Լավ դասագրքեր ունենալով՝ կկարողանանք փակել վատ մասնագետի խնդիրը. փորձագետ |pastinfo.am|

pastinfo.am: Այս պահին տեղի են ունենում բոլոր առարկաների չափորոշիչների և ծրագրերի վերանայումներ, որին կհաջորդի նոր դասագրքերի հրատարակումը։ Դա մոտավորապես կտևի 2 տարի։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Նրա խոսքով նոր սերնդի դասագրքերի ստեղծման ուղղությամբ արդեն տարվում են որոշակի գործողություններ. ««Զանգակ» հրատարակչությունը մի քանի օր առաջ ներկայացրեց գրականության դասագրքի նոր մոդել։ Նրանք նախատեսում են ունենալ դասագիրք, որտեղ կկիրառեն աշակերտի մտածողության հմտությունները զարգացնող առաջադրանքներ», – ասաց փորձագետը։ Նա կարևորեց դասագրքերի դերը՝ նկատելով, որ այն ինչ-որ չափով կրթության մեջ առկա անհավասարությունները հաղթահարելու գործիք է։ Փորձագետն ընդգծեց, որ եթե դպրոցի ուսուցիչը բարձր մակարդակի ուսուցիչ չէ, ապա դասագիրքը կարող է փոխհատուցել դա։

«Երևանի կենտրոնում գտնվող դպրոցը և սահմանին գտնվող փոքրաքանակ աշակերտներ ունեցող դպրոցը ուսուցիչների պարագայում, գիտենք, որ հավասար չեն։ Եթե լավ դասագիրք ունենանք, ինչ-որ չափով կկարողանանք փակել վատ մասնագետի խնդիրը», – ասաց կրթության փորձագետը։ Նա ավելացրեց, որ առաջիկա տարիներին որոշ առարկաների ուսուցիչների լուրջ խնդիր ենք ունենալու։

«Այս տարի Մանկավարժական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ ընդունվել է ընդամենը 2 հոգի, քիմիայի ֆակուլտետ ընդամենը 2 հոգի։ Սա նշանակում է, որ առաջիկայում լուրջ խնդիր ենք ունենալու», – նշեց Սերոբ Խաչատրյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն