Եթե տնտեսության մեջ մոնոպոլիաների, օլիգոպոլիաների գերիշխանությունը շարունակվի, հակակոռուպցիոն քայլերը բավարար չեն լինի. Վարուժան Հոկտանյան |tert.am|

tert.am: ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում այս անգամ անդամների կառուցվածքի փոփոխություն է տեղի ունեցել, ընդգրկվել են նոր հաստատություններ, նախկինում մասնակցություն ունեցող մի շարք հաստատությունների, հնաբնակներ էլ չկան:

Այս մասին ասաց «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը` հավելելով, որ հակակոռուպցիոն խորհրդում ներգրավելու հայտ ներկայացրել են:

«Չկան, օրինակ, Հանրային խորհրդից, Համայնքների միությունից, Հակակոռուպցիոն կոալիցիան, որը ուներ մշտական տեղ, հիմա չունի: Մի քանի այդպիսի փոփոխություններ կան»,- տեղեկացրեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում ներգրավման վերաբերյալ հայտերը կազմակերպությունները պետք է ներկայացնեին մինչև հուլիսի 11-ը: Խորհրդում ընդգրկվելու համար հայտ են ներկայացրել «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը», «Մեհրաբյան գիտաուսումնական կենտրոն» ՀԿ-ն, «Հայկական հոգեբուժական ասոցիացիան», «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն։

Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ եթե տնտեսական հեղափոխություն չեղավ, ոչ մի քաղաքական կամք, խորհուրդ, կոմիտե, այլ մարմին չի բավարարի կոռուպցիան հաղթահարելու համար:

x