Կարեն Գրիգորյանի մասնակցությամբ կատարվել է առերեսում, հարցքաննություններ, նրա անունը շահարկում են. պաշտպան |tert.am|

tert.am:  Կարեն Գրիգորյանի մասնակցությամբ կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննություններ, առերսում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը՝ հավելելով, որ Կարեն Գրիգորյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

«Նշեմ, որ Կարեն Գրիգորյանին վերագրվող մեղադրանքը Գրիգորյանների ընտանիքին հետապնդելու գործողություններից մի մասնիկ է, սերիալի շարունակություն, բայց պետք է վերջ դնել այս ամենին, սերիալի կուլմինացիան անցել է»,-ընդգծեց նա:

Արսեն Մկրտչյանն ընդգծեց, որ մեղադրանքի հիմքում իրական փաստեր չկան, նախաքննական մարմնի երևակայության արդյունքն է:

«Նախաքննության փուլում շատ մանրամասներ չեմ կարող բացահայտել, բայց հիմնական և գլխավոր դիրքորոշումը հետեւյալն է՝ Կարեն Գրիգորյանը որևէ առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքների հետ, նրա անունը միտումնավոր շահարկում են»,-ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն նոր մեղադրանք է առաջադրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի որդուն՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին:

Ըստ Քննչական կոմիտեի՝ 2015-ից մինչև 2018 թվականը մի շարք անձինք որպես աշխատող են գրանցվել Էջմիածնի համայնքապետարանում, սակայն աշխատանքի չեն հաճախել և, փաստացի զբաղված լինելով, այլ աշխատանքով համայնքային բյուջեից ստացել են աշխատավարձ:

Մասնավորապես, Կարեն Գրիգորյանը Երկրապահ կամավորականների միության և իրենց տան աշխատակիցներին գրանցել է համայնքապատկան հիմնարկներում և համայնքի բյուջեից աշխատավարձ վճարել։ Օրինակ, աշխատակից է գրանցել իր ընտանիքի վարորդին կամ հոր՝ Մանվել Գրիգորյանին պատկանող տան կենդանիներին խնամող անձին և թիկնապահին:

Այս ամենից բացի Կարեն Գրիգորյանի անչափահաս երեխաները ներառվել են Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակիցների բժշկական ապահովագրության ծառայությունների մատուցման փաթեթում:

Կարեն Գրիգորյանը նաև մեղադրվում է Մանվել Գրիգորյանի և մի շարք այլ անձանց հետ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն