Իրանի արտգործնախարարը քննադատել Է ՄԱԿ-ին՝ հիշեցնելով նրա իրավական և բարոյական պարտավորությունների մասին | news.am

news.am Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հաշվի առնել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված դաժան ռազմական արշավի ժամանակ զոհված հարյուրավոր անմեղ իրանցի քաղաքացիների փաստը՝ ՄԱԿ-ին հիշեցնելով Իրանի դեմ չհրահրված և անօրինական պատերազմի համար իր իրավական պատասխանատվության մասին, հայտնում է Tasnim-ը:

Շաբաթ օրն Արաղչին սոցցանցերում պատասխանել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին, ով մտահոգություն էր հայտնել ԱՄՆ-ի ու Իսրայելի ռազմական ագրեսիայի հետևանքով «համաշխարհային տնտեսության համար ստեղծված լուրջ ռիսկերի» վերաբերյալ և կոչ էր արել ջանքեր գործադրել «մարտական գործողությունները դադարեցնելու» համար։

«Հարգարժան պարոն Գլխավոր քարտուղար, եկեք իրերն իրենց անուններով կոչենք։ Սրանք «մարտական գործողություններ» չեն, սա երկու միջուկային տերությունների կողմից Իրանի դեմ իրականացված «չհրահրված ագրեսիա» է։ Մինչ մենք «լուրջ դիվանագիտական բանակցություններ» էինք վարում, ԱՄՆ-ն ու Իսրայելը վերջին 9 ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ հարձակվեցին Իրանի վրա։ Դուք մտահոգվա՞ծ եք «համաշխարհային տնտեսության համար ստեղծված ռիսկերով»։ Իսկ ի՞նչ կասեք անմեղ քաղաքացիների մասին, այդ թվում՝ Մինաբ քաղաքում սպանված 175 փոքրիկ հրեշտակների և վերջին 7 օրում ամերիկա-իսրայելական հանցագործությունների հետևանքով ողջ Իրանում զոհված ու վնասվածքներ ստացած բազմաթիվ այլ մարդկանց մասին»,-  առարկել է Իրանի ԱԳ նախարարը։

Արաղչին Գուտերեշին հիշեցրել է, որ ՄԱԿ-ը պետք է «անկողմնակալ լինի և Իրանի դեմ սանձազերծված այս անօրինական պատերազմի հարցում կատարի իր իրավական ու բարոյական պարտավորությունները»։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն