայի շահերը հաշվի առնել։ Դրա վառ մանիֆեստացիան եղավ Ակնայում ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի հիմնումը, այսինքն՝ [Ռուսաստանն] արդեն ստիպված եղավ ընդունել, որ Թուրքիայի հետ միասին կարող է տարածաշրջանի անվտանգությունը լուծել»,- նշում է գիտնականը։

Էրիկ Դավթյանը շեշտում է նաև մի օբյեկտիվ հանգամանք՝ Թուրքիայի հզորացումը․ «Երբ Ռուսաստանի ու Թուրքիայի թե՛ տնտեսական, թե՛ ռազմական պոտենցիալները համեմատում ենք, իհարկե չենք ասի, որ Թուրքիան անցել է Ռուսաստանին, բայց տարբերությունը գնալով նվազել է»։ 

Հոդվածի հեղինակները գրում են, որ հետագա իրողությունները նպաստեցին տարածաշրջանում Թուրքիայի դերի ամրապնդմանը։ Մասնավորապես՝ ռուս-ուկրաինական պատերազմը Ռուսաստանի ռեսուրսների մեծ մասը շեղեց տարածաշրջանից՝ ազդելով զենքի մատակարարումների վրա, Ռուսաստանը անգործություն ցուցաբերեց Արցախում 2023-ի էթնիկ զտումների ժամանակ, իսկ պատերազմից հետո Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահները 2024-ին ամբողջությամբ դուրս բերվեցին։

Փոփոխության պատճառներն ու անսպասելիությունը

Ի՞նչն էր պատճառը, որ 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը տարածաշրջանում զիջեց դիրքերն ու ընդունեց Թուրքիայի դերի ուժեղացումը։ Նարեկ Սուքիասյանի կարծիքով խնդիրը ոչ այնքան Ռուսաստանի օբյեկտիվ կարողությունների մակարդակում է, որքան քաղաքականության մշակման։

«Ռուսաստանը չէր էլ պատկերացնում, որ Թուրքիան կներգրավվի կոնֆլիկտի մեջ թե՛ ռազմական և թե՛ քաղաքական մակարդակով այնպես, ինչպես տեղի ունեցավ 2020-ին։ Ռուսաստանը կարողանում էր կառավարել կոնֆլիկտն այնքան ժամանակ, որքան Հայաստանն ուներ իր սահմանափակ կարողությունները, և Ադրբեջանն ուներ իր սահմանափակ կարողությունները։ Այսինքն՝ Ռուսաստանն այս ճոճանակին, կողմերի վրա տարբեր ճնշումներ գործադրելով, հավասարակշռությունը կարողանում էր պահել։ Բայց Թուրքիայի ներգրավմամբ բալանսը խախտվեց»,- ասում է գիտնականը։ 

Նրա բնորոշմամբ Ռուսաստանի այս քաղաքականությունը ձախողում էր՝ հաշվի առնելով, որ ՆԱՏՕ-ի անդամ պետության՝ Թուրքիայի զորքերը տեղակայվեցին Ռուսաստանի սահմանակից պետությունում՝ Ադրբեջանում։

Էրիկ Դավթյանն էլ հավելում է․ «Պատերազմի ժամանակ Ռուսաստանն ուղղակի փորձեց կրակը հանգցնել, վնասի կառավարում անել, սակայն հասկացավ, որ այլևս հնարավոր չէ հետ գալ նախապատերազմական ստատուս քվոյին, խնդիր դրեց կանխելու Թուրքիայի ազդեցության չափից շատ մեծացումը։ Մոնիտորինգային կենտրոնը դրա մի օրինակն էր, այսինքն՝ հասկացավ, որ չի կարող, ինչպես Ապրիլյանի ժամանակ, կանգնացնել Թուրքիային ու արգելել նրան թեկուզ սիմվոլիկ ռազմական ներկայություն ունենալ, դրա համար, որպես կոմպրոմիսային լուծում, համաձայնեց մոնիտորինգային կենտրոն ստեղծել, որտեղ հավասարը հավասարի, երկուսով մոնիտորինգ իրականացնեն»,- ասում է գիտնականը։

Նարեկ Սուքիասյանն էլ նշում է՝ Ռուսաստանը նպատակ ուներ «չնեղացնելու» Ադրբեջանին՝ Հայաստանը համարելով այլընտրանք չունեցող երկիր, սակայն, ի վերջո, երկու երկրներում էլ ստիպված եղավ զիջել դիրքերը։

Էրիկ Դավթյանի խոսքով 2022-ին սկսված ռուս-ուկրաինական պատերազմը ևս ազդեց իրավիճակի վրա, և Ռուսաստանն այլևս ի վիճակի չէր զենք մատակարարելու ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին, չնայած երկու կողմից էլ պահանջարկ կար։ 

«Երբ խոսում ենք Ռուսաստանի՝ որպես Հարավային Կովկասի թիվ մեկ տերություն լինելու մասին, այդ հենասյուներից մեկը զենքի մատակարարումն է եղել։ Եթե դա հանում ենք, բնականաբար, արդեն Ռուսաստանի՝ միակ բևեռ լինելը զգալիորեն հարցականի տակ է մնում»,- ասում է գիտնականը։ 

Ինչո՞ւ երկբևեռ և ոչ բազմաբևեռ տարածաշրջան

Բուզանը և Վևերը իրենց տեսության մեջ կանխատեսել էին, որ մեր տարածաշրջանը կարող է միաբևեռությունից անցում կատարել երկբևեռության։ Նրանք, սակայն, կարծում էին, որ երկբևեռությունը կարտահայտվի բլոկներով, որոնցից յուրաքանչյուրում՝ երկու բևեռ, առաջինում՝ Ռուսաստանն ու Իրանը, երկրորդում՝ ԱՄՆ-ն ու Թուրքիան։ Չնայած այս կանխատեսմանը՝ Էրիկ Դավթյանն ու Նարեկ Սուքիասյանը հոդվածում նշում են՝ Արևմուտքն ու Իրանը Հարավային Կովկասում բևեռներ չեն դարձել։

Պատճառն, ըստ հեղինակների, այն է, որ ո՛չ Արևմուտքը, ո՛չ Իրանը տարածաշրջանում չունեն անվտանգային այնպիսի ներգրավվածություն, ինչպիսին ունեն այժմյան բևեռները՝ Ռուաստանն ու Թուրքիան։ Ընդ որում՝ խոսքը ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլ նաև Վրաստանի մասին է։

Հոդվածի հեղինակները գրում են՝ այն, որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո Վրաստանը պատրաստակամություն չցուցաբերեց աջակցելու Ուկրաինային, ցույց է տալիս, որ Վրաստանը շարունակում է Ռուսաստանը համարել տարածաշրջանային բևեռ։ Հեղինակների խոսքով Վրաստանի արձագանքը պատերազմին, ի թիվս այլնի, հեռացրեց Վրաստանն ու Արևմուտքը, ինչն էլ ավելի նպաստավոր էր տարածաշրջանի երկբևեռ մնալու համար։ Պատճառն այն է, որ այս պայմաններում Արևմուտքն ավելի քիչ տաբերակներ ունի Հարավային Կովկասում մարտահրավեր նետելու Ռուսաստանին և Թուրքիային։

Էրիկ Դավթյանը նշում է՝ Վրաստանի դեպքում ևս Ռուսաստանից տնտեսական կախվածություն կա, բացի այդ, պայմանավորված ռուս-վրացական կոնֆլիկտով, Վրաստանը քաղաքական հարցերում վախեր ունի Ռուսաստանից ու զգուշավոր է։  

Հարցին, թե արդյո՞ք Արևմուտքի անվտանգային ներգրավվածությունը Վրաստանում մեծանալու հնարավորություն ունի, Նարեկ Սուքիասյանը պատասխանում է՝ երկու իրավիճակ կարող է հանգեցնել դրան․ «Կա՛մ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ դառնա, որը միջնաժամկետ հեռանկարում տեսանելի չէ, կա՛մ Ուկրաինայի սցենարը՝ պատերազմ, որին Արևմուտքը կներգրավվի այնպես, ինչպես հաջակցություն Ուկրաինայի արեց»։ 

Էրիկ Դավթյան էլ հավելում է՝ Վրաստանն, իհարկե, ուզում է, որ իր տարածքում արևմտյան ներկայություն լինի՝ որպես անվտանգության երաշխիք, բայց նման ներկայություն չկա․ «Ամերիկան, պարզ է, Ռուսաստանից ու Թուրքիայից իր ռազմական, տնտեսական պոտենցիալով մի քանի տասնյակ անգամ ավելի հզոր է, բայց Հարավային Կովկասում նրան չենք կարող համարել բևեռ, որովհետև ռազմական ներկայություն չունի, կենսական շահեր չունի»։

Ինչ վերաբերում է Վրաստան-Թուրքիա հարաբերություններին, գիտնականը նշում է՝ Թուրքիայի քաղաքական հավակնություններն, ի թիվս այլ երկրների, ներառում են նաև Վրաստանը։

«Էրդողանի դիսկուրսի հիմնական առանցքն այն է, որ Թուրքիան ոչ միայն տարածաշրջանային տերություն է, այլև մեծ տերություն։ Նա ասում է, որ Թուրքիան այլևս առաջվա Թուրքիան չէ, նրա հետ բոլորը պիտի հաշվի նստեն, բազմաբևեռ աշխարհի նարատիվն է զարգացնում, որտեղ, ասում է, բևեռներից մեկը հիմա դարձել է Թուրքիան։ Եթե արդեն պրոյեկտենք Հարավային Կովկասի վրա, շանս ունենալու դեպքում բնականաբար փորձելու են ավելի ընդլայնել»,- ասում է նա։

Էրիկ Դավթյանի խոսքով ռազմական համագործակցության մասով Թուրքիայի ու Վրաստանի հարաբերությունները համեմատելի չեն թուրք-ադրբեջանական հարաբերությունների հետ, սակայն Թուրքիայից կա քաղաքական աջակցություն․ երկիրը Վրաստանին աջակցում է Աբխազիայի, Հարավային Օսիայի կոնֆլիկտների հարցում, ինչպես նաև Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ամենակարևոր լոբբիստներից է։

Նա հիշեցնում է, որ, ի հակադրություն սրա, 2008-ի ռուս-վրացական պատերազմի ժամանակ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, հրաժարվեց քննադատել Ռուսաստանին։ Սա, գիտնականի խոսքով, ևս մի ցուցիչ է, թե 2000-ականներին ռուս-թուրքական հարաբերությունները որքան ասիմետրիկ էին՝ ի վնաս Թուրքիայի, և ինչպես է 2020-ից հետո իրավիճակը փոխվել։

 

Հայաստանի համար հնարավորություններ ու մարտահրավերներ

Մեր տարածաշրջանի՝ միաբևեռից երկբևեռ համակարգի անցումը ի՞նչ է նշանակում Հայաստանի համար։ Հոդվածի հեղինակները, պատասխանելով այս հարցին, խոսում են և՛ նոր հնարավորությունների, և՛ մարտահրավերների մասին, որոնք, առաջին հերթին, կապված են հայ-թուրքական հարաբերությունների հետ։

Նարեկ Սուքիասյանը Հայաստանի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունը բնորոշում է որպես այդ երկրի «ամենա ոչ պրագմատիկ ու ոչ էգոիստ» քաղաքականություն։ Նրա խոսքով, եթե Թուրքիան ունի տարածաշրջանում էլ ավելի դոմինանտ դառնալու ու Ռուսաստանին դուրս մղելու հավակնություն, ապա դրա համար Անկարային տեսականորեն պակասում է միայն Հայաստանում ավելի մեծ տնտեսական ներգրավվածությունը։ Չնայած որ Թուրքիան այդ պոտենցիալն ունի, իսկ Հայաստանի բոլոր իշխանությունները պատրաստ են եղել կարգավորմանը, երկիրը դրանից հրաժարվում է։  

«Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ ես նկարագրում եմ այսպես․ նման վերնագրով դատարկ, բայց արդեն կնիքված թուղթը նրանք ուղարկում են Բաքու, Բաքվում գրում են այդ քաղաքականությունը, հետ է գալիս, ու ինչ գրված է այնտեղ, դա էլ անում են։ Եթե 90-ականներին դա ավելի շատ ազգային սոլիդարության դրսևորում էր, ապա արդեն «Ֆուտբոլային դիվանագիտության» գրեթե հաջողության ժամանակ Ադրբեջանը լուրջ դասեր քաղեց, որ հնարավոր է, շրջանցելով իրեն, Հայաստանն ու Թուրքիան կարգավորեն հարաբերությունները։ Եվ գրեթե այդ գործընթացին զուգահեռ ու մինչ օրս գնալով իր կարևորությունն այնքան մեծացրեց Թուրքիայում՝ թե՛ օբյեկտիվորեն՝ ենթակառուցվածքների մեջ, էներգետիկայի ոլորտում, մեդիայի ոլորտում, և թե՛ սուբյեկտիվորեն՝ Էրդողանի ու Ալիևի ընտանիքների և նրանց բիզնես կայսրությունների միջև կապերը սերտացնելով, որ ունի կոնկրետ ազդեցության լծակներ՝ վետո դնելու հայ-թուրքական կարգավորման վրա»,- ասում է գիտնականը։ 

Նարեկ Սուքիասյանը նշում է Ռուսաստանի՝ իր դաշինքային պարտավորությունները չկատարելու պայմաններում Հայաստանի կախվածությունն այդ երկրից այս պահին հիմնականում տնտեսական է։ Եվ այս դեպքում, եթե Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորվեն, ապա նաև տնտեսական բազմազանեցման հնարավորություններ կարող են բացվել։ Հայաստան-Թուրքիա կարգավորումն էլ իր հերթին կարող է թուլացնել Բաքու-Անկարա սոլիդարությունը և հետևաբար՝ Ադրբեջանի ճնշումները Հայաստանի վրա։ 

«Մի բան է դիմադրել թուրք-ադրբեջանական ճնշումներին, մի բան է դիմադրել ադրբեջանական ճնշումներին, ու հենց պատերազմն ինքնին դրա մասին էր․ պատերազմը տեղի չէր ունենա, եթե տարածաշրջանային բալանսը, որը Ռուսաստանը փորձում էր պահել Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ճոճանակի միջոցով, չկոտրվեր։ Դա կոտրվեց, որովհետև Թուրքիան նստեց ճոճանակի մի կողմում»,- ասում է գիտնականը, ապա հավելում՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն, եթե ստացվի թուլացնել Թուրքիայի քաղաքականության վրա Ադրբեջանի՝ վետո դնելու ազդեցությունը։

Նա նաև նշում է, որ տեսականորեն երկ կամ բազմաբևեռությունը ավելի շատ հնարավորություններ է տալիս փոքր պետություններին մանևրելու, քան միաբևեռությունը, մյուս կողմից շեշտում՝ մանևրելու տարածքը փոքրանում է, եթե նոր հասանելի բևեռը թշնամական հարաբերություններով է բևեռ դարձել։

«Այսինքն, եթե Ադրբեջանը դրականորեն օգտվում է բարեկամներ Թուրքիայի և Ռուսաստանի կողմից ստեղծված երկբևեռությունից, ապա Հայաստանի համար դա նշակում է ռիսկերով լի՝ արդեն երկու բևեռների հետ անվտանգային նույն համալիրի մեջ գոյատևելու պարտադրանք»,- ասում է Նարեկ Սուքիասյանը։

Էրիկ Դավթյանն էլ հավելում է՝ Թուրքիան ռևիզիոնիստական տերություն է, որն ասում է՝ այն, ինչ եղել է տասնամյակներ շարունակ, այլևս  ռելևանտ չէ, և ուզում է տարածաշրջանն իր ուզած ձևով գծել։

«Էրդողանն արդեն քանի դար ընդունված քաղաքական սահմանները հարցականի տակ է դնում ու ասում է՝ դա էլ կարևոր չէ, ավելի պարզ ասած՝ որտեղ կուզենք, այնտեղ սահմանը կանցնի։ Ու եթե այս տեսակ երկիրը դառնում է երկրորդ բևեռը, և Հայաստանի տեսանկյունից ենք նայում, դա, բնականաբար, լուրջ խնդիրներ է առաջացնում։ Եթե մեր համալիրը բազմաբևեռ լիներ, երևի ավելի հեշտ կլիներ»,- ասում է գիտնականը։ 

Նարեկ Սուքիասյանն էլ նշում է՝ անգամ բազմաբևեռ համալիրը կարող է խնդրահարույց լինել այն դեպքում, երբ բևեռները ոչ թե համագործակցում են և ունեն տարածաշրջանը համակարգելու սոլիդարություն, այլ կոնֆլիկտի մեջ են։ Նա բերում է Ադրբեջանի օրինակը, որը և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի հետ ունի լավ հարաբերություններ․ եթե ռուս-թուրքական հարաբերությունները սրվեն, Ադրբեջանի համար բարդ իրադրություն կստեղծվի

 

Տեսական հարցեր, որոնք դուրս են մնացել հոդվածից

Էրիկ Դավթյանն ու Նարեկ Սուքիասյանը նշում են՝ այս հոդվածի գրախոսության փուլը շատ երկար տևեց։ Պատճառը մի քանի տեսական հարցեր էին, որոնք գիտնականներն ուզում էին ներառել աշխատանքում, սակայն գրախոսները համաձայն չէին՝ պատճառաբանելով, որ այդ հարցերը շեղվում են հետազոտության հիմնական թեմայից։

 

Առաջին հերթին գիտնականները հարցականի տակ էին դնում «հետխորհրդային» կամ «պոստսովետ» ձևակերպման ակտուալությունը։ Հոդվածում, հիշեցնենք, նրանք Հարավային Կովկասն առանձնացնում են հետխորհրդային տարածաշրջանային համալիրից՝ համարելով այն առանձին համալիր։ Բայց, բացի սրանից, գիտնականները կարծում են, որ պետք է թարմացնել «հետխորհրդային տարածաշրջան» ձևակերպումը կամ դրանից ընդհանրապես հրաժարվել։

«Եթե ասում ենք՝ կա տարածաշրջան՝ Մերձավոր Արևելք, Եվրոպա, ինչ-որ բան կա, չէ՞, որ այդ տարածաշրջանի մեջ մտնող երկրներին միավորում է․ դրանք տնտեսական, անվտանգային կապերն են, դաշինքներն են, քաղաքական հարաբերությունները։ Մենք Հարավային Կովկասի օրինակով ցույց ենք տալիս, որ հիմա այս 3 ենթատարածաշրջանները (նկատի ունի Հարավային Կովկասը, Արևմտյան թատերաբեմը և Կենտրոնական ասիան,- խմբ․) իրար հետ ընդհանուր ավելի քիչ բան ունեն։ Հիմա իրար հետ երևի ավելի շատ կիսում են խորհրդային հիշողությունը, պատմությունը։ Մենք ուզում էինք ցույց տալ, որ «հետխորհրդային տարածաշրջան» հասկացությունը առնվազն կասկածի տակ է դրվում, ու հարց է՝ արդյոք արժե՞ շարունակել այդ տերմինը կիրառել, թե՞ պետք է բաժանել դա առանձին մասերի»,- բացատրում է Էրիկ Դավթյանը։

Նարեկ Սուքիասյանն էլ հավելում է՝ «հետխորհրդային տարածաշրջան» հասկացությունը սկիզբ է առել անվտանգային հարցերից՝ արձանագրելով Սառը պատերազմից հետո առկա իրողությունը։

«Մենք պնդում էինք, որ «պոստսովետը», լինելով անվտանգային երևույթ, նրա մահը նույնպես պետք է լինի անվտանգային։ Եթե արմատապես փոխվել է անվտագային տրամաբանությունը, ապա պետք է նաև փոխվի «հետխորհրդայինի» հասկացությունը։  Ու մենք Հարավային Կովկասում արձանագրել էինք դա։ Իսկ Արևմտյան թատերաբեմի, այսինքն՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի վերաբերյալ ավելի խոր պնդման կարիք էլ չկար (Բելառուսի դեպքը լինելով առանձին), որպեսզի ասես, որ այնտեղ էլ է արդեն երկբևեռ»,- ասում է նա։

Գիտնականները նաև փորձել էին թարմացում առաջարկել տարածաշրջանային համալիրների միջև սահմաններ գծելու ձևակերպման մեջ։ 

«Մենք կասկածի տակ էինք առնում թե՛ պրակտիկ, թե՛ տեսական հնարավորությունը տարածաշրջանների միջև սահմաններ գծելու, որովհետև եթե մենք պետք է ընտրենք բևեռ, դա ենթադրում է մինչև այդ քայլը տարածաշրջանը գծել, ներսի և դրսի սահմաններ դնել,  որ նայես՝ այդտեղ ով ինչ դեր ունի։ Մենք ասում էինք՝ տարածաշրջանների միջև հարաբերությունները, նաև՝ անվտանգային, արդեն  այնքան փոխկապակցված են, որ ինչ-որ չոր չափանիշներով սահմանազատել տարածաշրջանները, դառնում է մի տեսակ ինքնանպատակ»,- բացատրում է Նարեկ Սուքիասյանը։

Այս երկու տեսական պնդումներն, ինչպես նշեցինք, գրախոսների առաջարկով դուրս են մնացել հոդվածից։ Գիտնականները, սակայն, մտադիր են նոր հետազոտությամբ հիմնավորել իրենց վարկածը։ Էրիկ Դավթյանը նշում է՝ հատկապես «հետխոհրդային» ձևակերպման վերանայումը հետաքրքիր թեմա է, որին արժե առանձին հետազոտությամբ անդրադառնալ։

 

Լուսանկարները՝ Նարինե Հարությունյանի

«Հանրագիտ» շարքն իրականացվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ֆինանսավորմամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն