Եթե դուք լինեիք գյուղերում, որտեղ մարդկանց ձեռքին հազար դրամ չկա և էդպես ապրում են տարիներ շարունակ, կհասկանայիք, որ այո իրենց համար մի քանի հազար դրամը ելք է ստեղծված վիճակից դուրս գալու համար։ Այս խոսքերով այսօր «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներին դիմեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: ԱԺ ԲՀԿ խմբակցությունն առաջարկում է վնաս կրելու դեպքում ազատել գյուղացուն հողի հարկից:
«Ինձ զարմացնում է այն քամահրանքը, որ ասում են՝ դե խոսքը մի քանի հազար դրամի մասին է։ Ինձ մոտ տպավորություն է որ վատագույն ավանդույթները շարունակվում են, երբ ընդդիմադիրը բերում է մի նախագիծ ստեղծված ծայրաստիճան իրավիճակից դուրս գալու համար, իշխանությունն ասում է մենք ավելի լավ ծրագիր ենք բերելու։ Սա սխալ մոտեցում է։ Պետք չէ մեզ տնտեսագիտություն սովորեցնել, մենք հասկանում ենք, որ սա քաղաքակն որոշում է, որպեսզի գյուղացին զգա, որ պետությունը կանգնած է իր թիկունքին։ Այդ քամահրանքը թե մի քանի հազարը քիչ է, գուցե ձեզ համար է քիչ, բայց գյուղացու համար դա մեծ գումար է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
ԱԺ «Իմ Քայլը» պատգամավոր Վարազդատ Կարապետյանն էլ նշեց, որ օրենքի նախագիծը լիարժեք չի պատասխանում շատ հարցերին և իրագործել հնարավոր չէ։
«Իրականացման ճանապարհը չկա պարզապես, ինչպես ենք անելու դա, համայնքի բյուջեն պետության բյուջեի՞ց ենք հետո լցնելու։ Կամ ինչ-որ մեկն ունի 800 հա հողատարածք,իսկ ինչ-որ մեկն ունի 8000 քառ կմ, ինչպե՞ս ենք փոխահտուցելու։ Այսինքն այս նախագիծը այս ձևակերպմամբ իրագործել հնարավոր չի»,- ասաց նա։։
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն էլ հավելեց, որ չեն կարող չեղարկել հողի հարկի գանձումը։
«Կարծիքներ հնչեցին այն մասին, թե ինչու պետք է գյուղացին վճարի հողի հարկ, եթե այդ հողի մշակումից եկամուտ չի ստանում։ Սակայն նկատենք, որ հողի հարկը դա եկամտահարկ չէ։ Սա ունեցվածքի և գույքի հարկ է և կախված չէ արտաքին գործոններից»,- ասաց նա։