Սեռական բռնություն․ ինչպե՞ս փոխել բռնության մշակույթը Հայաստանում |news.am|

news.am: Չկա այնպիսի երկիր, որտեղ չլինեն սեռական բռնության դեպքեր, սեռական բռնության դեպքեր միշտ եղել են, ուղղակի Հայաստանում վերջին տարիներին սկսեցին ավելի շատ խոսել այս դեպքերի մասին։

Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Կանանց ռեսուրսային կենտրոնի» սեռական բռնության ճգնաժամային ծառայության ծրագրերի պատասխանատու Տաթեւիկ Աղաբեկյանը։

Նա շեշտում է՝ Հայաստանում հստակ հնարավոր չէ խոսել սեռական բռնության իրական պատկերի մասին, քանի որ չկա վիճակագրություն. «Սեռական բռնությունն ամենալատենտային հանցատեսակներից է։ Մեզ թվում է, թե շատ է խոսվում սրա մասին, սակայն սա դեռ իրական պատկերը չէ, քանի որ չկա վիճակագրություն»։

Իրավապաշտպան, հետազոտող, «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանն, իր հերթին, նշում է՝ սեռական բռնության մասին լռության պատճառը սոցիալ–մշակութային եւ պետական համակարգն է, որը բարձրաձայնումը զրկում է անձին արդարության արժանապատիվ գործընթացների միջոց անցնելուց, եւ իր իրավունքները վերականգնելու հնարավորությունից։

Նա ընդգծեց նաեւ հասարակության արձագանքը եւ մասնավորապես նշեց, որ մեզ մոտ շատ դեպքերում իրականացվում է կանանց կրկնակի զոհականացում եւ բռնարար տղամարդու արդարացում։ Անահիտ Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանում ձեւավորված չէ ոչ համապատասխան մթնոլորտ, որում բռնությունը անընդունելի է,եւ չկա նաեւ արձագանքի պետական մեխանիզմներ։

Իրավաբան Նվարդ Փիլիպոսյանը նկատում է՝ առկա է նաեւ բացեր օրենսդրական դաշտում.

«Սեռական ոտնձգության սահմանում մենք ունենք Կանանց եւ տղամարդկանց հավասար եւ հավասար հնարավորությունների մասին օրենքում, սակայն որեւէ պատասխանատվություն դրա համար սահմանված չէ, չկա որեւէ մեխանիզմ կամ թեժ գծի հնարավորություն, որը թույլ կտա բարձրաձայնել այդ խնդրի մասին կամ բարձրաձայնումը ինչ–որ հետեւանքների կարող է բերել, այս առումով օրենսդրությունը լրիվ բաց է։

Սեռական բռնության համար մեր օրենսդրությունը ունի որոշակի թերացումներ, բայց պատասխանատվություն դրա համար սահմանված է, այսինքն այստեղ խնդիրը ավելի շատ ընթացակարգերի մեջ է, որոնք շատ նեյտրալ են, այսինքն սեռական բռնության համար դրանք նույնն են, ինչ գողության, սպանության համար, իսկ առանձնահատկությունները, որ բնորոշ են սեռական բռնության ենթարկված անձին, հաշվի չի առնված մեր օրենսդրությունում։

Տարբեր երկրներում կան որոշակի առանձնահատկություններ սեռական բռնության ենթարկված անձանց հարցաքննության հետ կապված, հարցաքննությունն որոշ տեղերում մեկ անգամ է արվում, որ մարդը ստիպված չլինի մի քանի անգամ պատմել դեպքից, առերեսման հետ կապված կարգավորումներ կան, որոնք մեր օրենսդրությունը չի կարգավորում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն