Armtimes.com: «Հյուսիս-հարավ» մայրուղու աշխատակիցները փակել են Ուջան-Աշտարակ ճանապարահատվածը: Աշխատակիցների խոսքով` պատճառն այն է, որ շուրջ 10 ամիս է` աշխատավարձ չեն ստացել:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանն այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով խնդրին ասաց.
«Ենթակապալառուները չեն վճարվել հիմանական կապալառուի կողմից, աշխատակիցներն էլ իրենց հերթին իրենց գործատուների կողմից չեն վճարվել եւ բողոքի հիմնական առիթը դա է: Հիմնական կապալառուն իսպանական «Կորսամ Կորվիամ» ընկերությունն է, որն իրականացնում էր Տրանշ 2–ի հիմնանորոգման աշխատանքները, աշխատանքներերը, սակայն, երկար ժամանակ է` դադարեցված են, կա անհամաձայնություն նախարարության եւ կազմակերպության միջեւ։ Պետք է նշեմ, որ նախարարությունը իր պարտավորությունները կատարել է, բոլոր վճարումները իսպանական ընկերությանը արվել են, սակայն ընկերությունը չի վճարել իր ենթակապալառուներին: Կազմակերպությունը ֆինանսական դժվարություններ ունի, գտնվում է սնանկության գործընթացի մեջ, եւ մենք փորձում ենք իրենց հետ բանակցելով՝ հարցին լուծում տալ»,- նշեց փոխնախարարը։
Հարցին՝ նախարարությունը ի՞նչ լուծումներ է առաջարկում՝ իրավիճակից դուրս գալու համար, Բադալյանը պատասխանեց. «Մենք գրեթե ամեն շաբաթ հանդիպում ենք ենթակապալառուների հետ, փորձում ենք լուծումներ գտնել։ Իսպանական ընկերության հետ քննարկումների ժամանակ ենթակապալառուների վճարումն օրակարգի առաջին տեղում է եւ նախապայմանն է»:
Իսպանական «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերությունը, որը «Հյուսիս–հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարության առաջին և երկրորդ տրանշի իրագործման կապալառուն է, ենթակապալառու 19 ընկերություններին պարտք է 2,2 միլիարդ դրամ։ Ենթակապալառու ընկերությունների շուրջ 800 աշխատակիցներ աշխատավարձ չեն ստացել։