«Իմ քայլի» պատգամավորներն առաջարկում են վկայի հարցաքննությունը կազմակերպել նաեւ տեսակոնֆերանսի միջոցով |news.am|

news.am: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանն ու Արուսյակ Ջուլհակյանն առաջարկում են լրացում կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, ըստ որի՝ հնարավորություն կտրվի կազմակերպել վկայի հարցաքննությունը տեսակոնֆերանսի միջոցով։

«Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք, համարը` ՀՕ-248 ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 209.1 հոդվածով`

«Հոդված 209.1 Տեսակոնֆերանսի միջոցով վկայի հարցաքննության առանձնահատկությունները

1. Տեսակոնֆերանսի միջոցով վկայի հարցաքննությունը կարող է կատարվել հետեւյալ դեպքերում.

  • եթե վկան առողջական վիճակի կամ այլ հարգելի պատճառներով չի կարող մասնակցել գործով վարույթին,
  • վարույթին մասնակցող վկայի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով,
  • անչափահաս վկայի հարցաքննության կատարման համար,
  • տարեց կամ զառամյալ վկայի հարցաքննության կատարման համար,
  • նախաքննության արդյունավետությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

2. Տեսակոնֆերանսի միջոցով վկայի հարցաքննությունը կատարվում է քննիչի հանձնարարության հիման վրա, որն ուղարկվում է հարցաքննության ենթակա վկայի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմնին` սույն օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:

3. Հանձնարարության հիման վրա վկայի գտնվելու վայրի նախաքննության մարմնի քննիչը կամ հետաքննության մարմինը կատարում է անհրաժեշտ դատավարական գործողություններ` տեսակոնֆերանսի միջոցով վկայի հարցաքննության անցկացումն ապահովելու նպատակով:

4. Տեսակոնֆերանսի միջոցով վկայի հարցաքննությունը կատարվում է սույն օրենսգրքի 206-րդ հոդվածով սահմանված կանոնների պահպանմամբ` հաշվի առնելով սույն հոդվածում շարադրված առանձնահատկությունները, իսկ անչափահաս վկայի հարցաքննության դեպքում` հաշվի առնելով նաեւ սույն օրենսգրքի 207-րդ հոդվածով սահմանված պահանջները:

Հարցաքննությունից առաջ վկայի գտնվելու վայրի նախաքննության մարմնի քննիչը կամ հետաքննության մարմինը ստուգում եւ հաստատում է վկայի ինքնությունը, իսկ գործով վարույթն իրականացնող քննիչը կատարում է հարցաքննությունը: Հարցաքննության կատարման ընթացքում վկայի գտնվելու վայրի նախաքննության մարմնի քննիչի կամ հետաքննության մարմնի աշխատակցի ներկայությունը պարտադիր է:

5. Տեսակոնֆերանսի միջոցով վկայի հարցաքննության ընթացքը եւ արդյունքները ձայնագրվում եւ (կամ) տեսագրվում են տեխնիկական միջոցներով սույն օրենսգրքի 29-րդ հոդվածի կանոններին համապատասխան, իսկ եթե վկան չի առարկում, ապա հաշվի առնելով նաեւ սույն օրենսգրքի 209-րդ հոդվածի 3.1-րդ մասով շարադրված առանձնահատկությունները:

6. Տեխնիկական միջոցների կիրառմամբ տեսակոնֆերանսի միջոցով վկայի հարցաքննության ընթացքում պետք է ապահովվի պատկերի եւ ձայնի պատշաճ որակը, ինչպես նաեւ տեղեկատվական անվտանգությունը:

7. Տեսակոնֆերանսի միջոցով հարցաքննության արձանագրությունը կազմվում է սույն հոդվածով սահմանված կանոնների պահպանմամբ` հաշվի առնելով սույն օրենսգրքի 29-րդ եւ 209-րդ հոդվածներով շարադրված առանձնահատկությունները: Հարցաքննության արձանագրությունը կազմում է վկայի գտնվելու վայրի նախաքննության մարմնի քննիչը կամ հետաքննության մարմինը` նշում կատարելով այդ մասին եւ ստորագրելով:

8. Հարցաքննության արձանագրությունը, վկայի ներկայացրած նյութերը, փաստաբանի արտոնագիրը, եթե վկան հարցաքննության է ներկայացել փաստաբանի հետ, վկայի գտնվելու վայրի նախաքննության մարմնի քննիչը կամ հետաքննության մարմինն ուղարկում է գործով վարույթն իրականացնող քննիչին:

9. Գործով վարույթն իրականացնող քննիչը, ստանալով տեսակոնֆերանսի միջոցով վկայի հարցաքննության արձանագրությունը` կից նյութերով, եւ ստուգելով դրանք, ստորագրում է հարցաքննության արձանագրությունը»:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն