tert.am: Մենք երբեք չենք վերահսկել արտաքին պարտքը, և եթե այս կերպ գնա, ուրեմն վտանգներ կան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը` անդրադառնալով արտաքին պարտքի խնդրին:
«Կառավարության նեղ շրջանակներից ոչ մեկին հասու չի եղել տեղեկությունը, թե իրականում ինչ նպատակների համար է ծախսվել արտաքին պարտքը, բացի նրանից, թե ինչի համար են վերցվում դրանք: Պատասխանատվությունը, թե որքան գումարներ են մսխվել մինչև օրս, ոչ մեկ չի կրել»,-ասաց նա:
Թաթուլ Մանասերյանը նշեց, որ պետք է փոխվի արտաքին պարտք վերցնելու մոտեցումը և դրա նպատակահարմարությունն իրապես պետք է սահմանի Ազգային ժողովը, ոչ թե կառավարությունը:
«Կարծում եմ, որ ներկայիս կառավարությունը այստեղ բավականին անելիք ունի` փոխելու գործեալոճը, որի համար պետք չէ օրենք փոխել, քանի որ այդ օրենքները կան, բայց չեն օգտագործվում։ Պետք է մեծացվի Ազգային ժողովի դերը և ոչ թե դակիչի պես վավերացնեն այս կամ այն պայմանագիրը։ Կառավարությունը իրեն պետք է նեղություն տա` ներկայացնի անհրաժեշտությունը, դա քննարկվի, ապա ԱԺ-ն կարող է հավանություն տալ կամ չտալ: Քանի որ վերցնում է կառավարությունը, իսկ պատասխանատվությունը կրում է ժողովուրդը, նաև Ազգային ժողովը»,-ասաց նա:
Տնտեսագետը նշեց, որ ընդհանուր առմամբ 60 տոկոս թույլատրելի սահմանը արտաքին պարտքի դա արժույթի միջազգային հիմնադրամի մեթոդաբանությամբ հաշվարկված առաջարկվող ուղենիշային ցուցանիշ է տարբեր երկրների համար, որն ինքը սխալ ցուցանիշ է համարում: «60 տոկոսը, կարծում եմ, որ միջազգային կառույցները իրենք իրենց համար են սահմանել, որ դրա արդյունքում կարողանան վերահսկելի դարձնել ծախսած ռեսուրսների վերադարձը»,-ասաց նա: