hetq.am։ Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ Ալեքսանդր Քանանյանն այսօր՝ ժամը 12:00-ից, հացադուլ է հայտարարել իր տան բակին կից փոքր հէկերի շինարարական աշխատանքները դադարեցնելու վերաբերյալ երեկ հրապարակած պահանջագիրը անտեսելուց հետո:
Քանանյանը երեկվա իր պահանջագրում նշել է. «Քարվաճառի շրջանի վարչակազմին եմ հանձնել պահանջագիր՝ Քարվաճառի շրջանում փոքր հէկերի ընթացող շինարարական աշխատանքները դադարեցնելու, շինտեխնիկան կառուցման վայրերից հեռացնելու, արցախյան հէկաշինության բնապահպանական եւ ֆինանսական բնույթի հանցագործությունները քննելիք լայն ներկայացուցչականությամբ թափանցիկ հանձնաժողով ստեղծելու եւ այլնի վերաբերյալ»:
Հարցին, թե ի՞նչ է տալու հացադուլը, Ալեքսանդր Քանանյանը պատասխանեց, որ Արցախում և Քարվաճառի շրջանում մասնավորապես բնապահպանության իրավիճակը չափազանց վտանգավոր է, անցել է անհանդուրժելիության բոլոր սահմանները. «Արցախյան օլիգարխիան, մտահոգվելով սեփական ապագայի համար, սանձարձակ լկտիությամբ ոչնչացնում է Արցախի գետային ցանցը: Միանգամայն կեղծ հիմնավորումներով, թե իբր դա արվում է Արցախի էներգահամակարգի զարգացման համար:
Այն միջոցները, որոնք ներդրվում են ապօրինի ու բնավեր փոքր հէկաշինության մեջ, պետք է ծառայեին սոցիալական ենթակառուցվածքների զարգացման, բնակարանաշինության, պաշտպանական որոշ նախագծերի համար, բայց գերագույն լկտիությամբ մսխվում են բնության ավիրման, Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների վերաբնակեցման հեռանկարը փակող նախագծերի համար, որոնք ամբողջովին ֆինասնավորվում են Հայաստանի Հանրապետության՝ ներառյալ Արցախը, քաղաքացիների միջոցներով, բայց ստեղծում են չարդարացված գերշահույթներ սակավաթիվ օլիգարխների համար: Իրավիճակը անհանդուրժելի է, և այս հացադուլը միջոց է հիշեցնելու հասարակությանը, մտահոգ մարդկանց, որ ժամանակն է ստանձնել ազգային արժանապատվության և քաղաքացիական պատասխանատվության իրենց բաժինը»:
Քանանյանը համարում է, որ հէկերի շինարարությունը վաղուց հատել է աղետի սահմանագիծը, ամենուր բնապահպանական աղետ է։
Շարունակությունը՝ hetq.am-ում