Սեւ Բիբար։ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, անդրադառնալով համահարթ եկամտահարկին անցման և ակցիզային հարկերի բարձրացման բերումով ցածր աշխատավարձ ստացողների սոցիալական բեռի մեծացմանը, ասում է.
Այո, ցածր եկամուտ ունեցողների դեպքում այն ապրանքները, որոնց դեպքում ակցիզային հարկը բարձրացում է ենթադրելու, բեռ է: Այո՛, բեռ է, դրա համար ի՞նչ պետք է անի կառավարությունը, ի՞նչ պետք է անի պետությունը: Կա երկու ճանապարհ. առաջին ճանապարհը, որ 83 հազար դրամ է այսօր ստանում, էնպես ա ստացվում, որ ինչ-որ կերպ 86 հազար դրամ է ստանում: Հիմա էկեք էսպես մտածելակերպով հա՞ նայենք՝ մի քիչ ավելի լայն, գլոբալ, մեծ մտածելակերպով նայենք. 83-ից երբ որ մենք 86 հազար դրամ ենք դարձնում, ըստ էության, լրջագույն փոփոխություն այդ մարդու կյանքում կարո՞ղ է լինել, թե՞ ոչ: Սոցիալական մանր հարց կարող է նա լուծել 3000 դրամի չափով ենթադրենք, բայց որևէ որակական լուրջ փոփոխություն այդ մարդու կյանքում չի կարող տեղի ունենալ»:
Ցավալի է, բայց «Իմ քայլի» պատգամավորի քաղաքատնտեսական մտածողությունը ակամայից ստիպում է հիշել Խոսրով Հարությունյանի հայտնի միտքը, որ նա հայտնեց աղքատների վրա թանկացումների հնարավոր ազդեցության մասին՝
«միայն կարտոֆիլ օգտագործող ընտանիքները միևնույն է չեն կարող միս գնել»:
Համահարթ եկամտահարկ մտցնելու իշխանության քաղաքականության առանցքը աղքատները չեն, այլ բարձր աշխատավարձ ստացող փոքրաթիվ խմբերը: Կառավարությունը շարունակում է մտածել, որ աղքատությունը աղքատների գլխից է, նրանք անբարեհույս տարրեր են, որոնց համար կարիք չկա ռեֆորմներ անել: Ի՞նչ տարբերություն երեք հազար ավե՞լ, թե՞ պակաս եկամուտ կստանան, միևնույնն է, աղքատ են, միևնույնն է, միս չեն կարող ուտել:
Դեռևս անցած տարվա ապրիլի 27-ին, երբ Սերժի հրաժարականից հետո նոքդաունի մեջ հայտնված հայկական մամուլը մի աչքը բացեց, առաջին բանը, որ արեց վերադիրքավորվելիս, հեղափոխության էստաֆետը միջին խավի ձեռքը տալն էր.
«Մի քանի տասնյակի հասնող հանրահավաքներում ահա թե ինչ տեսա: Ես տեսա ճաշակով ու բրենդային հագնված հարյուրավոր երիտասարդ ընտանիքների. ամուսինները միասին ամսական ստանում են 2–3 հազար դոլար աշխատավարձ: Նրանք հրապարակ էին եկել ոչ թե հանուն Նիկոլի, այլ հանուն իրենց գաղափարների:
Նրանց խնամված արտաքինը, խելացի հայացքները, երեխաների լուսավոր դեմքերը վկայում էին, որ ապրում են կյանքի բարձ արժեհամակարգովՙ մեծ ուշադրություն դարձնելով ինտելեկտի զարգացմանը, մեր երկրի ընդհանուր վիճակի հետ համեմատածՙ չունեն սոցիալական խնդիր, հավանաբար իրենց թույլ են տալիս տարին մեկ անգամ ճամփորդել եւ երեխաներին ուղարկել ոչ թե հանրակրթական, այլ մասնավոր վճարովի դպրոց: Նման ցուցարարների թափառիկ հայացքները սպասողական էին ու անհանգիստ: Հենց նրանք էին կազմում Նիկոլի հանրահավաքների սերուցքը»
( https://www.azg.am/AM/2018042707 )
Հին և նոր ուժերի քաղաքատնտեսական մտածողությունը նույնաբովանդակ է, նրանք սնուցվում են գաղափարախոսական նույն աղբյուրից և անում նույն եզրակացությունները առանցքային այս հարցում:
Թավշյա հեղափոխության պատճառը կոռուպցիան չէր. կոռուպցիան հետևանք էր քաղաքական գոյություն ունեցող նախկին համակարգի և դրա գաղափարական հիմքերի, որ առաջ են բերել հեղափոխության հրամայական պահանջը:
Հ.Գ. Աղքատության վերացման առաջարկված երկրորդ ճանապարհի մասին ավելորդ չէ ասել, որ ինչպես արտոնյալ խոշոր բիզնեսը վերացրեց աղքատությունը, այնպես էլ արտոնյալ միջինը կվերացնի:
Գայանե Այվազյան