«Նոր Զովք»-ի աշխատակիցները ծեծի են ենթարկել «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամին

ՀՀԿ-ական նախկին պատգամավորների և Գարեգին Բ-ի անունների հետ ասոցիացվող «Նոր Զովք» սուպերմարկետի ցանցի Նալբանդյան 102 մասնաճյուղը «նզովք» է դարձել հարակից շենքերի բնակիչների համար։

Մեր տեղեկություններով երեկ՝ 25․07․2019-ի երեկոյան 19։00-ի սահմաններում, նշված խանութի աշխատակիցները, որոնց շարքում կրիմինալ և քրեածին պահվածքով առանձնացող դեմքեր են նկատվել, 4-5 հոգով հարձակում են գործել Նալբանդյան 104 շենքի բնակիչների վրա, ընթացքում հայհոյելով 104, ինչպես նաև 106 շենքերի բնակիչներին։ Մասնավորապես «Նոր Զովք»-ի պահեստի և մսի բաժնի աշխատակիցների կողմից բնակիչների հասցեին հնչեցվել են սեռական բնույթի հայհոյանքներ։ Ծագած վիճաբանության և քաշքշուքի արդյունքում հարձակման թիրախ է դարձել տարածքի բնակիչ՝ «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնության անդամ Գրիգոր Ղազարյանը, ում «Նոր Զովք»-ի չորս աշխատակիցների կողմից հասցվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ։

Հարևանների պնդմամբ՝ Զովքի աշխատակիցները ամեն օր իրենց մեքենաներն ու բեռնատարները կայանում են Նալբանդյան 104 շենքի մուտքի մոտ, նույն տեղում կուտակում խանութի ապրանքը՝ փակելով բնակիչների անցուդարձի ճանապարհը, թափում իրենց աղբը ուղիղ շենքի պատուհանների տակ, ստեղծելով հակասանիտարական պայմաններ, ինչպես նաև տարածքում պահում են տնօրեն Հակոբ Սիմոնյանի անձնական, վտանգավոր ցեղատեսակի շանը՝ առանց դնչկալի՝ ահաբեկելով հարակից շենքերի բնակիչներին, այդ թվում նաև անչափահասներին։

Մեր տեղեկություններով՝ վերոհիշյալ հարցերի առնչությամբ պատկան մարմիններին (Քաղաքապետարան, Կենտրոն վարչական շրջան, Ոստիկանություն) բնակիչների կողմից տասնյակ դիմումներ են գրվել, սակայն արձագանքները որևէ կերպ չեն փոխում բացահայտ բեսպրեդելի և ամենաթողության վիճակը։ Ավելին, բնակիչները պնդում են, որ շատ հաճախ «Նոր Զովք» -ի աշխատակիցներն իրենց գործողությունները հիմնավորելու համար ներկայանում են քաղաքային իշխանությունների անունից՝ փորձելով ապացուցել, թե իբր հատուկ արտոնություններ ունեն։

Մնում է հասկանալ այս խայտառակ միջադեպի պատասխանատուների նպատակներն ու առհասարակ բազմապիսի ապօրինություններով աչքի ընկած «Նոր Զովք» սուպերմարկետի հովանավորության և ինքնավստահության հիմքերը։ Ողջ առեղծվածը դժվար թե հնարավոր լինի պարզել մեկ քրեական գործի շրջանակներում։ 

Խստիվ դատապարտում ենք «Նոր Զովք» սուպերմարկետի աշխատակիցների դրսևորած բացահայտ ապօրինի գործելակերպն ու հասարակության համար վտանգավոր վարքագիծը, և ակնկալում ՀՀ իրավապահ մարմինների կողմից համարժեք արձագանք ու հակահարված՝ ի շահ օրինականության վերահաստատման։ Դատապարտելի ենք համարում շահույթ հետապնդող ցանկացած ձեռնարկության կամ բիզնեսի կողմից մեր քաղաքի բնակիչների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բոլոր տեսակի ոտնձգությունները։

 

«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն