fip.am: Հուլիսի 11-ին մամուլում և սոցիալական ցանցերում տարածվեց ինֆոգրաֆիկա, համաձայն որի՝ 2019-ի առաջին եռամսյակում Հայաստանը Եվրոպայում ՀՆԱ-ի աճով առաջին տեղում է։ Որպես տեղեկատվության աղբյուր նշվում էր Եվրոպական միության վիճակագրական գործակալությունը՝ Eurostat-ը։
Fip.am-ը, սակայն, պարզեց, որ Eurostat-ը չի հրապարակել այդպիսի տեղեկություն։ Ինֆոգրաֆիկան, հավանաբար, կազմվել է վիճակագրական տարբեր գործակալությունների տվյալների հիման վրա։ Ընդ որում, ներկայացված որոշ տվյալներ սխալ են։
Դրանով հանդերձ, Հայաստանը 2019-ի առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճով, իրոք, առաջատարն է եվրոպական երկրների ցանկում։
Սկզբնաղբյուրը և տարածումը
Ինֆոգրաֆիկայում ներկայացված տվյալները համադրել է Անի Պապյան անունով Twitter-ի օգտատերը, որը հրապարակել էր երկրների առաջին տասնյակը և որպես աղբյուր նշել Eurostat-ը։ Սակայն Պապյանը մեկնաբանություններում նշել էր, որ Twitter-ում բառերի քանակի սահմանափակման պատճառով է այդպես արել և բացատրել, որ Eurostat-ի թվերը վերաբերում են միայն ԵՄ անդամ երկրներին, իսկ ոչ ԵՄ անդամ երկրների դեպքում տվյալները վերցվել են համապատասխան երկրների վիճակագրական ծառայություններից։
Անի Պապյանի թվիթերյան հրապարակումից ժամեր անց իշխող Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) կուսակցության ֆեյսբուքյան էջը դրա հիման վրա պատրաստեց և հրապարակեց ինֆոգրաֆիկայի իր տարբերակը՝ որպես աղբյուր նշվելով Eurostat-ը։
Հատկանշական է, որ ՔՊ ֆեյսբուքյան էջի ինֆոգրաֆիկայի մեջ կան մի քանի ճչացող վրիպակներ։ Օրինակ՝ Մոնտենեգրոն նշված է երկու անգամ՝ 17-րդ և 19-րդ տեղերում։ Սխալ են նշված Բոսնիայի և Շվեյցարիայի դրոշները։
ՔՊ ֆեյսբուքյան էջի հրապարակումը գրեթե նույն տեքստով վերահրապարակվել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը: Վերջինիս կայքում նաև հրապարակված է ՔՊ ֆեյսբուքյան էջում զետեղված ինֆոգրաֆիկան։
Արմենպրեսի» հոդվածով իր պաշտոնական էջում կիսվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր էջում է զետեղել ՔՊ ֆեյսբուքյան էջի ինֆոգրաֆիկան։