ԱՄՆ գործող նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ։ Ծնվել է 1946թ. հունիսի 14-ին։
1968 թվականին ավարտել է Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի դպրոցի տնտեսագիտության բակալավրիատը։
1971 թվականին ժառանգել է հորը պատկանող անշարժ գույքի և բնակարանային շինարարության ընկերությունը, կարճ ժամանակ անց այն վերանվանելով «The Trump Organization»։ 1996-2015 թվականներին հանդես է եկել «Միսս ԱՄՆ» գեղեցկության մրցույթի ժյուրիի կազմում՝ տվյալ ժամանակահատվածում հանդիսանալով նաև տվյալ նախագծի սեփականատերը։ Կամեո ձևաչափով նկարահանվել է բազմաթիվ հեռուստաշոուներում և գեղարվեստական ֆիլմերում։ 2000 թվականին ուժերն է փորձել ԱՄՆ նախագահական ընտրություններում, սակայն մասնակցության հայտը ետ է վերցրել քվեարկության նախօրեին։ Լայնամասշտաբ ճանաչման է հասել նաև «NBC»-ի հեղինակային «Աշակերտը» ռեալիթի հեռուստաշոուից, որի ժամանակ մասնակիցները պայքարում էին Թրամփի մոտ աշխատանքի անցնելու համար (2004-2015)։ 2016 թվականին «Ֆորբս» պարբերականի կողմից ճանաչվել է աշխարհի 324-րդ և ԱՄՆ-ի՝ 156-րդ ամենահարուստ անձ։ 2016 թվականի հոկտեմբերի դրությամբ՝ Թրամփի կարողությունը գնահատվում է 3,7 միլիարդ ԱՄՆ դոլար։
2015 թվականի հունիսին Թրամփը հայտարարում է ԱՄՆ նախագահական ընտրություններում մասնակցության մասին՝ արագորեն դառնալով Հանրապետական կուսակցության առաջադիրը։ 2016 թվականի մայիսին մնացած հանրապետական թեկնածուների մասնակցության դադարեցումից հետո, Թրամփն ի վերջո պաշտոնապես դառնում է ընտրություններում գլխավոր հանրապետական թեկնածուն։