hetq.am: Արագածոտնի մարզի Թալինի ավագ դպրոցի հոգեբան Շուշանիկ Ներսիսյանն օրեր առաջ աշխատանքից ազատվելու ծանուցում է ստացել, ըստ որի՝ օգոստոսի 20-ից նա այլևս չի աշխատելու դպրոցում:
Ուսուցիչը պնդում է, որ իրեն միտումնավոր են ազատում աշխատանքից, քանի որ դպրոցում չարաշահումներ բացահայտողներից է եղել: Տնօրենն ասում է, որ պատճառը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից եկած գրությունն է, ըստ որի՝ ուսուցիչը չունի անհրաժեշտ մասնագիտական որակավորումները:
Նախարարությունից էլ հայտնում են, որ որոշողը տնօրենն է, իրենց գրությունն էլ պարզաբանող բնույթ ունի և աշխատանքից ազատելու հիմք չէ, և առաջարկում են որոշումը դատարանում բողոքարկել:
Շուշանիկ Ներսիսյանն արդեն 8 տարի աշխատում է Թալինի ավագ դպրոցում՝ որպես հոգեբան: Հունիսի 29-ին դպրոցի տնօրենից ծանուցում է ստացել, որ աշխատանքից ազատվելու է: Ասում է՝ այս ծանուցման պատճառն այն է, որ դպրոցի ուսուցիչներով ամիսներ առաջ հանձնաժողով են ձևավորել և մի շարք չարաշահումներ բացահայտել՝ շինարարության, տրանսպորտի, գործուղումների գումար, պարզել, որ կա գրանցված, աշխատավարձ ստացող, բայց գործի չեկող գործավարուհի, որին դպրոցում երբևէ չեն հանդիպել:
«Աշխատավարձերը սովորականից 40 հազար պակասել էին, բոլոր դպրոցներում 120-125 հազար դրամ էր, բայց մեր դպրոցում ցածր էր,- պատմում է Շ. Ներսիսյանը: – Սկսեցին խոսակցությունները թեժանալ, որոշեցինք հանձնաժողով ստեղծել ու պարզեցինք, որ 4,6 մլն դրամից ավելի մնացորդ ունեինք: Օրինակ՝ գործավարուհի չունեինք, բայց հաստիքացուցակով կար՝ անուն-ազգանունով՝ Թորոսյան Գոհար, հաշվապահի հարսն է, բայց իրեն չենք տեսել ընդհանրապես»,- պատմում է Շ. Ներսիսյանը «Գործուղումներին 300 հազար դրամ գրած էր, զարմացած բոլորս իրար ենք նայում, թե՝ լավ, այս ո՞վ է գնացել գործուղման»։
Խնդիրներ են եղել նաև գազի վճարների հետ կապված. նախորդ տարի վարձավճարը եղել է 3,4 մլն, այս տարի՝ հանձնաժողովի բողոքներից հետո, ծախսերը 2 անգամ կրճատվել են ՝ դառնալով 1,6 մլն դրամ։
«Եթե նույն դպրոցն է, անցած տարի ու այս տարի ձմեռը, ինչ տարբերություն, որ այդքան գումարի տարբերություն է տվել։ Պատասխան, իհարկե, չկար, բայց դա ակնառու, երևացող փաստ էր»,- ասում է Շ. Ներսիսյանը՝ հավելելով, որ այդքան տեղեկություն հավաքելուց հետո բոլոր ուսուցիչները զարմացել էին:
«Մեր ուսուցիչներից մեկը վերցրեց, ասեց՝ էս ինչ 600 հազար դրամ է, թվաբանություն է գրած, շինանյութ է գրած, չգիտեմ՝ ինչ ենք արել, մենք այս 3 տարին ոչ մի վերանորոգում չենք արել»:
Շ. Ներսիսյանն ասում է, որ թեև տնօրենն այս ամենից հետո չի կարողացել հիմնավորել նշված ավելորդ ծախսերը, սակայն «խնդիրը որոշել են տնից չհանել», մի ամսում կարգավորել են ծախսերը, թվերը, ինքն էլ կարծել է, որ ամեն ինչ սկսել է շտկվել։
Շ. Ներսիսյանը առաջին կրթությամբ կենսաբան է. մասնագիտական որակավորում ստացել է Երևանի պետական համալսարանի հետբուհական վարչությունում՝ որպես հոգեբան-խորհրդատու, ինչից հետո էլ աշխատանքի է անցել Թալինի դպրոցում:
Վերջերս դպրոցում կայացած մանկավարժական խորհրդի նիստում դարձյալ քննարկվել է ուսուցիչների հաստիքների կրճատման հարցը: Եվ Շ. Ներսիսյանի մասին ևս խոսք է եղել՝ մատնանշելով նրա մասնագիտական որակավորումը:
2013թ. Կրթության տեսչական մարմինը իստուգումներ է իրականացրել, և կասկածի տակ են դրել Շուշանիկ Ներսիսյանի մասնագիտական որակավորումը։ Սակայն վերջինս փաստաթղթային հիմնավորումներ է բերել, որ դա համարվում է որակավորում, տեսչությունն այն հաստատել է, արձանագրությունը կազմել, ինչից հետո Շուշանիկ Ներսիսյանը շարունակել է աշխատել:
Շարունակությունը՝ այստեղ