Այսօր մամուլում «Այբ»-ի վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածվել: Այս մասին հայտնում է «Այբ» հիմնադրամը՝ անդրադառնալով «Այբ» հիմնադրամը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու նախաձեռնության մասին հայտարարությանը։
Պարզաբանման տեքստում մասնավորապես ասված է․
«Այդ կապակցությամբ տեղեկացնում ենք, որ նեղ անձնական շահերով համախմբված մի քանի հոգին չի կարող խոսել հարյուրավոր բարերարներ ունեցող համայնքի անունից, հատկապես որ այս մի քանի հոգանոց խմբի որոշ ներկայացուցիչների գործունեության և էթիկական նորմերի պարբերական խախտման պատճառով խաթարվել էր առողջ երկխոսության հնարավորությունը համայնքում, ստեղծվել էին «Այբ»-ի աշխատանքները բնականոն կերպով առաջ տանելու խոչընդոտներ:
«Այբ» համայնքի ներսում կառուցողական երկխոսությունը վերականգնելու և աշխատանքի քաղաքակիրթ կանոններ վերահաստատելու համար «Այբ» ակումբը համակարգային բարեփոխումներ իրականացնելու որոշում է կայացրել. բարեփոխումների քայլերից մեկը եղել է «Այբ» ակումբի ինքնալուծարումը:
«Այբ»-ի բոլոր կառույցները, համահիմնադիրները (8 հոգի), բացառությամբ մեկի, միասնական են այբական առաքելությունը շարունակելու և մեր երկրում կրթության վերափոխմանը ծառայելու հարցում։ Այսօր հենց այդ մեկի համահեղինակությամբ է մամուլում հայտնվել ապատեղեկատվություն՝ փորձելով «Այբ» ակումբի ինքնալուծարումը ներկայացնել որպես «փլուզում» և ապակողմնորոշել թե՛ հանրությանը և թե՛ պետությանը։
Պարզաբանենք։
Նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 23-ին, «Այբ» ակումբը, «Այբ»-ի (համայնքի) բարեփոխման և զարգացման նպատակով, կայացրել է ինքնալուծարման մասին որոշում՝ 26 «կողմ» ձայնով։ Ակումբի անդամները 36-ն են, քվեարկությանը մասնակցել են 28-ը։ Կանոնադրությամբ սահմանված կարգով՝ ինքնալուծարման որոշման համար անհրաժեշտ է ընդհանուր ձայների առնվազն 2/3-ը՝ 24 ձայն։ «Այբ» ակումբի ինքնալուծարման պարագայում «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին է վերապահվել «Այբ»-ի առաքելության շարունակականությունն ապահովելու գործառույթը։ Որոշման համաձայն՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է ակումբի միակ իրավահաջորդը, հետևաբար որևէ այլ կողմ չի կարող հանդես գալ լուծարված «Այբ» ակումբի անունից։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հավատարիմ է բոլորի համար լավագույն կրթություն ապահովելու «Այբ»-ի առաքելությանը։ «Այբ»-ի բոլոր կառույցները միշտ են եղել թափանցիկ ու օրինակելի և շարունակելու են մնալ այդպիսին։
Արդեն տևական ժամանակ է՝ հետևողականորեն փորձ է արվում վարկաբեկել «Այբ»-ի անունը՝ անանուն կերպով, առանց որևէ աղբյուրի կամ փաստի. այսօրվա հայտարարությունը որոշակիացնում է այդ փորձերի հեղինակներին։ Մենք հայտարարում ենք, որ «Այբ» կրթական հիմնադրամն ու դպրոցն իրագործում ու շարունակելու են իրագործել իրենց առջև կանոնադրությամբ դրված բոլոր նպատակները, և այսօրինակ փորձերը չունեն ո՛չ որևէ հիմք, ո՛չ էլ՝ հեռանկար։ «Այբ»-ի անունից անօրինական կերպով հնչեցվող տեսակետները, ինչպես նաև «Այբ»-ին ուղղված մեղադրանքները ապատեղեկատվություն են և կարող են ունենալ իրավական հետևանքներ։ Մեր առաքելությունը բոլորին լավագույն կրթությամբ ապահովելն է, «Այբ»-ն իր գործունեությամբ չի կարող սպասարկել առանձին նեղ շահերի։
Տարածված հայտարարությունը չի արտացոլում «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի, լայն համայնքի, համահիմնադիրների (բացառությամբ մեկի) տեսակետները և չունի «Այբ»-ի գործունեության բարեփոխման ծրագրի հետ որևէ առնչություն:
«Այբ»-ի ծրագրերին աջակցող բարերարների ճնշող մեծամասնությունը միասնական է և շարունակում է իր բարեգործական առաքելությունը կրթության ոլորտում:
«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ»։