Գյուղացիների կողմից չմշակվող հողերը կարող են վարձակալության տրվել.նախագիծ |panarmenian.net|

panarmenian.net:   Հայաստանում գյուղատնտեսական նշանակության չմշակվող հողերը կարող են վարձակալության տրվել՝ դրանց դիմաց սահմանված պետգնով: Կառավարությունը հավանություն է տվել գյուղնշանակության հողերի արդյունավետության բարձրացման մասին հայեցակարգին:

Էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված նախագծով առաջարկվում է ձևավորել էլեկտրոնային հարթակ, որտեղ չօգտագործվող հողամասի սեփականատերերը կկարողանան իրենց շահավետ եղանակով իրականացնել վարձակալություն կամ վաճառք:

«Մենք այսօր հանրապետությունում ունենք գյուղատնտեսական նշանակության բազմաթիվ հողեր, որոնք չեն օգտագործվում նպատակային, և այդ հողերի մեծ մասի սեփականատերերը նույնիսկ Հայաստանում չեն ապրում, որպեսզի այդ մարդկանց հետ խոսենք, խնդրենք, համոզենք, որ վարձակալության տան նրանց, ովքեր պատրաստ են մշակել: Հիմա մտածում ենք այսպիսի մեխանիզմ ներդնել, որ ըստ մարզերի և հողի կատեգորիաների սահմանենք վարձակալության պետական գին, ունենանք օրենսդրական կարգավորում, որ երբ մի հողը երկար ժամանակ չի օգտագործվում, օրենքի ուժով այն վերցնենք վարձակալության համար, իրեն վճարենք վարձակալության վճար, և պետությունը վարձակալությամբ հանձնի այն տնտեսվարողին, ով պատրաստ է դա օգտագործել»,– ասել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ գործընթացը պետք է իրականացվի թափանցիկ, և քննարկումները բաց լինեն հանրության համար։ Նա չի բացառել, որ փոփոխությունը կարող է սուր ռեակցիա առաջացնել, քանի որ տասնյակ հազարավոր մարդկանց շահերի հետ է կապված: Ըստ այդմ՝ վարչապետը նշել է, որ Կառավարությունը պատրաստ է փոխզիջումների, եթե դրա անհրաժեշտությունը լինի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն