Հուլիսի 20-ին Երևանի բուսաբանական այգում տեղի կունենա Էլեկտրոնային երաժշտության երեկո՝ «ՇԱՌԺ» վերտառությամբ։
Միջոցառումը կազմակերպվում է YERAFAZZ Production-ի կողմից։
Ինչու՞ «ՇԱՌԺ», ի՞նչն են ցանկանում շարժել։ Մեզ հետ զրույցում YERAFAZZ Production-ի համահիմնադիր Էդգար Ջերեջյանը նշեց, որ միջոցառման անունը ընտրվել է «ՇԱՌԺ», քանի որ ցանկանում են շարունակական միջոցառումներով սկսել մի շարժում, որի նպատակն է փուլային տարբերակով իրականացնել Երևանի Բուսաբանական այգու արևային ինքնաբավ լուսավորության համակարգի ներդնումը։
«Եվ ռիթմի տակ շարժվում ենք և սայլն ենք տեղից շարժում (ծիծաղում է)։ Ինչպես նաև մեծ ցանկություն կա Երևանը դարձնել տարածաշրջանում էլեկտրոնային երաժշտության կենտրոններից մեկը։ Եվ կարծում եմ, որ մեր քաղաքը ունի այդ ներուժը»,-ասում է Էդգարը։
«ՇԱՌԺ»-ի հանրային կապերի կոորդինացնող Մհեր Մինասյանը նշում է, որ YERAFAZZ Production-ը հանդիսանում է Evolution Production-ի օրգանիկ շարունակությունը։
«Այն հանդես է եկել որպես բազմաթիվ կոմերցիոն միջոցառումների կազմակերպիչ՝ Սևանում, Վահագնի թաղամասում, Երևանյան լավագույն ակումբներում՝ հայկական և արտերկրից հրավիրվող հայտնի արտիստների մասնակցությամբ»։
Այս միջոցառումը YERAFAZZ Production-ի կողմից կազմակերպվող առաջին սոցիալական նախագիծն է։
«Որպես սոցիալական բաղադրիչ ունեցող միջոցառում սա առաջինն է։ Միանալով «ՇԱՌԺ»-ին՝ քաղաքացիները անմիջական մասնակիցն են դառնում սոցիալական ուղղվածություն ունեցող շարժմանը, որի գլխավոր նպատակն է համախմբել մարդկանց կարևոր խնդիրների լուծման շուրջ՝ ներգրավելով լավագույն երաժիշտներին, DJ-ներին, արտիստներին և բոլոր գաղափարակիցներին»։
«Որոշվեց կոմերցիոն միջոցառումներ կազմակերպելուն զուգահեռ, կազմակերպել նաև սոցիալական բաղադրիչ ունեցող միջոցառում։ «ՇԱՌԺ»-ը համատեղում է հաճելին կարևորի հետ։ Որոշվեց սկիզբը դնել հենց Երևան քաղաքում։ Բուսաբանական այգին մեր քաղաքում սերունդների կողմից սիրված վայր է, և գաղտնիք չէ, որ այն բարեկարգման կարիք ունի։ Այս միջոցառմամբ փորձում ենք այգուն նոր և ժամանակակից շունչ հաղորդել»,-խոսելով գաղափարի առաջացման մասին՝ նշում է YERAFAZZ Production-ի համահիմնադիր Էդգար Ջերեջյանը։
Պատասխանելով հարցադրմանը, թե արդյո՞ք լուսավորությունը պետության ուղիղ պարտավորությունը չէ, Մհեր Մինասյանը ասում է․ «Եթե խնդրին այդ դիտանկյունից նայենք, ապա կարող ենք ասել, որ բազմաթիվ հարցեր հրատապ լուծումներ են պահանջում։ Սակայն մենք խնդրին այդ տեսանկյունից չենք սևեռվել։ Այս միջոցառմամբ ցանկանում ենք մեր փոքր ներդրումն ունենանալ քաղաքի հանրային տարածքներից մեկի զարգացմանը և քաղաքացիների համար էլ ավելի հետաքրքիր և հասանելի դարձնել այն»։
Խոսելով էլեկտրոնային երաժշտությունն ու մաքուր էներգիայի կապի մասին՝ Էդգար Ջերեջյանը նշում է, որ երկուսն էլ մարդկային զարգացման արդյունք են, և այն, ինչ ունենք մենք այսօր այս ոլորտների հետ կապված, արդի տեխնոլոգիաների կիրառմամբ են հնարավոր դարձել։
«Երկուսն էլ օր օրի զարգացում են ապրում։ Փորձ ենք կատարել կապել երկու ժամանակակից և նորարար ճյուղեր։ Կարծում եմ` այսօր մարդիկ էլ ավելի ուշադիր և հոգատար պետք է լինեն իրենց հանրային տարածքների և առհասարակ բնության հանդեպ։ Արևային ինքնաբավ լուսավորության համակարգը ինքնին ենթադրում է ավելի պատասխանատու մոտեցում բնության հանդեպ։ Մեր տեսլականները միտված են ապագային»։
Շառժին մասնակցում են DJ-ներ Yuzza-ն, Bagratouni-ն, Araqell-ը, Serjo-ն, Gagik Gag Muradyan-ը, Supacooks-ը, Rache-ն: Օրվա հատուկ հյուրն է Ռուսաստանից հայտնի տանդեմ Fake Mood-ը:
«Դրական արձագանքներ կան մեր քաղաքացիների կողմից, ովքեր ողջունում են սոցիալական բաղադրիչ կրող այս միջոցառումը, հույս հայտնելով, որ միջոցառման շարունակականությունը կնպաստի Բուսաբանական այգու զարգացմանը։ Ակնկալում ենք, որ օր օրի կավելանան այս գաղափարին սատարողները և «ՇԱՌԺ»-ի միջոցով կհամախմբվեն բարի նպատակի իրագործան շուրջ»։
«ՇԱՌԺ»-ի գործընկերներն են Finlandia Vodka-ն, Kitchen Recordings-ը,
Մուրացանի Ֆուդ կորտը, Eco Transport-ը, My Trip Travel agency-ն, GIOS-ը։
Կազմակերպիչներն ակնկալում են, որ միջոցառման շարունակական բնույթ կրելու հանգամանքով պայմանավորված ձեռք կբերեն նոր գործընկերներ։
««ՇԱՌԺ»-ը մասնակիցները լավ ժամանցի, էլեկտրոնային երաժշտության սիրահարներ են, նաև քաղաքացիներ, ովքեր հետաքրքրված են միջոցառման սոցիալական բաղադրիչով, ովքեր ցանկանում են իրենց լուման ներդնել այգու զարգացման գործում։ Իսկ ոչ անմիջական մասնակիցներ կարող ենք դիտարկել այն մարդկանց, ովքեր, որոշակի հանգամանքներով պայմանավորված, անձամբ ներկա չեն գտնվելու միջոցառմանը, սակայն իրենց աջակցությունն են հայտնում «ՇԱՌԺ»-ին։
Այգու վերջին դեպքը, անկախ պատճառներից, ցույց տվեց, որ այն ունի մեր հոգատարության կարիքը։ «ՇԱՌԺ»-ը բոլորիս համար է, քանի որ մենք համախմբվում ենք Բուսաբանական այգին էլ ավելի լավը դարձնելու համար»,-ասում է Մհեր Մինասյանը։
Անդրադառնալով ապագայում այլ խնդիրներ տեղաՇԱՌԺելու պլաններին Էդգար Ջերեջյանը նշեց, որ YERAFAZZ Production-ի տեսլականը միտված է ապագային և շատ կարևորվում է «ՇԱՌԺ»-ի շարունակականությունը և ընդգրկունությունը։
««ՇԱՌԺ»-ին միացող, մեզ սատարող ամեն մի քաղաքացի էլ ավելի է ուժեղացնելու այն։ Այն համախմբող է, այնպես որ միացիր ՇԱՌԺմանը»,-նշում է Էդգարը։

