a1plus.am: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, անդրադառնալով Հայաստանում խոսքի ազատությանը և լրատվամիջոցներին, ասաց, որ այս տարվա առաջին կիսամյակում գործընթացները բավականին հակասական են։
Մելիքյանը նշում է՝ նոր իշխանություններն ասում են, որ լրատվամիջոցների համար որդեգրել են բաց գործելաոճ, բայց երբ լրագրողները պետական մարմիններին հարցումներ են ուղարկում՝ տեղեկատվություն ստանալու համար, հանդիպում են լուրջ խնդիրների, հետեւաբար՝ վերջին կես տարվա ընթացքում վիճակը վատթարացել է։
Խոսելով իրենց կողմից մշակված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի մասին՝ ԽԱՊԿ-ի նախագահը անդրադարձավ քննադատություններին և ասաց, որ իրենց մշակած օրենքը հանրային քննարկման չի դրվել, քանի որ դեռ նոր են այն մշակել, քննարկման փուլը նոր պետք է սկսվի։ Նոր օրենքով՝ լրատվամիջոցները պետք է բաց ներկայացնեն, թե ով է լրատվամիջոցի սեփականատերը․
«Սուր ներքաղաքական պայքարի պայմաններում, երբ լրատվամիջոցները ստիպված են լինում, ֆինանսական վիճակից ելնելով, քաղաքական հովանավորչությունից օգտվել, դառնում են քաղաքական համակարգի մաս, և ավելի է ընդգծվում լրատվամիջոցների բևեռվածությունը»,- ասաց Աշոտ Մելիքյանը՝ ավելացնելով, որ տարիներ շարունակ Հանրային հեռուստաընկերությունը հաճոյացել է գործող իշխանություններին։ Նա պնդում է, որ Հանրայինը ունի վատ ավանդույթներ, որոնք պետք է վերացվեն․
«Հանրայինը պետք է էտալոն լինի, իսկ մենք ունենք վատ ավանդույթներ։ Մարդը չի կարող հեղափոխության սկզբում ծաղրանքով խոսել դրա մասին, իսկ հետո՝ հաղթանակի մասին՝ հաճույքով»,-ասում է նա՝ ավելացնելով, որ դա վստահություն չի ներշնչում։
Հանրային հեռուստաընկերության քաղաքականության մեջ Աշոտ Մելիքյանը առանձնացնում է այն, որ «Սերժ Սարգսյան անունը պարզապես փոխարինվեց Նիկոլ Փաշինյան անվամբ»։